Կուզենք, որ մեր իշխանություններն իրոք ցանկանան Քրիստոսին նմանվել․ և ոչ միայն խոսքով

Կուզենք, որ մեր իշխանություններն իրոք ցանկանան Քրիստոսին նմանվել․ և ոչ միայն խոսքով

Միլանի Հայ Առաքելական Սուրբ Քառասուն Մանկունք եկեղեցում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․
 

«Մենք քարոզում ենք սեր, եկեղեցում ենք մենք գտնվում, ես ինքս, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոսն էր սեր քարոզում, բայց երբ որ եկավ ժամանակը, նա մտավ տաճարի տարածք և շուռ տվեց սեղանները՝ ասելով, որ այս սրբության տաճարը դուք դարձրել եք առևտրի և դալալության միջավայր: Նույնիսկ Հիսուս Քրիստոսը մտավ տաճար և շուռ տվեց էն սեղանները, որտեղ պղծվում էին սրբությունները»։ Վարչապետի և Հիսուսի զուգահեռների մասին զրուցել ենք Օձունի վանքի հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանի հետ։

-Տեր Վրթանես, հետևե՞լ եք  Նիկոլ Փաշինյանի Միլանում ելույթին։ Տպավորություն չունեի՞ք, որ փորձեց իրեն համեմատել Հիսուսի հետ։

-Ճիշտն ասած, մենք բոլորս էլ պետք է ձգտենք նմանությանը Հիսուս Քրիստոսին։ Պողոս Առաքյալն ինքն էլ ասում էր՝«Ես նայում եմ հավատքի զորագլխին՝ որպես Քրիստոսի»։ Մենք էլ՝ բոլոր քրիստոնյաներս, ձգտում ենք Քրիստոսի նմանողությունը։ Իհարկե, չեմ կարծում, որ քաղաքական գործիչները սիրո քարոզիչներ են և միշտ չէ, որ քաղաքականության մեջ սեր են քարոզում։ Եվ ամեն ինչ սիրով ու հանդուրժողականությամբ է։ Չգիտեմ՝ երևի ավելի շատ իրենից պետք է ճշտվի իր ասածի իմաստն ու բովանդակությունը։

-Կրոնական առումով դատապարտելի չէ՞, երբ որևէ մեկը իրեն, փաստորեն, համեմատում է Քրիստոսի հետ։

-Կրոնական առումով չասեմ, կարող է՝ մի փոքր անհամեստ է։ Մարդ  է․․ եսիմ, չեմ կարծում․․ միգուցե՝ եկեղեցում է եղել, հավանաբար, ուզեցել է միջավայրին համահունչ խոսք ասել։Ի վերջո, Աստված մարդուն ստեղծեց իր պատկերով ու նմանությամբ որպես մարդ։ Մենք բոլորս՝ քրիստոնյաներս, Հիսուս Քրիստոսի նման ուղղություն ունենք։ Եվ, որ վարչապետն էլ ցանկություն ունի նմանվելու տեր Հիսուս Քրիստոսին, շատ ողջունելի է։  Լավ երևույթ է ։ Իհարկե, ցանկալի կլիներ, որ համեստության կողմն էլ պահվեր։

-Համեմատության այն մասը, երբ Հիսուսը մտնում է տաճար և շուռ տալիս սեղանները, ենթադրում եմ, որ նկատի ունի պայքարը կոռուպցիայի դե՞մ։

-Կարծում եմ՝ ինքն ավելի շատ ուզում էր ասել՝ մենք սեր ենք քարոզում, բարի ենք, լավն ենք, բայց նաև վատ երևույթների նկատմամբ անհանդուրժող ենք։

-Իր սիրո մասին խոսքերը, փաստորեն, Թավշյա հեղափոխության «թավիշն» է, իսկ հեղափոխության «շուշաթուղթը» վարչապետի այն խոսքերն են, որ «որևէ հաստավիզ չփորձի թպրտա, կտամ պատերով»։ Կամ որ «պինցետով կհեռացնեն» իրենց ոտքերից կախվողներից։

-Եթե նման համեմատություն չաներ, մենք ակամայից չէինք հիշի այդ կոպիտ խոսքերը ընդդմադիր քաղական գործիչների նկատմամբ։ Կուզեինք, որ մեր հասարակության մեջ ատելությունը քիչ լիներ։ Եվ այսօր մենք ավելի շատ տեսնում ենք ներքաղաքական դաշտում, քան սահմանից այն կողմ՝ ագրեսոր հակառակորդի նկատմամբ, որն այսօր ամեն պահի պատրաստ է Հայաստանում ոչնչացնելու խաղաղ բնակչությանը։

Ցավոք,վերջին շրջանում էլ որոշ պաշտոնյաներ իբրև թե փորձում են աջակցել այլասերվածների իրավունքներին՝ գրանտների դիմաց, և դրանով, նաև պետական միջոցներով էդպիսիններին հովանավորելով՝ ֆիլմեր նկարահանելով, այլասերված բնույթի միջոցառումներ հովանավորելով՝ ավելի են հասարակությանը գրգռում։ Եվ հասարակությունն էլ նախկինում ավելի հանդուրժող էր, քան հիմա։ Այսինքն, երբ պետական մակարդակով, նաև պետական միջոցներով ապազգային, ոչ բարոյական երևույթները պետական պաշտոնյաների կողմից քաջալերվում են, հասարակության կողմից առաջանում է հակազդեցություն։ Եվ էդ առումով, ես կուզեի, որ մեր պետական պաշտոնյաները բարոյականության աջակիցը լինեին, հովանավորեին եկեղեցիների, կամուրջների շինարարությունը։ Այդ թվում նաև Օձունի եկեղեցու սրահների ամբողջացման խնդիր, որը ոչ մի կերպ այս պահին առաջ չի գնում, չնայած, նախագահ Արմեն Սարգսյանի աջակցութունն ունենք։ Այսինքն՝ մենք կուզենք, որ մեր ազգային իշխանությունները քրիստոնեական նկարագրով լինեն, իրոք ցանկանան Քրիստոսին նմանվել։ Եվ ոչ միայն խոսքով։ Մեկ էլ, որ դա մենք տեսնենք, ոչ թե իրենք ասեն։