Գործարկվել են էլեկտրոնային մատյաններ. շուրջ 600 սարքավորումներ տրամադրվել են մարզերին

Գործարկվել են էլեկտրոնային մատյաններ. շուրջ 600 սարքավորումներ տրամադրվել են մարզերին

Տեսադասերը ոչ միայն հասանելի են Հանրային հեռուստաընկերությամբ, այլ նաև համագործակցություն կա մարզային մի քանի հեռուստաընկերությունների հետ։ Այս մասին քիչ առաջ հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ տեղեկություններ են ստանում, որ մարզերում սարքավորումների, համակարգիչների բացակայության խնդիր կա և այսկերպ՝ ուսումնական պրոցեսի մեջ ներգրավելով նաև մարզային հեռուստաընկերություններին, փորձում են հարցին լուծում տալ։

Անդրեասյանը նշեց, որ համակարգիչների բացը լրացնելու հետ կապված ևս քայլեր ձեռնարկվում են։

«Նախաձեռնություն ենք հանդես բերել և այս տարվա մարտի 29-ից Երևանի Խաչիկ Դաշտենցի անվան համար 114 ավագ դպրոցում ընդունում ենք սարքավորումներ, համակարգիչներ։ Արդեն իսկ հավաքագրել ենք շուրջ 600 սարքավորումներ։ Դրանք և համակարգիչներ են, և պլանշետներ և բջջային հեռախոսներ։ Ի դեպ, դրանց զգալի մասը ամբողջությամբ նոր է։ Սրանք մենք նվիրաբերել ենք հենց մարզերին»,- ասաց փոխնախարարը։

Ժաննա Անդրեասյանը նշեց նաեւ , որ  մարտի 26-ից գործարկվել են էլեկտրոնային, օնլայն մատյաններ, որոնք հնարավորություն են տալիս արձանագրել՝ ինչպիսի աշխատանք են կատարում ուսուցիչները, ինչպես են առհասարակ անցկացվում դասընթացները։ Ուսուցիչների 80 տոկոսն արդեն, ըստ փոխնախարարի, արդեն գրանցված են վերոնշյալ մատյաններում։

Անդրեասյանը ասաց նաեւ , որ մարզերից ստացված տեղեկությունների համաձայն՝  հեռավար կրթության գործընթացում ունեն ավելի քան 80 տոկոսի մասնակցություն, խոսքը, ըստ փոխնախարարի,  աշակերտական համակազմի մասին է։