Հեղափոխություն անելը մի բան է, երկիր կառավարելը՝ ուրիշ բան

Հեղափոխություն անելը մի բան է, երկիր կառավարելը՝ ուրիշ բան

Հունվարի 26-ին երգահան Ռուբեն Հախվերդյանը հյուրընկալվել էր օպերային երգիչ Ադամ Բարրոյի կազմակերպած միջոցառմանը, որի ավարտին պատերազմում վիրավորված  զինվորներին 100 հազարական դրամ օգնություն տրամադրվեց։ Հանդիպման ավարտին զրուցեցինք Ռուբեն Հախվերդյանի հետ։

- Պարոն Հախվերդյան, հունվարի 28-ին մտավորականները կրկին հանրահավաք են անցկացնելու՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով, բայց Դուք նրանց շարքերում չկաք։

- Որովհետեւ ես ինձ մտավորական չեմ համարում, ես արհեստավոր եմ, երգ գրող մարդ եմ, բայց մտավորական ասելով՝ Դուք ի՞նչ նկատի ունեք։ Օրինակ, ասում են՝ «երգիչ-երգչուհիները», ոնց որ հերմոֆրոդիտ լինեն, այդ երգիչները կամ երգչուհիները մտավորակա՞ն են, այսինքն, որ միտք ունենա․․․ Ես շատ քիչ, մի քանի հոգու եմ ճանաչում․․․, բայց նրանք երգիչներ են։ Իհարկե, Նիկոլին՝ իր ամբողջ խունվեյբիններով-բանով թաղեմ, որովհետեւ գարշելի կառավարություն ունենք, իսկ ավելի գարշելի կառավարություններ նույնպես ունեինք՝ իրենց հավասար․ դա Սերժիկի կառավարությունն էր, Ռոբերտի կառավարությունն էր եւ մեծն Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսինքն՝ այս ամեն ինչի հիմնադիրի կառավարությունն էր։

- Այդ բոլոր նախկին կառավարությունների ներկայացուցիչներն ասում են՝ մենք մեր բոլոր թերություններով հանդերձ, հողեր չենք հանձնել։

- Ես հասկանում եմ, օսկարակիրը, իհարկե, Նիկոլն է, նա դրա համար «Օսկար» ստացավ՝ տգիտության։ Ո՞ւմ կողմից էր ինքն ուղղորդվում, ես չգիտեմ, բայց «Օսկարը» հաստատ իրենն է, մնացածն էլ ապաշնորհ եւ անհեթեթ կառավարություններ են եւ պրեզիդենտներ էին, բայց դե՝ Նիկոլը «հրաշքներ» գործեց իր ապուշություններով, ստերով եւ մնացած իր վարած քաղաքականությամբ։

- Փաշինյանն ասում է, որ ինքը թիվ 1 պատասխանատուն է, բայց թիվ 1 մեղավորը չէ։

-  Մեղավորները թվո՞վ են հաշվում․․․։ Ես չգիտեմ՝ ինքը թիվ որերորդն է, բայց դրանք բոլորն էլ արգանդից չեն ծնվել։

- Նիկոլ Փաշինյանն ասում է, որ իր հեռանալու հանրային պահանջ չկա։

- Նա միանշանակ պիտի հեռանա, եթե չգնդակահարվի, ապա ըտենց մի բան պիտի արվի, բայց մնացածներին էլ պետք է շատ երկար․․․։ Իմ ձեռքը լիներ, ես նրանց էլ շատ երկար սռոկներ կտայի, բոլորին, որովհետեւ էնքան, ինչքան նրանք են լափել, սա դեռ չի հասցրել էդքան լափել, նրանք սարսափելի փողեր են կերել, միլիարդներ են գնացել, տրիլիոններ։

- Ինչո՞ւմ եք մեղադրում Փաշինյանին։

- Ես ոչ ոքի չեմ մեղադրում՝ «մի դատիր, որ չդատվես» կարգախոսով։

-  Ստեղծված իրավիճակից ելքը ո՞րն է, Ձեր կարծիքով։

- Ամեն մի դժբախտություն գալիս է նրանից, որ այն, ինչ մեզ մոտ արվում է՝ առաջին կառավարությունից մինչեւ վերջինը, ուղղորդվում է Կրեմլի կողմից, եւ ռուսները նույնքան մեղավոր են այս պատերազմի մեջ, որքան Էրդողանը։ Պուտինը, ըստ էության, հայ ժողովրդի դահիճներից մեկն է կնքվելու։

- Նիկոլ Փաշինյանին մեղադրում են, որ ժամանակին պատերազմը չկասեցրեց, մինչդեռ ռուսները նման առաջարկ էին արել։

- Չկա Փաշինյան, չկա եսիմինչ, կա Կրեմլ, այնտեղից է ամեն ինչը գալիս։ Եթե Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չլիներ, էդ քարտեզը, որ Պուտինի հետ Էրդողանը գծել էր, դա արդեն վաղուց կար, այսինքն՝ Նիկոլը չլիներ էլ, մեր որեւէ կառավարությանը կստիպեին այդ բանն անել, ուղղակի սա մեջներից ամենահիմարը գտնվեց, որ իրեն՝ որպես մատաղացու գառ, բարձրացրին, դրեցին գահին։

- Իրենք էլ են ասում, որ ամեն ինչի մեղավորը նախկիններն են, ասում են՝ կոտրվեց Փաշինյանի գլխին։

- Չկոտրվեց, ինքն իր փառամոլության եւ հիմարության պատճառով ․․․, ախր հեղափոխություն անելը մի բան է, բայց երկիր կառավարելը՝ ուրիշ բան, եւ այն, որ եկել-ասել են, որ մեր գրաված դիրքերը թողեք ու տուն դարձեք, որովհետեւ դա արդեն տրված է թուրքերին ու ռուսներին։ Այս 30 տարիների ընթացքում Էրդողանն ու Պուտինը լավ բազար էին անում, թե որ մասն ումն է։ Էն մի մասն իբր ղարաբաղցիներին են տվել, բայց դա ռուսների գրաված․․․ ավելի ճիշտ՝ ոչ թե գրաված, այլ իրենք եկան ճիշտ ժամանակին, մինչ այդ սպասում էին, որ արնաքամ լինենք, հետո տեսան, որ դա էլ չենք կարողանում անել, դիտմամբ ուղարկեցին իրենց ԿաԳէԲէ-ի աշխատողներին՝ գեներալների, գնդապետների հագուստներով, եկան ու հոգեկան անկում սարքեցին մեր զինվորների մոտ։ Դա արվել է Կրեմլից, եւ մենք ավելի շատ դավաճաններ ունենք մեր մեջ, քան․․․։ Հետո ի՞նչ, որ Կրեմլից հրամանը եկավ, դու պիտի անե՞ս․․․

- Նիկոլ Փաշինյանը նաեւ ասաց, որ մինչեւ 90-ականները Շուշին բնակեցված է եղել ադրբեջանցիներով, ապա հարցրեց՝ «Շուշին հայկակա՞ն քաղաք էր»։ Ձեր կարծիքով՝ Շուշին հայկակա՞ն էր։

- Ինձ չի հետաքրքրում, թե նա ինչ է ասում, նա ինչ-որ մի բան պիտի ասի։ Նախահեղափոխական Հայաստանում եղել է 2 քաղաք՝ Շուշին ու Գյումրին, քաղաքային կուլտուրա այդ քաղաքներն են ունեցել, Երեւանը եղել է քյարվանսարա, որն արեւմտահայերով լցրեց մեր առաջին եւ օրինական կառավարությունը, հետո, իհարկե, Մյասնիկյանը շատ օգնեց, արեւմտահայերի բերեց Հայաստան, որպեսզի թիվ կազմեին։

- Ընդդիմության առաջնորդը Վազգեն Մանուկյանն է․․․

- Նրա անունը ընդհանրապես մի տվեք, վերջին 15 տարում նա Սերժի գրպանի մեջ էր։