Իշխանափոխություն

Իշխանափոխություն

Այն, ինչ տեղի է ունենում այս օրերին, իշխանափոխության գործընթաց է: Ինչը, մեծ հավանականությամբ, կպսակվի հաղթանակով: Իսկ դրա համար անհրաժեշտ է առանձին անհատների եւ խմբերի համախմբումը: Եվ մինչեւ վերջ գնալու՝ շարժումը նախաձեռնողների հաստատակամությունը: Բայց վերադառնանք համախմբմանը: Մինչ շարժում սկսելը եւ նույնիսկ դրա ընթացքում մարդիկ անընդհատ հարցնում էին (եւ են), թե ինչի շուրջը միավորվեն: Փողոցն այսօր տալիս է պատասխանը՝ իշխանափոխության շուրջը: Ի հակադրություն Նիկոլի շուրջը միավորվելու ուսապարկային կոչերի: Իսկ ինչո՞ւ է սխալ Նիկոլի շուրջը միավորվելու գաղափարը:

Որովհետեւ Նիկոլը 2018-ի ապրիլին մարդկանց խոստանում էր երկրային դրախտի վերածել Հայաստանը: Սակայն մեր հայրենիքը վերածեց դժոխքի: Հայաստանը Նիկոլի «շնորհիվ» դարձավ ցավի, զրկանքի ու ողբերգության մեծ ծով: Սարդարապատի հերոսամարտի փառքի նկատմամբ նախանձով լցված՝ Հայաստանը վերածեց պարտված, իլհամական ստորացումների ենթարկված ու ողջ աշխարհի կողմից արհամարհված երկրի: Նիկոլի շուրջը միավորվենք, որ ի՞նչ անենք… 
Ոմանք ծրագիր են պահանջում իշխանափոխության գործընթացին միանալու համար:

Ասում են՝ ծրագիր տվեք, որ տեսնենք, թե ինչու ենք Նիկոլին հեռացնում: Դրանք կա՛մ ծպտված նիկոլականներ են, որ այդպիսի հնարքով ցանկանում են տատանվող մարդկանց հեռու պահել շարժումից, կա՛մ իրենց խելացի համարող, սակայն իրականում այդպիսին չհանդիսացող անձինք: Կան նաեւ հատուկենտ խելացի մարդիկ, ովքեր Նիկոլի գալու արդյունքը տեսնելով՝ խուսափում են, իրենց կարծիքով, սխալի կրկնությունից: Եվ ծրագրեր՝ երաշխիքներ են պահանջում «նիկոլիզմի» չկրկնվելու համար: Առաջինների հարցը պարզ է՝ Նիկոլի հեռացումով նրանք կորցնելու են իրենց դիրքը, զրկվելու են դրանից բխող բոլոր արտոնություններից՝ ունեցվածք, պետության կամ գործարարների հաշվին հաճույքներ վայելելու հնարավորություն եւ այլն: Երկրորդները կա՛մ նախկինների նկատմամբ աննորմալ ատելությամբ են դեռեւս տառապում, կա՛մ թաքնված նիկոլականներ են: Ինչ վերաբերում է երրորդներին, ապա ասեմ, որ ոչ մի ծրագիր չի կարող երաշխիք լինել ապագայի առումով: Այնուամենայնիվ, եթե կարողանանք Նիկոլին եւ նիկոլանմաններին հեռացնել իշխանությունից, ապա մոտ ապագայում «նիկոլիզմի» կրկնվելու հնարավորությունը չափազանց ցածր է լինելու: Մնացածը կախված է մեր հասարակությունից՝ եթե ընտրությունների միջոցով իշխանության գա հերթական պոպուլիստն ու չարիքը, ապա դա կնշանակի ընդամենը․․․ աշխարհի երեսից վերանալու ճակատագիր:

Վերադառնանք այս շարժման նպատակին: Դա հայրենիքի փրկությունն է, այն հայրենիքի, որին Նիկոլը տանում է դեպի կործանում՝ գիտակցելով դա, թե ոչ: Իսկ ծրագիրը պետք է լինի հենց հայրենիքի փրկության նպատակը՝ որքան էլ, առաջին հայացքից, դա անհեթեթ հնչի: Օրինակ բերեմ կենցաղից: Երբ որեւէ մեկն ինչ-ինչ պատճառներով հասնում է մահամերձ վիճակի, նրան փորձում են վերակենդանացնել: Դրա համար յուրաքանչյուր լուրջ հիվանդանոց կահավորված է վերակենդանացման առանձին բաժանմունքով: Միայն վերակենդանացման փուլն անցնելուց հետո է սկսվում հիմնավոր բուժման գործընթացը, ինչը սովորաբար ավելի երկար է տեւում: Այդպես էլ կլինի մեր դեպքում՝ իշխանափոխությունը մեր երկրի վերակենդանացման փուլն է լինելու, իսկ հետո կգա լուրջ ծրագրերի հերթը:

Մի օրինակ էլ ռուս ժողովրդի պատմությունից ներկայացնեմ՝ այսօրվա համար խիստ ուսուցողական դրվագով: 1598-1613 թվականներն ընդունված է համարել Ռուսաստանի պատմության խառնակ ժամանակաշրջան (смутные времена): Դա այն ժամանակաշրջանն էր, երբ Ռուսիայի դեմ պատերազմում էին լեհ-լիտվական ու շվեդական հզոր բանակները, երկրում տիրում էր սով, գյուղացիական խռովություններ էին, ռուսական գահին հայտնվում էին թագավորական ընտանիքի կեղծ ներկայացուցիչներ եւ այլն: Դրան վերջ տրվեց առեւտրական Կուզմա Մինինի կազմակերպած աշխարհազորային շարժման շնորհիվ: Ի դեպ, դա երկրորդ նմանատիպ շարժումն էր: Առաջինն անհաջողություն էր կրել, իսկ շարժման մնացորդներն էլ երդում էին տվել Ռուսաստանի գահը գրաված երրորդ կեղծ Դմիտրիին: Սակայն մարդիկ ավելորդ հարցեր չտվեցին, այլ ուղղակի հավատացին վաճառականին ու նրա կողմից որպես հրամանատար հրավիրված իշխան Պոժարսկուն: Մարդիկ կա՛մ փողով եւ կա՛մ իրենց անձով զինվորագրվեցին աշխարհազորին եւ փրկեցին Ռուսաստանը: 

Հիմա պատասխանեմ նաեւ ամենատարածված՝ «նիկոլիզմի» կրկնվելու վախի մասին հարցին: Ի տարբերություն 2018-ի ապրիլյան իրադարձությունների, երբ հայաստանցին ճանաչում էր միայն Նիկոլին, նրան էլ կարգեց վարչապետ ու խաբվեց, այսօրվա մեր ազատագրական շարժումը բաղկացած է բազմաթիվ հանրահայտ անձանցից, խմբերից ու կուսակցություններից: Ինչը, բնականաբար, բացառում է իշխանափոխությունից հետո նիկոլանման մեկի կողմից իշխանության յուրացումը: Ինչո՞ւ է բացառում: Որովհետեւ Նիկոլին հեռացնելուց հետո սկզբում կկազմավորվի կոալիցիոն կառավարություն, իսկ հետո մրցակցությամբ կորոշվի, թե որ քաղաքական ուժն է մոտակա տարիներին ղեկավարելու Հայաստանը: Եվ հենց այդ ժամանակ էլ մարդիկ կարող են պահանջել ծրագրեր ու ռազմավարություններ, թե ինչպես է ընթանալու հետնիկոլական վերականգնման գործընթացը: Եվ մի բան էլ. իշխանափոխության այս օրերին չեմ պատկերացնում զուգահեռաբար ծրագրեր մշակելն ու հասարակությանը ներկայացնելը: Ուղղակի դրա ժամանակը չկա: Որովհետեւ այն պետք է ծախսվի միայն ու միայն իշխանափոխության նպատակով: Հատկապես հաշվի առնելով, որ ընդդիմության դիմաց ոչ թե սերժանման մեկն է, այլ պարտության խորհրդանիշ անձ, ով, հանուն իր իշխանության պահպանման, կարող է հատել բոլոր կարմիր գծերը՝ ինչն իրեն թույլ չէր տա Սերժ Սարգսյանը:  

Եվ մի կարեւոր գործոն եւս. փողոց դուրս եկող մարդիկ շարժման նախաձեռնողներից պահանջում են ոչ թե ծրագրեր, այլ կոնկրետ գործողություններ: Մարդկանց առաջնորդելու եւ շարժման ընթացքում նեղն ընկած ժամանակ իրենց կողքին կանգնելու հաստատակամություն: Մնացածը նրանց չի հետաքրքրում: Դա իմ անձնական փորձից գիտեմ: 2008 թվականի հետընտրական շարժման պարտությունից հետո ՀՀ առաջին նախագահը մի քանի տարի մարդկանց ներկայացնում էր վերլուծություններ ու ծրագրեր, սակայն դրանից ոչինչ չստացվեց: Չստացվեց նույնիսկ նրա կողմից լայնորեն փիառված բուժուա-դեմոկրատական հեղափոխությունը: Իսկ 2018-ի գարնանը Նիկոլի գործողությունները՝ մակերեսային ու մանիպուլյացիոն ելույթներով համեմված, տվեցին իրենց արդյունքը: Այնպես որ, մնում է ակտիվացնել փողոցային պայքարը՝ ծրագրերի հարցը թողնելով ապագային: