478 ուսուցիչ մայիսի աշխատավարձը կստանա նոր մեխանիզմով

478 ուսուցիչ մայիսի աշխատավարձը կստանա նոր մեխանիզմով

Մայիսի 13-ից մեկնարկել է կամավոր ատեստավորման 2022 թ․ հայտերի ընդունման փուլը։ Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում (matyan.emis.am), մինչեւ հունիսի 7-ը: Այս տարի կարող են դիմել 5-12-րդ դասարաններում դասավանդող ուսուցիչները: «Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» եւ «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչներն ատեստավորվում են միայն «Հայոց լեզու» առարկայից, «Հայոց պատմություն» եւ «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչների համար կազմվելու է մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները: «Հանրահաշիվ» եւ «Երկրաչափություն» առարկաները եւս ներառվելու են մեկ թեստում։

 

«Այս պահին արդեն ունենք ավելի քան 2 հազար 600 դիմում, եւ կարծում եմ, որ վերջին օրերին դրանց հոսքը կավելանա»,- կառավարության նիստում տեղեկացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը եւ հավելել, որ այս տարվա մայիսից, 2021-ին կամավոր ատեստավորման արդյունքում 30-50 տոկոս հավելավճար ստացող 478 ուսուցչի նկատմամբ կիրառվելու է բարձրացված 200 հազար դրամ դրույքաչափը։

 

«Վերոնշյալ 478 ուսուցիչներն առաջիկա օրերին կստանան մայիսի աշխատավարձը՝ նոր մեխանիզմով: Արդեն ունենք ուսուցիչներ, որոնց ընդհանուր վարձատրությունը կազմում է մինչեւ 450 հազար դրամ՝ ներառյալ հարկերը, իսկ շուրջ 400 հազար դրամ ցուցանիշի հասնում է ավելի քան 2 տասնյակ ուսուցիչների աշխատավարձը»,- նշել է նա։