ՀՊՏՀ-ից կեղծ նամակ Փաշինյանին, հնարավոր է՝ հարուցվի քրգործ

ՀՊՏՀ-ից կեղծ նամակ Փաշինյանին, հնարավոր է՝ հարուցվի քրգործ

Դեկտեմբեր-ի 18-ին «Հրապարակը»  և մի շարք լրատվամիջոցներ տպագրել էին վարչապետի պաշտոնակատարին ու ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանին  ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցների անունից ուղղված բաց նամակը՝ ընդդեմ այսօր  ռեկտորի պաշտոնակատար նշանակված Ռուբեն Հայրապետյանի։ Ըստ  աղբյուրի՝ ՀՊՏՀ երկարամյա դասախոսների նամակը եղել է ,սակայն այն ինչ-որ ձևով  հայտնվել է բուհից ինչ-որ մի խումբ մարդկանց ձեռքին,որոնք  այդ նամակը նենգափոխել են, իրենց կողմից լրացումներ են արել, նամակի տակ ստորագրած մարդկանց ստորագրություններն էլ ավելացվել են  «քսերոքսով» ու ուղարկվել են կայքերի խմբագրություններ։

Հիշեցնենք, որ նամակում ասվում է․«2018թ. սեպտեմբերին ամբիոնի վարիչ Յու. Մ. Սուվարյանը, իր դիմումի համաձայն ազատվել է ամբիոնի վարիչի պաշտոնից: Նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել նույն ամբիոնի պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը: Ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնավարման 3,5 ամիսների ընթացքում արդեն խաթարվել է ամբիոնի բնականոն աշխատանքը, և որ ամենակարևորն է՝ բարոյահոգեբանական մթնոլորտը, որի պայմաններում այլևս անհնար է աշխատել: Ռ. Հայրապետյանը սպառնում է ամբիոնի աշխատակիցներին»,-ասված էր նամակում։

Պահանջվում էր մինչև մրցույթ հայտարարելը՝ նշանակել նոր ժամանակավոր պաշտոնակատար, իսկ այդ ընթացքում զսպել Ռ. Հայրապետյանի ռեկտոր դառնալու 
«անառողջ ամբիցիաները»,քանի որ դրանց բավարարումը համալսարանում կստեղծի պայթյունավտանգ իրավիճակ:

Հարցին, թե արդյո՞ք նամակը  «պերեխվատ » արած մի խումբ աշխատակիցները 
 բուհի նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանի կողմնակիցնե՞րն են, նրա մարդի՞կ, մեր զրուցակիցը պատասխանեց, որ այդ  նամակով առաջիկայում զբաղվելու է ԱԱԾ-ն , քանի որ ամբիոնից դիմելու են։
Նշենք, որ նամակը ուղարկվել էր ոմն Լուսինե Սիմոնյանի անունից։ Նման մարդ, ըստ մեր զրուցակցի, չկա։
Իսկ նամակն էլ, որի հետ PDF ֆայլով 20 -ից ավելի ստորագրություններ կան, ուղարկվել է կեղծ էլեկտրոնային հասցեից։ Ստորագրածների թվում են՝ Յուրի Սուվարյան, Աբրամ Բախչագուլյան և այլք։

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ »-ի հետ զրույցում բուհի նորանշանակ ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը պատասխանելով հարցին, թե ռեկտորատի նիստին իր նշանակմանը դիմադրողներ չեղա՞ն, նշեց, որ որևէ մեկը դեմ չի արտահայտվել, թեպետ նաև ասաց․ «Ամեն ինչ էլ հնարավոր է, ես կարծում եմ՝ հիմնական մասսան իմ դեպքում դրական է տրամադրված և դրական տրամադրվածությունը նաև փոխադարձ է»,-ասաց նա։
«Հրապարակ »-ը դիմեց նաև բուհի նախկին ռեկտոր Յուրի Սուվարյանին,որը ասաց, որ երեկ խիստ զարմացել է ՝կարդալով իր անունը ստորագրողների ցանկում։

 «Զարմացա՝ հետաքրքրվեցի՝ ինձ էլ ասացին, ամբիոնի աշխատակիցները, որոնց անունից, իբր, նամակ էր եկել,  տեղյակ չեն»,- ասաց Յուրի Սուվարյանը։ Տեղեկանալով, որ գործընկերները հնարավոր է՝ դիմեն ԱԱԾ, պարոն Սուվարյանն ասաց՝ շատ էլ ճիշտ են արել։
Նա համաձայնեց դիտարկման հետ, որ Ռուբեն Հայրապետյանն իր աճեցրած կադրն է՝ իր ուսանող ու դոկտորատն է եղել, խոստումնալից տնտեսագետ, և առավել ևս նրա դեմ չէր կարող ստորագրել։ 

«Եթե խոստումնալից չլիներ, չէի դարձնի թեկնածու ու չէի դարձնի դոկտոր »-կարճ կապեց Յուրի Սուվարյանը։ Նա նշեց, որ չունեն նաև Լուսինե Սիմոնյան, ունեն՝ Լուսինե Մկրտչյան։ 
Այս պատմության գագաթնակետը մեկ այլ ամբիոնից մեկ այլ դասախոսի հաղորդած տեղեկությունն էր, որ նման նամակ, ավելի թեթև բովանդակությամբ կազմվել է, սակայն այն ուղղված է եղել ռեկտորին, ոչ՝ խմբագրություններին, և հիմա դասախոսներին հետաքրքրում է՝ ինչպես է նամակը վերահասցեագրվել Փաշինյանին ու Արայիկ Հարությունյանին։ 
Դիմեցինք նաև ԱԱԾ,սակայն լրատվության պատասխանատու Սամսոն Գալստյանը չպատասխանեց մեր հեռախոսազանգերին։