Նախարարին չեմ դիմել պատվավոր կոչման համար, անհամեստ մարդ չեմ 

Նախարարին չեմ դիմել պատվավոր կոչման համար, անհամեստ մարդ չեմ 

Երեկ տեղեկացրել էինք, որ ՊԵԿ արտագնա ստուգումների բաժնի պետ Հմայակ Ղարագյոզյանի հայր Վանդոս Ղարագյոզյանը, ով պարզվում է՝ Լոռու  Ծանրամարտի ֆեդերացիայի Լոռվա մարզի 1-ին տեղակալն է, միազգային բարձրագույն կարգի մրցավար,  դիմել է սպորտի նախարարին՝ իրեն պատվավոր աշխատողի կոչում շնորհելու համար։

 Պարոն Ղարագյոզյանը, այսօր եկել էր  Hraparak.am-ի խմբագրություն և վրդովված ասում էր, որ իր  համար անպատվաբեր ու վիրավորական է ինքն իրեն պարգևտրելու համար ինչ-որ մեկին դիմելը։ Ոչ  էլ ինքն է անհամեստ մարդ։ 

«Ես չեմ դիմել որևէ հարցով։ Նախարարի հետ ես խոսել եմ ծանրամարտի մասին ու իմ գրքերի մասին»,-ասաց նա։
Նշենք, որ, գոնե  կառավարության կայքում տեղադրված ներքին փաստաթղթերի համաձայն՝ Վանդոս Ղարագյոզյանը դիմել էր նախարարին ինքն իրեն պարգևտրելու խնդրանքով։ Պարոն Ղարագյոզյանը խմբագրությունից զանգահարեց նախարարություն և պնդեց, որ ինքը չէր կարող նման խնդրանքով դիմել։ 
 Հարցին, թե դե՞մ է, որ իրեն պատվավոր կոչում տան, վերջինս ասաց․ «Ես կարիք չունեմ խնդրելու։ Ես մի շարք այլ կոչումներ ունեմ, ես ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ եմ, սա, ի դեպ, ստացել եմ 20 տարի առաջ։ Եվ 2007-ին՝ ֆիզիկայի և սպորտի վաստակավոր գործիչ»։