Գիտական աշխատանքներում կան բազմազան բացթողումներ ու անճշտություններ     

Գիտական աշխատանքներում կան բազմազան բացթողումներ ու անճշտություններ      

Գիտահետազոտական աշխատանքների գիտականությունը որոշելու համար սկզբունքորեն հաշվի են առնվում տվյալ աշխատանքի կառուցվածքը, բովանդակությունը, նյութերի անթերի շարադրանքը, հեղինակի վերլուծական կարողությունները, նորարարական մոտեցումները: Դրանց հետ շաղկապված՝ առանցքային դեր ու նշանակություն ունի նաև գիտական ապարատը, որը ձևավորվում է թեմայից (ուսումնասիրման օբյեկտից) բխող հեղինակ(ներ)ի որոնողական աշխատանքի արդյունքում
  

 Անհրաժեշտ է նշել, որ գիտական՝ մատենագիտական ապարատը ոչ միայն բազմալեզու աղբյուրների արտացոլում է՝ ցույց տալու գրականության քանակական կազմը, այլև հաղորդակցության աստիճանը՝ բացահայտելու հղումներ կատարելու հեղինակ(ներ)ի մատենագիտական ունակությունները: Սրանք խիստ կարևոր չափանիշներ են ցանկացած հետազոտական աշխատանք կատարող անհատի (անկախ ազգային պատկանելիությունից և մասնագիտական ոլորտից) համար, որոնցով էլ որոշվում է տվյալ աշխատանքի լիարժեքությունը:
  

 Այդ տեսանկյուններից, սակայն, ուսումնասիրությունը ցույց է տվել, որ բազմաթիվ աշխատանքներում (ավարտական, մագիստրոսական թեզեր, ատենախոսություններ և գիտական այլ հրապարակումներ) կան բազմազան բացթողումներ ու անճշտություններ, որոնք չեն համապատասխանում ժամանակակից գիտության ու կրթության զարգացման պահանջներին: Հատկապես խոսքը վերաբերում է տպագիր հրատարակություններից (գրքեր, ամսագրեր, թերթեր, ժողովածուներ և այլն) կատարված հղումներին: Օրինակ՝
   

• Գիտահետազոտական աշխատանքներին կից տրվում է գրականության մատենագիտական ցանկ, որոնց մասին ամբողջությամբ (կամ ընդհանրապես) չի խոսվում աշխատանքում, ինչը անընդունելի մոտեցում է՝ չապահովելով տվյալ թեմայի բովանդակության ներքին կապերի օրինաչափությունը:
 

  • Հեղինակների, գրքերի վերնագրերի և համապատասխան կետադրական նշանների վերաբերյալ գրադարանագիտական-մատենագիտական նկարագրություններում նկատվել են անճշտություններ, սխալ գրանցումներ, այդ թվում՝ գրքերի անուններն առնելով չակերտների մեջ:
 

  • Բացթողումներ կան գրքերի հրատարակման վայրերի, թվականների, նրանց ընդհանուր էջերը կամ նրանցից օգտված համապատասխան հատվածների էջերը ճշգրիտ չնշելու հարցերում, որոնք կարող են վկայել տեղեկատվական աղբյուրների մասին հետազոտող(ներ)ի անտեղյակության մասին:
   

• Դիտարկումները ցույց են տվել, որ անճշտություններ ու բացթողումներ կան նաև պարբերական հրատարակությունների մատենագիտական նկարագրությունների դեպքերում, որոնք նույնպես կարևոր տեղ են զբաղեցնում գիտահետազոտական-վերլուծական աշխատանքներում:
   

• Հստակ չեն հոդվածները ամսագրերից, թերթերից ու ժողովածուներից բաժանելու նշանները (ամենուր անհասկանալիորեն դրված են ստորակետներ): Բացի այդ, մատենագիտական նկարագրություններում տեղ են գտել հրատարակչություններից փոխանցված և իրար հակադիր (գուցե և համազոր) «թիվ», «№», «Հ» (համար) նշաններ, որոնցից պետք է ընտրվեր մեկը, դիցուք «№»-ը՝ պահպանելով չափորոշիչների միասնականության կարգը: Այլապես՝ թե' հումանիտար, թե' բնագիտական և թե' տեխնիկական գիտությունների տեղեկատվական օբյեկտների մատենագիտական արտացոլումները մշտապես կգտնվեն անորոշության մեջ՝ պահանջելով հետադարձ լուծում:
   

• Վիճարկելի են նաև ճյուղային գիտությունների մեջ էլեկտրոնային-տեղեկատվական բազմալեզու աղբյուրներից («էլեկտրոնային փաստաթղթերից») կատարված հղումները, որոնց օբյեկտիվությունը մեծ հաշվով «որոշված չէ»: Հարցը նրանում է, թե արդյոք դրանց արժանահավատությունը համապատասխան գիտական կենտրոնների կողմից կամ մասնագետների համաձայնությամբ են հաստատվել: Որովհետև գաղտնիք չէ նաև, որ «տեղեկատվական ռեսուրսների թվայնացման» գործընթացների գերակշիռ մասը կատարվում է հեղինակային իրավունքների խախտմամբ, որոնցից օգտվող բազմաթիվ ընթերցողներ կարող են կանգնել նոր խնդիրների առաջ:

Այսպիսով, արդի կրթության, գիտության ու մշակույթի զարգացումներում գիտահետազոտական աշխատանքների կատարումներն ունեն տեսամեթոդական, կիրառական և ռազմավարական կարևոր նշանակություն: Հետևաբար, գիտակրթական հաստատություններում գիտահետազոտական աշխատանքների կատարման արդյունավետությունը, մեր կարծիքով, կապված է ոչ միայն տեղեկատվական համապատասխան գիտելիքների տիրապետումից, այլև՝ մատենագիտության պարտադիր ուսուցումից:


Գագիկ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Խ. Աբովյանի անվան ՀՊՄՀ պրոֆեսոր