Բոլթոնը ինտրիգ է մտցնում

Բոլթոնը ինտրիգ է մտցնում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը թվիթերյան գրառում է արել. «Անհամբերությամբ սպասում եմ այս շաբաթավերջին  Հայաստանի արտաքին գործերի նախարարի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հետ հանդիպումներին, որպեսզի նպաստեմ նրանց միջեւ երկխոսության շարունակմանը: Միացյալ Նագանգները պատրաստ է օժանդակել տարածաշրջանում խաղաղության գործի առաջընթացին»: Երեւում է, վաղը Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ավելի լուրջ է, քան այդ մասին խոսում են փորձագետները եւ վերլուծաբանները՝ դրա հետ առանձնակի ակնկալիքներ չկապելով:

Ջոն Բոլթոնի գրառումը վկայում է, որ ԱՄՆ-ը ԼՂ կարգավորման բանակցային գործընթացին որոշակի լիցք հաղորդելու մտադրություն ունի: Այլապես նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հազիվ թե Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին հանդիպելու օրակարգ անոնսավորեր: Իրավիճակն ինտրիգային է նրանով, որ անցած աշնանը Բոլթոնն այցելել էր Երեւան եւ Բաքու եւ մի քանի ուշագրավ հայտարարություն արել՝ կապված տարածաշրջանի ապագայի հետ: Նա, մասնավորապես, հայկական կողմին խորհուրդ էր տվել ձերբազատվել պատմական կաղապարներից: Տեւական ժամանակ ադրբեջանական կողմը խոսում էր ԼՂ կարգավորման «Բոլթոնի պլանի» մասին այն կտրվածքով, որ Ռուսաստանը գործադրել է Հայաստանի նկատմամբ ազդեցության իր լծակները, որպեսզի Երեւանը մերժի ամերիկյան նախաձեռնությունը:

Ըստ ադրբեջանական կողմի՝ Բոլթոնի «նախագիծը» ենթադրում է գործի դնել «տարածքներ՝ խաղաղության եւ ապաշրջափակման դիմաց» սկզբունքը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը թողնելով անորոշ ապագային: Հանդիպելով Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին՝ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը որեւէ գրավոր առաջարկություն կներկայացնի՞ նրանց: Այս համատեքստում չափազանց ուշագրավ է ադրբեջանական մամուլում տեղ գտած արտահոսքը, որ «արտգործնախարարների հանդիպումից հետո Վաշինգտոնում կկայանա Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ բանակցությունների հերթական փուլը»: