Փաշինյանի քաղաքական պանիխիդան

2020 թվականի նոյեմբերին, Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Շուշին դժգույն, դժբախտ քաղաք է եղել»: Այս նախադասությամբ նա արտահայտեց հետագա ծրագրերի ողջ հերթականությունը՝ մեզ պե՞տք են սկզբունքով։
Մանկատան մի երեխայի խոսքն եմ հիշում, երբ անընդհատ ասում էր, որ ինքը դժբախտ է։ Ու, գիտե՞ք՝ ինչու։ Երբ ասում էի, որ նրա մայրը աղքատ է եղել ու չի կարողացել պահել իրեն, ասում էր․ «Մայր ունենալն ինձ համար հաց էր»։ Ո՞նց չասես՝ թշնամուն հանձնելուց հետո Շուշին դարձավ դժբախտ ու դժգույն։ Կարևոր չէ, թե ինչ հանդերձանք են հագցնում նրան, եթե նա լեզու ունենար, կասեր՝ երջանիկ էի, երբ Մայր Հայաստանիս հետ էի։
Թեկուզ ցնցոտիներով, աղքատ, բայց մորս հետ լինեի։ Շուշին դժբախտ չէր, բայց ա՜յ Փաշինյանը դժբախտ ու դժգույն է։ Ուշադիր հետևում էի Հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսին նրա երևութական ներկայությանը, փորձում հասկանալ, թե ինչ չափի ողբալի է դարձրել Հայաստանը։ Չէ՞ որ, ոչ բարով, նա ներկայացնում է մեր երկիրը, չնայած ռուս լրագրողն անգամ շփոթում է որ նա Հայաստանի ղեկավարն է։ Սեփական երկրին այդքան ցավ պատճառողին, խոցողին, թշնամու սրտով անողին բանականությունն անգամ ընդդիմանում է կոչել Հայաստանի ղեկավար։ Գուցե չպատկերացնեք, բայց ես նրա ցանկացած շփման ժամանակ Դուրյանի Տրտունջքից որևէ տող էի հիշում․
Ո՜հ, կը դողդոջեմ, դժգույն եմ, դժգո՜ւյն,
Փըրփըրի ներսըս դըժոխքի մ՚հանգոյն…
Հաղթանակի զորահանդեսին Փաշինյանն այնպես էր մասնակցում, ասես իր քաղաքական պանիխիդան լիներ։ Նայեք ցանկացած դրվագ ու կտեսնեք, որ նա քաղաքական առումով կենդանության որևէ նշույլ չէր ցուցաբերում։ Ուղղակի պանիխիդա էր։ Պանիխիդայի ժամանակ հանգուցյալին չեն ցավակցում։ Գուցե դա էր պատճառը, որ նրա վրա ուշադրություն չկար։
Կարծիքներ