Սա եթե մենք ներենք, եթե մարդը ների,Վերինը չի ների

Սա եթե մենք ներենք, եթե մարդը ների,Վերինը չի ների

ՍԱ ԵԹԵ ՄԵՆՔ ՆԵՐԵՆՔ, ԵԹԵ ՄԱՐԴԸ ՆԵՐԻ, ՎԵՐԻՆԸ ՉԻ ՆԵՐԻ

Հարցազրույց գրող, թարգմանիչ, լեզվաբան, բանասիրության դոկտոր Դիանա Համբարձումյանի հետ

Լևոն Սարգսյան – Վերջին ամիսներին մեր կյանքը ողբերգականորեն փոխվել է․ ազգովի չվերջացող մղձավանջի մեջ ենք, իսկ լույսը չի երևում։ Հայ գրողն ինչպե՞ս է հաղթահարում այս աղետալի իրականությունը։ Արդյո՞ք նա տեսնում է լույսը։ 

Դիանա Համբարձումյան –  Հայ գրողը հայ մարդ է, որը, թերևս, բոլորից տարբերվում է միայն իր առավել հուզական ներաշխարհով ու սրված զգայունակությամբ, աշխարհն ընկալելու իր նյարդային կերպով և, իհարկե, իր երկրում, ինչպես նաև աշխարհում կատարվող շատ ու շատ դեպքերի ու իրադարձությունների համար ունեցած խիստ ընդգծված պատասխանատվության զգացումով․ սա ես հաստատապես կարող եմ պնդել գոնե ինձ համար, բայց վստահ եմ, որ ասածս վերաբերում է նաև գրչընկերներիցս շատերին։ Այո, «մղձավանջ» բառը մասամբ բնութագրում է մերօրյա Հայաստանում տիրող իրավիճակը, բայց ժամանակ առ ժամանակ այնքան ցավոտ ու տագնապալի իրողություններ են երևակվում, որ «դժոխք» ու «գեհեն» բառերը, ցավոք, ավելի դիպուկ են նկարագրում մեր ապրածը։ Եթե մինչև վերջ անկեղծ լինեմ, ես ավելի շատ հուսադրող և ապրեցնող մտքեր, պատմություններ եմ հիշում ու պատմում՝ հայրենակիցներիս գոտեպնդելու համար, բայց երբ տեսնում եմ մերկ ճշմարտությունը, բացված անդունդի անչափությունը, կատարվածի ողբերգականությունը, վհատվում ու անասելի թևաթափ եմ լինում։ Շատ տեղին է ասել․ «Մեկը լինի՝ ի՛նձ հուսադրի»։ Բայց մի օր մեկը հուշել է․ «Հույսը մեռնում է, երբ այլևս չես ուզում հուսալ»։ Չի բացառվում, որ հուշողը ես էի։ Ուզում եմ հուսալ, ուրեմն, հույսն ու լույսը երևում են, եթե անգամ չերևան, կհորինեմ․ ես դա կարող եմ։           
 
Լ․ Ս․ – Մեր օրերում դժվար է մնալ չքաղաքականացված, հատկապես գրող մտավորականի համար։ Քաղաքական դաշտի ո՞ր «խրամատում» է այսօր Դիանա Համբարձումյանը։ Եվ երբվանի՞ց է «զորակոչված»։

Դ․ Հ․ – Ճիշտ ու ճիշտ նկատեցիք՝ դժվար է չքաղաքականացվել, այն էլ՝ այսօր, երբ «դու չես զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում քեզնով»։ Որքան ինձ հիշում եմ, գրեթե միշտ խորշել եմ մեծամասնության մեջ լինելուց, ընդդիմացել եմ ամբոխին՝ անհատապաշտության սայթաքուն ճամփան բռնելով, ընդվզել եմ, երբ ինձ փորձել են «կուսակցականացնել» (ինձ «գայթակղելու» ուղիղ և անուղղակի փորձեր արել են քիչ թե շատ հայտնի տարբեր կուսակցություններ, որոնց շարքերում ունեմ հարազատ ու սիրելի ընկերներ), բայց ես համարել ու համարում եմ, որ քաղաքականությունը արդարամիտ, ճշմարտախոս, ազնիվ և խելացի մարդկանց տեղը չէ, և եթե այդպիսիք «պատահաբար» հայտնվում են այնտեղ, նրանց կամ հոշոտում են ու աքսորում, ինչպես ակադեմիկոս, Խաղաղության նոբելյան մրցանակակիր Անդրեյ Սախարովին, կամ նրանք, ասեմ՝ Հրանտ Մաթևոսյանը, հենց առաջին ելույթով «մատնում են» իրենց՝ ի լուր ամենքի հայտարարելով, որ «սպիտակ ագռավ» լինելը նախընտրելի է ճշմարտությունը կոծկելուց, և վերջին շնչում բացեիբաց վավերագրում, թե «կուսակիցներիդ հրահրումով ասպարեզը դու ես խելագարությանը հանձնում»։  
Այսքանից հետո քաղաքական դաշտի ո՞ր «խրամատը» ինձ իր գիրկը կառնի, եթե ես մի պահ մոռանամ, թե ինչու եմ ծնվել ու ապրում Երկիր մոլորակի էս քարուքռա հողակտորում, որն իմ «անուշ Հայաստանն» է, իմ չարխափան համայիլը, իմ հուռութը, իմ գրել-պատմելու աղբյուրը, առիթը, պատճառն ու նպատակը․ ո´չ ես կմտնեմ «խրամատ», իմը բաց դաշտի կռիվն է, մեծ մասամբ՝ անզեն մենամարտը, ո´չ էլ «խրամատը» կների իմ մենապարը, մենախաղը, մենակի իմ կռիվը։ Մեր ցեղը գիտի՝ ես ինձ հերիքում եմ։ Իսկ եթե՝ «խրամատ», ապա միայն գրականության, մշակույթի  «խրամատ», որտեղից նետածս նռնակները աշխարհի անարդարությունը, մոլագարությունը, ագահությունն ու անխղճությունն են թիրախավորում։         
 
Լ․ Ս․ – Մինչպատերազմական շրջանում, մասնավորապես 2020 թվականի ամռանը, հանրությունն ակտիվորեն քննարկում էր երկրի կրթական քաղաքականությունից ազգային բաղադրիչի օտարման հարցը՝ ձեռնարկված մերազնյա իշխանության կողմից։ Այսօրվա իրականությունը մի՞թե այդ ապազգային քաղաքականության հետևանքը չէ՝ նաև։

Դ․ Հ․ – «Մերազնյան» խտղտալով մտավ ականջս ու շոյեց լսելիքս, բայց այսօրվա իշխանությունը, ցավոք, պարզվեց՝ բոլորովին էլ մեր ազգինը չէ, մեր ազգային շահերը չի սպասարկում։ Ասում եմ՝ ցավոք, քանի որ ես էլ այն բազմահազար հայերի մեջ էի, որոնք հավատացին Ն․ Փաշինյանի գունավոր խոստումներին, խանդավառվեցին ուսապարկի նորույթով ու հիմա շատ ծանր գին են վճարում՝ խաբված, հուսալքված, հիասթափված, անթիվ կորուստների, պարտության, հայրենազրկման՝ դառը իրականության դեմհանդիման կանգնած։  

Ամեն երկիր, պետություն, ազգ և ժողովուրդ, նախ և առաջ, գոյանում է իր կրթությամբ ու մշակույթով, ամրանում ու գոյատևում է իր բանակով, դիվանագիտությամբ և տնտեսությամբ։ Կրթությունը մարդուն մարդ է պահում, ազգային կրթությունը կերտում ու պահպանում է մարդու ինքնությունը, որով առանձնացող հայը հետաքրքիր է ռուսի, չինացու, ճապոնացու և գերմանացու համար։ Երբ ազգային առանձնահատկությունը դուրս է մնում կրթության շաղախից, կրթվողը դառնում է մանկուրտ, որի պատմամշակութային հիշողությունն իսպառ ջնջվում է, ներկան սոսկ տրվում է ֆիզիոլոգիական պետքերը հոգալու և բազմանալու «սուրբ գործին», իսկ ապագան ոչ թե անորոշ է ու խեղճ, այլ պարզապես չկա, չի ուրվագծվում, կուլ է գնում ոչնչացման սև խոռոչին։
 Հիմա ասում եք՝ կրթության նորաթուխ «վարիչները» փորձել են մեզ զրկել մեզնից, իրենք իրենց անչափ չափով «չափիչներ» են մոգոնել․ անմիտ ու տգետ մի բառակույտ, որ օտարից փախցրել են՝ անգիտորեն կարծելով, թե մեր մտքին ու հոգուն էլ սազ կգա, իսկ գուցե՝ ո´չ անգիտորեն, այլ միտումնավոր ու հրահանգ կատարելով, ուրեմն՝ թշնամաբար։ Հենց այդպես՝ թշնամաբար, ատելով ու անտեսելով ազգային պատմությունն ու մշակույթը, ազգային լեզուն, գրականությունը, ինքնությունն ու մտածողությունը։ Էլ ի՞նչ մնաց։ 

Այդ մեծ իրարանցման ու աղմուկի օրերին ես շատ էի տխրել՝ կարծելով, թե իմ ստեղծած գրականությունը ըստ արժանվույն չի գնահատվել, քանի որ մոտ երեք տասնյակ պատմվածքներից (որոնք, ի դեպ, թարգմանվել են 13 լեզվով), երկու վիպակից ու չորս վեպից որևէ մեկը չէր ներառվել դպրոցի առարկայական («Հայ գրականության») ծրագրերում՝ որպես հայ ժամանակակից գրականության դասավանդման բնագրային նմուշ, մինչդեռ հայ մարդու ինքնության որոնմանը, ազգային ձեռքբերումներին և կորուստներին, Հայաստանի ներկային ու անցյալին, մեր մտածողության կերպին ու խեղումներին անդրադարձող ստեղծագործությունները, իմ համեստ կարծիքով (լեզվամտածողության, ոճի, բառապաշարի, գեղարվեստական առանձնահատկությունների մասին լռում եմ), մեկ-երկու հատվածով, եթե ոչ պետք է, ապա ցանկալի է քննել ու քննարկել ավագ դպրոցի աշակերտների մասնակցությամբ։ 
Որոշ ժամանակ անց հասկացա, որ ոչ թե իմ ստեղծածը չի գնահատվել, այլ «գնահատողների» վարձու և հանձնակատար չափիչը հիմնովին անտեսել է հայ գրականության պատմության մեջ երբևէ ստեղծված ամենաարժեքավոր երկերը, էլ ուր մնաց, թե էս համատարած «թայֆաբազության» մեջ ինձ նման մենակին բանի տեղ դնեին։ Հիմա ես փոխադարձում եմ նրանց անտարբերությունը։ 
Իսկ ազգային դպրոց ու ազգային կրթություն մենք հաստատ ունենալու ենք, որն էլ մեզ պատրաստելու է վաղվա հաղթանակներին։     
                        
Լ․ Ս․ – Ձեր թարգմանական գրականությունը, առնվազն ծավալով, չի զիջում ինքնուրույն գրականությանը։ Տպավորություն կա, թե Դուք նույնչափ Ձեզ բարեհարմար եք զգում երկու աշխատանքում էլ։ Ձեր սեփական ինքնընկալումն ինչպիսի՞ն է՝ գրո՞ղ, թե՞ թարգմանիչ։

Դ․ Հ․ – Երկուսն էլ։ Առաջին պատմվածքներիս (1996) և «Աստղակաթ» (1999) վիպակիս տպագրությունից հետո լույս տեսավ Ֆոլքների «Սարթորիս» վեպի իմ թարգմանությունը (2000), այդուհետ, կարծես հատուկ պայմանավորվածությամբ, երեք-չորս տարին մեկ ծնվում էր նոր գիրքս, որին հետևում էր մի նոր թարգմանություն, իսկ 2017-2020 թվականներին հունձքս առատ էր․ «Փեակների տարաբախտություն» (2017) վեպիս հաջորդեց երկու ծավալուն վեպի թարգմանություն 2019-ին, մեկը հայերենից անգլերեն, մյուսը՝ անգլերենից հայերեն, իսկ 2020-ին լույս տեսավ «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպս։ Գրելն էլ, թարգմանելն էլ իմ սրտով են, այլապես՝ կմեռնեի, թեպետ որպես գրող հաճախ եմ խանդում թարգմանիչ Դիանային՝ ականջիս շշնջալով, թե՝ ժամանակդ ափսոս է, գիրդ արա, բայց թե´ գրելիս, թե´ թարգմանելիս  մտավոր, հոգևոր, անգամ ֆիզիկական աշխատանքը և ստեղծագործական ահռելի էներգիան համաչափորեն անհրաժեշտ են, այնպես որ երկուսից էլ թե´ բավականություն եմ ստանում, թե´ անասելի սպառվում եմ։  
  
Լ․ Ս․ – «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը, որ լույս է տեսել 2020 թվականին, Ձեր առաջին փորձն է ֆենթըզի ժանրում։ Դուք ինչպե՞ս կբնութագրեք այդ ժանրը։ Այն ինչո՞վ է տարբերվում գիտաֆանտաստիկայից, որն ամենևին նոր ժանր չէ, այդ թվում՝ հայ գրականության մեջ (Կարեն Ա․ Սիմոնյան և այլք)։ 

 Դ․ Հ․ – Այո, «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը ֆենթըզի ժանրի իմ առաջին գործն է, որը նաև որոշ տարրեր ունի, որոնք բնորոշ են գիտաֆանտաստիկ ժանրին։ Ընդունված տարբաժանումը հետևյալն է․ ֆենթըզի ժանրին բնորոշ են առասպելական, մտացածին կերպարներ, իրադարձությունները կատարվում են գերբնական ուժերի մասնակցությամբ, գործողությունները չունեն գիտական և տրամաբանական բացատրություն, ստեղծվում է բոլորովին նոր աշխարհ, որը արմատապես տարբերվում է գոյություն ունեցող իրական աշխարհից, հիմքում կարող է լինել պատմական և ընտանեկան բարդ ու խճողված իրողություն, հորինված լեզու, մինչդեռ գիտաֆանտաստիկ ժանրը ենթադրում է գիտական տարրերի կիրառում, գերզարգացած տեխնոլոգիաների նկարագրություն, անգամ գիտության զարգացման հեռանկարի կանխագուշակում, ժամանակի և տարածության միջով երևակայական ճամփորդություն, իրադարձությունները հաճախ կատարվում են ուրիշ մոլորակներում, երբեմն նաև իրական աշխարհում, բայց նոր տեխնոլոգիաները գրեթե միշտ գոյաբանական խոչընդոտներ են առաջացնում, սովորաբար պետություններն ու հասարակությունները պատկերվում են որպես «դիստոպիական» իրականություն՝ լի տառապանքով և անարդարությամբ, արծարծվում են բարոյափիլիսոփայական խնդիրներ, որոնց երեկ, այսօր և վաղը մարդկությունը բախվել, բախվում և բախվելու է հենց Երկիր մոլորակում։
Այս համառոտ ակնարկից հետո ասեմ, որ իմ վեպում երկու ժանրից էլ ամենատարբեր տարրեր կան, բայց գերակշռում է ֆենթըզին, իսկ «դիստոպիական» իրականությունը ոչ թե «հետապոկալիպտիկ» շրջանում է բացվում, ինչպես սովորաբար լինում է գիտաֆանտաստիկ ժանրում, այլ հենց ներկա Հայաստանում և մերօրյա Երկիր մոլորակում, ես կասեի՝ «նախաապոկալիպտիկ» շրջանում, որն էլ թերևս կարելի է համարել իմ ստեղծածի նորույթը, մի բան, որն ավելի է ընդգծվում ջրահեղձ աշխարհի «հետապոկալիպտիկ» իրականության մեջ՝ կյանքի նորացման, կատարելագործման, բարոյականացման, կրթության վերարժևորման, հասարակության վերածնման, փողի, զենքի, բանակի, սահմանների, մարդկային և աշխատանքային հարաբերությունների բոլորովին նոր համատեքստի բացահայտմամբ․ սա իմ երազանքի Երկիր մոլորակն է և այդ մոլորակում՝ իմ երազած Հայաստանը։          
 
Լ․ Ս․ – Դուք գրականագետ եք, թարգմանաբան, լեզվաբան, բանասիրության դոկտոր։ Դոկտորը, թեկուզ երբեմնակի, չի՞ միջամտում գրող Դ․ Համբարձումյանի գործերին․ Դուք մի՞շտ եք համաձայն այդ միջամտություններին։ 

Դ․ Հ․ – Էդ բոլորը մի մարդ է, ու հիմա, երբ Դուք թվարկեցիք էս ամենը, մտքովս անցավ՝ տեսնես երբ եմ հասցրել ապրել, երբ էսքան գերզբաղ եմ եղել, ու պատասխանը միանգամից փակեց ինքնախղճահարության ճանապարհս․ որ էդքան գերզբաղ չլինեիր, հիմա հետ էիր նայելու ու ասելու էիր՝ տեսնես ինչու եմ ապրել։ Անշուշտ, ընտանիքս, զավակներս, մեծ գերդաստանս, ընկերներս, ուսանողներս մի ուրիշ, անչափելի աշխարհ են իմ կյանքում, բայց գործս, մեծ հաշվով՝ կենսագրությանս ամեն տողը, մաքառումի, բազում խոչընդոտներ համառորեն հաղթահարելու, ձախողելու և հաղթելու, հիասթափվելու և գոտեպնդվելու, տխրության և հրճվանքի, կորստի ու երջանկության, ատելու և սիրելու իմ պատմությունն է։ 
 

Դոկտորը, ինչպես Դուք եք ասում, չի կարող չմիջամտել գրողի գործին, քանի որ դոկտորը հենց միջամտելու, թելադրելու, իր իմացածը սովորեցնելու համար է, բայց գրողն էլ ընդդիմանալու, ընդվզելու, ամեն առաջարկ հազար անգամ ծանրութեթև անելու, ինքն իրեն կասկածելու, հարցեր առաջադրելու, պատասխաններն ինքնուրույն որոնելու, չգոհանալու, չբավարարվելու, ինքն իրենից դժգոհելու, երբեմն, նույնիսկ, ինքն իրեն ժխտելու, հակադարձելու, ինքն իր հետ կռվելու, ինքն իրեն հաղթելու համար է, մի խոսքով՝ գրողի հոգին անհաշտ է գիտնականի չափուձևի, կանոնիկ խելք սովորեցնելու պարտադրանքի հետ, բայց իմաստնությունը հուշում է, որ գրելիս, ինչպես և ապրելիս, լավ է հոգին տաք պահել, գլուխը՝ սառը․ ես այդպես էլ անում եմ։  
        
Լ․ Ս․ – «Կանաչ մարգագետնի հմայքը» վեպը արդյո՞ք 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի աղետի և այսօր շարունակվող ազգային մղձավանջի Ձեր կանխատեսությունը չէր՝ իբրև հայ գրողի։ Մի՞թե սա այն դեպքը չէ, երբ գրողական «ֆենթըզին» կարող է այսպես ողբերգականորեն իրականանալ։

Դ․ Հ․ – Ցավում եմ, ո՜նց եմ ցավում, որ ժողովուրդս անցավ այս արհավիրքի, այս անպատմելի ողբերգության միջով, որից, վստահ եմ, կարելի էր խուսափել, որը կարելի էր կանխել, եթե օրվա իշխանությունը իմաստուն, հավասարակշռված, ազգանպաստ որոշումներ կայացներ, իսկ դա հնարավոր է, երբ պետության ղեկի մոտ նստած է սեփական երկրի և ժողովրդի հոգսերով ապրող, երկրի հզորության և բարօրության մասին իրապես մտածող, յոթ չափող, մեկ կտրող, քիչ խոստումներ տվող, շատ գործ անող, երկիրն անմնացորդ սիրող ղեկավար, որն իր արհեստավարժ թիմով օրնիբուն աշխատում է՝ զորացնելու հայրենիքը, պահպանելու մարդուն, ստեղծելու խաղաղ ու ստեղծագործ միջավայր՝ հանուն առաջընթացի, զարգացման ու հարատևման, մինչդեռ, Ձեր բառով ասեմ, «մերազնյա» իշխանությունը մեր վզին փաթաթեց էս անհավասար ու դաժան պատերազմը, որի հետևանքը եղավ էս անպատիվ պարտությունը, հայրենազրկումը, պետականության կորուստն ու նոր-նոր կյանք մտնող մի ամբողջ սերնդի ոչնչացումը։ Սա, եթե մենք ներենք, եթե մարդը ների, Վերինը չի ների։ 

Գիտեք, հայտնի ճշմարտություն է․ «Խոսքը ամենազոր ուժ ունի»։ Տարիներ առաջ մի պատմվածք էի գրել, որտեղ կորստի և պարտության շունչ կար, հետո իմ կյանքում մի դժվար շրջան սկսվեց, որը խելակորույս ավերումների ջրապտույտի էր նման, գրող ընկերներիցս մեկն էդ օրերին ինձ տեսավ, նայեց աչքիս ու ասաց․ «Դու սա տեսել էիր, հիշո՞ւմ ես պատմվածքդ։ Թե ասա՝ ինչի գրեցիր»։ Սկզբում ես անգամ գլխի չընկա, թե որ պատմվածքի մասին է խոսքը, իսկ երբ ընկերս ակնարկեց, սոսկումից քարացա։ Դրանից հետո շատ հիվանդագին եմ ընտրում բառը, պատկերը, բայց երբ գիրը, փոթորկվող ջրի պես, քեզ աքցանում է ու իրեն ենթարկում, ամեն բան մոռանում ես։ Խոստովանեմ, որ երբ սկսեցի գրել «Կանաչ մարգագետնի հմայքը», ընկերներիցս մեկին կեսկատակ, կեսլուրջ պատմեցի վախերիս մասին, բայց նաև հիշում եմ, որ ասացի՝ վեպը «0» սուրահով եմ ավարտելու, մեր քաղաքակրթության ավերումը հետաձգվում է, մեզ հնարավորություն է տրվում արթնանալ և սկսել «նորոգող, կենսահաստատ» կետից։ Մնում է՝ ականջալուր լինենք։   

Ձեր թույլտվությամբ՝ խոսքս ավարտեմ գրքի վերջին նախադասությամբ․ «Արևը դեռ չէր հասել հորիզոնին, կանաչ մարգագետնի մեջտեղում բարդիների ստվերներն ամոթխած գլուխ գլխի էին տվել, որ ծաղիկների խաղացկուն գույները չխամրեին խանձող արևի թեժությունից»։