Ավելի քան ծիրան

Ավելի քան ծիրան

Պատահական համընկնո՞ւմ էր, արդյոք, որ հենց Մինսկում տեղի ունեցող ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարների հանդիպման օրը ՌԴ մայրաքաղաքում և մի շարք խոշոր քաղաքներում պայթեց հայկական ծիրանի սկանդալը: Շատ հետաքրքիր բան տեղի ունեցավ, փաստորեն:

Պարզվեց, որ ԵԱՏՄ անդամ երկրների առևտրին կարող են միջամտել ոչ անդամ երրորդ երկրից ժամանած ինչ-որ գաստրաբայտերներ, այն էլ այն պահին, երբ ԵԱՏՄ անդամ երկրների կառավարությունների ղեկավարները, մեկը մյուսին գովելով, խոսում են ԵԱՏՄ-ի ընձեռնած մեծ հնարավորությունների ու փոխշահավետ գործակցության մասին: Եվս մեկ հարց՝ ինչո՞ւ սկանդալի կիզակետում հայտնվեց հենց հայկական ծիրանը, եթե հայտնի է, որ ադրբեջանցի մրգավաճառները Ռուսաստանում կոնֆլիկտներ ունեն նաև միջինասիական երկրներից էկոլոգիապես մաքուր միրգ ու բանջարեղեն մատակարարող գործարարների հետ:

Բացառված չէ, իհարկե, որ ադրբեջանցի գաստրաբայտերների «անտիծիրան» օպերացիան ուղղորդված էր Բաքվից և հետևանք էր հայ-ադրբեջանական վերջին սահմանային բախումների: Այսուհանդերձ չի կարելի ամեն ինչ բացատրել հենց այդ բախումներով, որովհետև առևտրային հարցերում միշտ չէ, որ պետական քաղաքականությունն է որոշում ամեն ինչ: Ո՞ւմ հայտնի չէ, որ նույնիսկ թուրքական ապրանքների վրա սահմանված էմբարգոյի ամենաթունդ օրերին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ՌԴ այլ քաղաքներում ադրբեջանցի գաստրաբայտերները թուրքական միրգ ու բանջարեղեն էին վաճառվում՝ փաստաթղթերում նախապես աղավաղելով դրանց ծագումնաբանությունը:
Ասվածից կարելի է թերևս եզրակացնել, որ Բաքուն ռուսաստանաբնակ ադրբեջանցի գործարարների միջոցով փորձեց ապտակ հասցնել ԵԱՏՄ երկրների ղեկավարներին և ցույց տալ, որ առանց այդ կառույցին մասնակցելու էլ Ադրբեջանը կարող է հարցեր կարգավորել կառույցի ներսում: Այս տեսանկյունից հայկական ծիրանի պատմությունը պետք է հետևություններ անելու առիթ տա ԵԱՏՄ անդամ երկրներին, որովհետև ադրբեջանցիների առաջացրած խնդիրը պարզորոշ ցուցադրում է Եվրասիական տնտեսական միության ներքին խարխուլ վիճակը: Հույս կա, իհարկե, որ հայկական մրգերի՝ դեպի ԵԱՏՄ երկրներ և մասնավորապես Ռուսաստան արտահանման հարցը կկարգավորվի, բայց պետք է նաև, որ այն վերջնականապես լուծում ստանա, ինչը բխում է ոչ միայն Հայաստանի, այլև հենց Ռուսաստանի շահերից, եթե այնտեղ հայկական էկոլոգիապես մաքուր պտուղ-բանջարեղենը նախընտրում են քիմիկատներով զանգվածաբար աճեցված թուրքական և ադրբեջանական ապրանքներից:

Այս ուղղությամբ լուրջ անելիք ունեն նաև ՀՀ հեղափոխական իշխանությունները: Արտահանման ոլորտը, թույլ տվեք ասել, գտնվում է բարձիթողի վիճակում: Ամեն ինչ ընկած է հայ գործարարների ուսերին: Այդ նրանք պետք է արտահանման ուղիներ գտնեն, վաճառքի շուկաներ հայտնաբերեն և իրացնեն Հայաստանում աճեցված բերքն ու բարիքը: ՀՀ իշխանությունները, փոխանակ աջակցելու, մի բան էլ խոչընդոտում են արտահանողներին, իրենց վարած անհեռատես քաղաքականությամբ պատճառ դառնում նորանոր տնտեսական խնդիրների ի հայտ գալուն: Դիցուք՝ Մոսկվայում ՀՀ դեսպանի անխոնջ ջանքերով փակեցին ՀՀ դեսպանատանը կից առևտրային կազմակերպությունը, որ ՌԴ մայրաքաղաքի իշխանությունների հետ համագործակցաբար քաղաքի տարբեր հատվածներում, ինչպես նաև հայտնի ВДНХ-ի «Հայաստան» տաղավարում կազմակերպում էր հայկական ապրանքների տոնավաճառներ և շնորհանդեսներ՝ զուգահեռաբար աշխատատեղեր ապահովելով նաև Մոսկվայում ապրող մեր ձեռներեց հայրենակիցների համար: Ո՞վ է պատասխան տալու սրա համար: Ո՞վ է այսօր Ռուսաստանում ավելի լավ կազմակերպելու հայկական ապրանքների գովազդը: Ի վերջո ամեն ինչ ծիրանով չի ավարտվում, և Հայաստանում էլ միայն ծիրան չի արտադրվում: Մոսկովյան հսկա հիպերմարկետների համար Հայաստանի մեկ տարվա ողջ արտադրանքն սպառելը մեկ-երկու ամսվա գործ է, եթե իհարկե այն կազմակերպվի ինչպես հարկն է և վերահսկվի պատկան մասնագիտական կառույցների կողմից: Բայց մենք քաղաքական խաղերի արդյունքում փակում ենք մեր ունեցած այդ կառույցը:

Մոսկվայի շուկաներում ադրբեջանցի կանայք այսօր էլ երկու տեսակի ծիրան են վաճառում՝ մեկը՝ թանկ, մյուսը՝ էժան: Հարցրեք պատճառը և նա ժպտալով կասի, որ թանկը հայկական ծիրան է: Մի շտապեք հավատալ: Անպայման համտեսեք և կհամոզվեք, որ «բաջին» խաբում է ձեզ: Նա համեմատաբար խոշոր և գեղեցիկ մրգերը ջոկել և հայկականի տեղ է վաճառում՝ մյուսներից մինչև 5,6,7 անգամ թանկ գնով: Ինչո՞ւ, օրինակ, լայն քարոզչություն չծավալել մոսկվացիների շրջանում և նրանց մտածելու օրգանին չհասցնել ադրբեջանցիների այս մանր խուլիգանությունը, ինչո՞ւ մեգապոլիսի բնակիչներին խորհուրդ չտալ էկոլոգիապես մաքուր հայկական բերքուբարիքը գնել հայ վաճառողից կամ հայկական կազմակերպություններից: Ո՞վ պետք է աներ, ո՞վ պետք է քարոզեր, եթե ոչ Հայաստանի առևտրային կազմակերպությունները:

Տխրահռչակ Արման Բաբաջանյանը «ծիրանգեյթի» այս պատմության մասին հաջողեցրեց իր ֆեյսբուքյան էջում գրել տառացիորեն հետևյալը. «Մոսկվայի հայերը հիացնում են: Իրենց աննախադեպ ինքնակազմակերպվածությամբ նրանք մարտահրավեր են նետում Հայաստանի ինքնիշխանության հակառակորդներին և նախկին ռեժիմի կամակատար ռուսահայ քրեաօլիգարխիային»: Ոչինչ որ ռուսահայ և հայ «քրեաօլիգարխիան» ի վերջո արձագանքեց տեղի ունեցած խայտառակությանն ու կազմակերպեց Հայաստանից Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ հասցված ծիրանի վաճառքը, բայց ինչպե՞ս է մտածում պատգամավոր կոչեցյալը, երբ հիացական բացականչություններ է արձակում Մոսկվայի հայերի «ինքնակազմակերպվածության» մասին: Այդ մարդիկ, ինչ է, ամեն անգամ պետք է Մոսկվայի մատույցներում հերթապահե՞ն, թե երբ է Հայաստանից հերթական «ֆուռը» տեղ հասնելու: Եվ ապա՝ այդ ի՞նչ ինքնիշխանության մասին է խոսում Բաբաջանյան երևույթը, եթե Հայաստանի իշխանությունը չի կարողանում մի քանի բեռնատար ծիրան մտցնել դաշնակից երկրի շուկա: 
Ի՞նչ խորհուրդ տամ Արման Բաբաջանյանին: Փաշինյան Նիկոլի հետ գնացեք Մոսկվայում փողոց փակեք, գուցե մի բան ստացվի…