Գրագողության դեպք է հայտնաբերվել․ ԲՈԿ-ը հրավիրում է քննարկում

Գրագողության դեպք է հայտնաբերվել․ ԲՈԿ-ը հրավիրում է քննարկում

Բողոքները, ահազանգերը գիտության ոլորտում տիրող գրագողության դեպքերի մասին հասել են Բարձրագույն որակավորման կոմիտե։ 
Եվ ԲՈԿ-ն էլ հունիսի 20-ին Հայկական պետական մանկավարժական համալսարանում հրավիրել է բաց քննարկում՝ բուհում գործող հոգեբանության մասնագիտական խորհրդում պաշտպանած ատենախոսության շուրջ աղմուկ բարձրացրած հարցը քննարկելու համար։ 
Ինչո՞ւ հանկարծ ԲՈԿ-ը որոշեց նման քննարկում կազմակերպել, ի՞նչ ակնկալիքներ ունի այդ քննարկումից։

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը մեզ հետ զրույցում նշում է, որ հոգեբան Սամվել Խուդոյանը հայտարարել է, թե ատենախոսության մեջ կա գրագողություն եւ ուղարկել փաստեր։
«Մենք այդ փաստերն ուղարկեցինք մասնագիտական խորհուրդ, մասնագիտական խորհրդում  եղավ պաշտպանություն, իրենք միաձայն կողմ էին քվեարկել՝ մեկ դեմով։ Եվ գործը եկավ մեզ մոտ։ Քանի որ կան մասնագիտական հակասություններ, մենք ուզում ենք բաց քննարկում կազմակերպել, հասկանալ խնդիրը։ Դա համակարգային խնդիր է, միշտ այդ հարցերը լինում են»,- ասաց Սմբատ Գոգյանը՝ հավելելով, որ քննարկումը վերաբերելու է թեկնածուական ատենախոսությանը։

Հետաքրքրվեցինք, թե իր պաշտոնավարման ընթացքում գրագողության հետ կապված քանի՞ ահազանգ է եղել, որոնց հետքերով փորձել է գնալ ԲՈԿ-ը։ 
«Գիտե՞ք, թե ինչն է հետաքրքիր։ Երբ գրագողության դեպք է լինում, մեզ տեղյակ են պահում, մենք խորհրդի նախագահին, գիտքարտուղարին հարցնում ենք՝ իմանալու, թե ինչ վիճակ է տիրում, մի քանի օր հետո պարզվում է, որ գործը պաշտպանությունից հանել են։ Այսինքն՝ շատ հարցեր մեզ արդեն չեն հասնում»,- նշեց Գոգյանը։ Ահազանգողներն էլ կարող են լինել տարբեր անհատներ, գիտնականներ։ 

Իսկ ինչպե՞ս, ի՞նչ մեխանիզմներով է հնարավոր կանխել գրագողությունը։
Սմբատ Գոգյանը հավաստիացնում է․ «Սեպտեմբեր-հոկտեմբերից կլինեն նոր կարգերը, նոր ձեւի վերահսկողություն, արդյունավետ կպայքարենք»։