Կազանյան փաստաթղթով ավելի երաշխավորված խաղաղություն էր առաջարկվում․ Խ․ Հարությունյան

Կազանյան փաստաթղթով ավելի երաշխավորված խաղաղություն էր առաջարկվում․ Խ․ Հարությունյան

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առանցքային դեր ունեցած ամերիկացի դիվանագետ Քերի Քավանոն (ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԱՄՆ-ից նախկին համանախագահ), հղում անելով ՀՀ 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախկինում արված հայտարարություններին, թվիթերյան իր էջում ապրիլի 8-ին անդրադարձել էր կարգավորման չստացված հնարավորություններին։

«Վերաձևակերպելով ԼՏՊ-ին. Դուք կարող էիք հասնել հակամարտության հանգուցալուծմանը (մինչ խորհրդարանական սպանությունները) ավելի շահեկան պայմաններով 1999-ին: Եթե դա տեղի ունեցած լիներ, կխուսափեիք անտեղի տառապանքներից ու կորուստներից: Դուք կունենայիք բոլորովին այլ երկիր և ապահով #Ղարաբաղ», - գրել էր  ամերիկացի նախկին համանախագահը ["To paraphrase LTP: You could have achieved settlement of the conflict in 1999 (before parliament assassinations) on more favorable terms. If that had happened, you would have avoided unnecessary suffering & loss. You would have a completely different country & a secure #Karabakh."]:

Հաջորդող գրառմամբ արդեն ամերիկացի դիվանագետն անդրադարձել էր ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Քի Վեսթ կղզում տեղի ունեցած բանակցություններին, որոնց նա որպես ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ առանցքային դերակատարում էր ունեցել։ «Հաջորդող վերաձևակերպմամբ. Դուք կարող էիք հասնել Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծմանը Քի Վեսթում (եթե բնակչություններն ավելի լավ պատրաստված լինեին ընդունել փոխզիջումը) 2001-ին ավելի շահեկան պայմաններով: Եթե դա տեղի ունեցած լիներ, դուք կխուսափեիք անտեղի տառապանքներից ու կորուստներից: Դուք կունենայիք …», - գրել էր Քերի Քավանոն ["To further paraphrase: You could have achieved settlement of #Karabakh conflict in 2001 at Key West (if populations had been better prepared to accept compromise) on more favorable terms. If that had happened, you would have avoided unnecessary suffering & loss. You would have..."]։

 Ղարաբաղյան հակամարտության այն հանգուցալուծմանը, որին Հայաստանը առավելագույն ջանքերի գնով կարող է հասնել ներկայումս, շատ ավելի շահեկան պայմաններով մենք կարող էինք հասնել դեռեւս 1998 թվականին։ Եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեինք անցած տասնութ տարիների անտեղի տառապանքներից ու կորուստներից, այլեւ այսօր կունենայինք բոլորովին մի այլ՝ ծաղկուն, մարդաշատ, զարգացող երկիր եւ ապահով Ղարաբաղ», - 2016 թվականի դեկտեմբերի 17-ին «Հայ ազգային կոնգրես» կուսակցության համագումարում հայտարարել էր Տեր-Պետրոսյանը։

ՀՀ նախկին վարչապետ (1992-93), նախկին փոխվարչապետ և Տարածքային կառավարման նախարար (1999-2000), Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանի կարծիքով՝ Քավանոն օգտվում է առիթից և ուզում է արձանագրել, որ Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությամբ միջնորդական առաքելությանը նույնպես եղել են հնարավորությոններ արձանագրել հաջողություն։ «Անկասկած, պետք է արձանագրենք, գոնե պատմության համար, բավականին լուրջ բացթողնված հնարավորություն պետք է համարել Կազանյան բանակցությունները», - նշեց քաղաքական գործիչը։ 

- Պարո՛ն Հարությունյան, Քավանոն քիվեսթյան բանակցություններում առանցքային դեմքերից էր։ Նա, հղում անելով Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, որ 1998 թվականին լուծում կարող էր լինել, գրել է, որ եթե 1999-ին խորհրդարանական սպանությունները չլինեին, կրկին լուծում կլիներ։ Դուք ի՞նչ տեղեկություններ ունեք, 1999 թվականին ինչպե՞ս էր կարող լուծում լինել։

- Տեսեք, առանց խորամուխ լինելու, թե Քավանոն ինչ նկատի ուներ կոնկրետ ԱՄՆ-ի դեպքում, կարող եմ արձանագրել հետևյալը։ Որ ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման նախընթաց պատմությունը փաստում է, որ կարգավորման հնարավորություններ են բաց թողնված։ Նախ ասենք, որ Քի Վեսթի պայմանավորվածությունը մերժել է Ադրբեջանը։ Պետք է դա արձանագրենք։ Որովհետև Հեյդար Ալիևը Քի Վեսթում նախնական տվեց դրական պատասխան, բայց վերադառնալով Ադրբեջան, հայտարարեց, որ նույնիսկ իր ընտանիքի անդամներն իրեն չեն հասկանում, այսինքն, հրաժարվում են ոչ թե ժողովուրդները, սա ուզում եմ, որ մենք արձանագրենք․ Քի Վեսթը չկայացավ բացառապես Ադրբեջանի ապակառուցողական մոտեցման պատճառով, սա մեկ։ Երկրորդը, պետք է արձանագրել, որ հնարավորություն ունեինք Կազանում հասնել բանակցությունների միջոցով կարգավորման, որը նույնպես մերժվեց ադրբեջանցիների կողմից, որդի Ալիևի կողմից։ Այսինքն, եթե մենք նայում ենք Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման նախընթաց այս շրջանը, ապա կարելի է արձանագրել, որ եղել է հնարավորությունների բացթողում։ Մասնավորապես ես կարձանագրեմ, հատկապես Մադրիդյան սկզբունքերի ընդունելուց հետո, Կազանի պայմանագիրը, Կազանի փաստաթուղթը։ Որովհետեւ եթե Դուք ուշադրություն դարձրել եք, ըստ էության, 98 թվականից մինչև 2007 թվական բանակցային գործընթացի սուբստանցիայի մեջ եղան առարկայական փոփոխություններ։ Այսինքն, եթե 98 թվականին այդուհանդերձ հիմքում ընկած էր կոնֆլիկտի տարածքային խնդիրը, գոնե այդպես էր ընկալվում, այդ թվում նաև համանախագահողների կողմից, ապա արդեն 2007 թվականի Մադրիդյան սկզբունքներն արձանագրեցին լուրջ տեղաշարժ։ Այն է, որ կոնֆլիկտը պետք է կարգավորվի ոչ թե լոկ տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, նախևառաջ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշման իրավունք, (Հելսինկյան եզրափակիչ փաստաթուղթ) և ուժի կիրառման կամ ուժի սպառնալիքի միջոցով կոնֆլիկտի կարգավորման բացառում։ Սրանք այն երեք կարևորագույն սկզբունքներն էին, որոնք, ըստ էության, դարձան բանակցային գործընթացի շատ կարևոր հանգրվան։ Եվ դրանից հետո 2009 թվականին Լ'Ակվիլայում համանախագահող երկրների նախագահների հայտարարությամբ ավելացվում են նաև 6 տարրերն այդ երեք սկզբունքներին, որի հիման վրա վրա ձևավորվեց Կազանի փաստաթուղթը որպես երկարատև բանակցությունների արդյունք։ Եթե ինձ որևիցե մեկը հարցներ. «Ո՞րն էր բանակցային ճանապարհով կոնֆլիկտի կարգավորման  հնարավորության ամենալուրջ բացթողումը», ես կասեի. «Կազանը»։ Որովհետեւ արդեն Կազանյան փաստաթղթի հիմքում ընկած էին Մադրիդյան 3 սկզբունքները և 6 տարրերը։ Եվ սա որակապես այլ փաստաթուղթ էր, և որակապես այլ մոտեցում։ Դա կոնֆլիկտի կարգավորման հնարավորության իրական բացթողում էր։

- Քավանոն 1999 թվականն է հղում անում և խորհրդարանում տեղի ունեցած դեպքերը և ասում էր, եթե դա չլիներ... Այսինքն, 1999 թվականին ի՞նչ առաջընթաց կար։ Դուք այդ ժամանակ փոխվարչապետ, Տարածքային կառավարման նախարար եք եղել։

- Հավանաբար Քավանոն ի նկատի ունի այն, որ Վազգեն Սարգսյանի կառավարությունը բավականին ինտենսիվորեն աշխատում էր նաև ամերիկյան կողմի հետ։ Եկեք չմոռանանք, որ հոկտեմբերի 27-ին՝ ոճրագործության օրը, դրանից ժամեր առաջ Վազգեն Սարգսյանը հանդիպել էր Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ [Սթրոբ] Թելբըթի հետ։ Ի՞նչ են քննարկել, ես ակնհայտորեն տեղյակ չեմ։ Հասկանո՞ւմ եք։ Հավանաբար Քավանոն դա՞ ի նկատի ունի։ Որովհետև գնում էին շատ ինտենսիվ քննարկումներ թե՛ Ռուսաստանի և թե՛ Միացյալ Նահանգների հետ։ Ես, ճիշտն ասած, ավելին չեմ կարող ասել։

- Կարելի՞ է ենթադրել, որ 1999 թվականին քննարկվածը նաև հիմք է եղել քիվեսթյան բանակցությունների համար։ 

- Ես կդժվարանամ մեկնաբանել, որովհետեւ տեղյակ չեմ։

- Իսկ ո՞վ է կարող ասել։

- Ռոբերտ Քոչարյանը, որովհետև ինքն է տիրապետում մանրամասներին։ Ի դեպ, իր գրքի մեջ [Ռ․ Քոչարյան «Կյանք և ազատություն»] ինքը Քի Վեսթի մասին խոսում է, բայց ես չեմ հիշում, որ նա այդ բանակցային գործընթացի նույնիսկ բանաձևումը կապեր մինչ այդ շփումների կամ պայմանավորվածությունների հետ։ Ես չեմ հիշում այդպիսի բան։ Նաև Վարդան Օսկանյանն է կարող ասել։

- Իր գրքի մեջ Քոչարյանը գրել էր, որ Վազգեն Սարգսյանին ասել էր, որ չգնա խորհրդարան, Սարգսյանն ասել էր, որ Դեմիրճյանը կնեղանա, եթե չգնա։ 

- Այդպիսի մանրամասների չեմ տիրապետում։ Կարող եմ ասել, որ այդ օրը Վազգեն Սարգսյանը հանդիպել է Թելբըթի հետ։ Եթե հիշողությունս չի դավաճանում, Թելբըթի հետ մեծ թենիս են խաղացել։ Խորհրդարանում, երբ որ մոտեցա Վազգեն Սարգսյանին, նա նստած էր, մի փոքր ուշացումով եմ մոտեցել, հարցրեցի. «Ինչպե՞ս անցավ հանդիպումը», կարծեմ, ասեց. «Նորմալ»։ Վերջ, այդքանն է եղել, ես ավելին չեմ կարող հիմա փաստել։ 

- Այդ օրվա քննարկումներին անդրադարձ կատարվելո՞ւ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ 

- Հարցուպատասխանն էր խորհրդարանի կառավարության հետ․ առարկայորեն, դժվար թե, պատգամավորներն անդրադառնային։ Գոնե մինչև մարդասպանեըի դահլիճ մուտք գործելը, այդպիսի հարցադրում չի հնչել։ Մի բան ակնհայտ է, ծանոթանալով Քավանոյի թվիթերյան գրառմանը՝ ինձ մոտ ավելի շատ ձևավորվեց այն տպավորությունը, որ նա նույնպես ափսոսում է, որ բաց թողնված հնարավորություններ են եղել նախընթաց շրջանում։ Ես կմիանամ այդ բանաձևմանը, այդ ձևակերպմանը, բայց մենք պետք է հաշվի առնենք նաև Կազանը։ Թեպետ Քի Վեսթի պայմանավորվածության մանրամասներին չեմ տիրապետում, բայց կոնցեպտուալ գիտեմ՝ ինչի մասին է խոսքը գնում, Կազանյան փաստաթուղթը մշակված էր Մադրիդյան սկզբունքների և դրա տարրերին համապատասխան, համոզված եմ, որ անկասկած ավելի երաշխավորված խաղաղություն էր առաջարկվում։ Երկարաժամկետ և անշրջելի կայունացման երաշխիքներ էր ձևավորելու տարածաշրջանում և նաև հայ-ադրբեջանական հարաբերություններում՝ Արցախյան կոնֆլիկտի կարգավորման առումով։ 

- Պարո՛ն Հարությունյան, հետաքրքիրը նաև այն էր, որ 1999 թվականը հիշատակելուց հետո նորից փոստ արեց Քավանոն իր թվիթերյան էջում՝ այս դեպքում արդեն անդրադառնալով քիվեսթյան բանակցություններին։ Այսինքն, իրար հետևից, հաջորդաբար հիշատակեց այդ երկուսը։

- Ես իհարկե կդժվարանամ մեկնաբանել, թե Քավանոն ինչ նկատի ուներ։ Հավանաբար կհամձայնեք ինձ հետ, որ Քավանոն այն քաղաքական գործիչներից է, որը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ողջ պատմությանն է տիրապետում։ Դժվար է ենթադրել, թե Քի Վեսթը միակ պայմանավորվածությունն էր և ամենավճռականը, որ մենք բաց թողեցինք։ Հետևաբար այստեղի կարելի է ենթադրել, որ Քավանոն օգտվում է առիթից և ուզում է արձանագրել, որ Միացյալ Նահանգների անմիջական մասնակցությամբ միջնորդական առաքելությանը նույնպես եղել են հնարավորություններ արձանագրել հաջողություն։ Երևի թե, այս փուլում նա փորձում է վերակենդանացնել, վերակարևորել, եթե այդպես կարելի է ասել, Միացյալ Նահանգները որպես համանախագահող երկիր, որը բացառիկ և օգտակար դերակատարում է ունեցել այս ամբողջ ընթացքում։ Ես դա չէի բացառի։ Բայց կրկնում եմ, եթե մենք ընդհանրապես խոսում ենք բաց թողնված հնարավորությունների մասին, իսկ ինձ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծվում, ապա նաև անկասկած պետք է արձանագրենք, գոնե պատմության համար, բավականին լուրջ բացթողնված հնարավորություն պետք է համարել Կազանյան բանակցությունները։