Պատճառը վերացնելու փոխարեն հետեւանքների դեմ են պայքարում

Պատճառը վերացնելու փոխարեն հետեւանքների դեմ են պայքարում

Հայրենի դատախազությունը երկար մտածելուց, բազմաթիվ ահազանգերից ու բողոք-դժգոհություններից հետո վերջապես «գտել է» ձեւը, թե ինչպես «կանխի» ավտոմեքենաներից պետհամարանիշների գողության դեպքերը։ 

Այդ մասին հաղորդագրություն է տարածել՝ նախ հիշեցնելով․ «Վերջին տարիներին լայն տարածում են ստացել ավտոմեքենաների հաշվառման համարանիշների հափշտակության, այնուհետեւ նշված համարանիշները վերադարձնելու դիմաց տրանսպորտային միջոցի սեփականատիրոջից որոշակի հատուցում պահանջելու կամ առանց նման պահանջի դեպքերը», ու խոստովանել, որ ՀՀ իրավապահ մարմինները 2020 եւ 2021թթ. հունվար-փետրվար ամիսների պետհամարանիշների հափշտակության 306 դեպքից 261-ի մասով որոշումներ են կայացրել քրեական գործ հարուցելը մերժելու մասին, ընդ որում, դրանցից 235-ը՝ հանցակազմի բացակայության, 17-ը՝ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ։

Երկարատեւ ուսումնասիրության արդյունքում ՀՀ դատախազությունը եկել է այն եզրակացության, որ քրեական գործեր չեն հարուցվում այն հիմնավորմամբ, որ հաշվառման համարանիշները հափշտակության առարկա չեն հանդիսանում, քանի որ իրենցից որեւէ արժեք չեն ներկայացնում, մինչդեռ հափշտակության առարկա կարող են հանդիսանալ ցանկացած տեսքով ապրանքանյութական արժեքները, որոնք ունեն արժեքի տնտեսական հատկանիշ: Ակնհայտ է, որ հիշյալ արարքների կատարմամբ, բոլոր դեպքերում, տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը պատճառվում է նյութական վնաս, քանի որ վերջինս հափշտակված համարանիշը ձեռք բերելու համար վճարել է գումար, որն առավել մեծ պահանջարկ ունեցող համարանիշների դեպքում կարող է հասնել մինչեւ 8 միլիոն ՀՀ դրամի:

Այստեղ ամբողջ խնդիրն այն է, որ երկու պետհամարանիշը կորցնելու դեպքում սեփականատերը պարտավոր է նորից այդ պետհամարանիշի՝ աճուրդով սահմանված գումարը վճարել, ասենք՝ 150 հազար, 1.5 մլն կամ 8 մլն դրամ, որ վերականգնի իր ցանկալի պետհամարանիշը։ Սա հայրենի ոստիկանության պահանջն է։ Դրանից էլ օգտվում են գողերը՝ 8 մլն դրամանոց պետհամարանիշի դիմաց պահանջելով մի քանի հարյուր հազար դրամ՝ լավ իմանալով, որ սեփականատերը կնախընտրի 200-300 հազար վճարել՝ որպես «փրկագին», քան նորից մի քանի միլիոն դրամ՝ իր նախընտրելի թվերի համար։

Ու հիմա մեր իրավապահ մարմինները, փոխանակ հանեն այս արգելքը՝ հնարավորություն ընձեռելով վարորդներին սիմվոլիկ գումարով վերականգնել իրենց կորցրած նույնիսկ ամենաթանկարժեք պետհամարանիշը, որոշել են խնդրին հակառակ կողմից մոտենալ՝ խստացնել դրա քրեաիրավական հետեւանքները։ Ըստ այդմ՝ ՀՀ գլխավոր դատախազությունն արդարադատության նախարարություն է ներկայացրել Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու առաջարկություն՝  տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածով նախատեսված հանցագործության առարկաների շարքում նախատեսելու եւ հիշյալ հոդվածի շրջանակներում դրա հափշտակության համար քրեական պատասխանատվություն սահմանելու համար: 

Այսինքն՝ պատճառը վերացնելու փոխարեն պայքարում են հետեւանքների դեմ։ Արդյունքում գողերը նորից իրենց սեւ գործը տեսնելու են, հափշտակելու են մարդկանց պետհամարանիշները, գումար պահանջեն, ու եթե որեւէ մեկը դիմի ոստիկանություն, գուցե քրգործ կհարուցեն, որը կտեւի ամիսներ կամ տարիներ, եւ հարց է՝ ինչ արդյունք կտա, կգտնե՞ն գողին, կվերականգնվի՞ պետհամարանիշը, կամ՝ ի՞նչ է անելու տվյալ սեփականատերն առանց պետհամարանիշի, մինչեւ քրգործի ավարտը։ Դատախազությունում եւ ոստիկանությունում պետք է գլխի ընկնեին այս տարրական հարցերի շուրջ, բայց, ինչպես 300.1 հոդվածի դեպքում, այս պարագայում էլ սխալ տեղից են հարցին մոտեցել։

ՀՀ նախկին փոխոստիկանապետ, այժմ փաստաբան Հովհաննես Քոչարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նմանատիպ հանցագործությունները նախ սոցիալական վիճակի վատթարացմամբ են պայմանավորված, ասել է թե՝ աղքատության հետեւանքով ծնված հանցագործություններ են։ «Նման տեսակի հանցագործությունների կանխարգելման լավագույն ձեւերից մեկը օրենսդրական փոփոխություններն են, որովհետեւ ակնհայտ է, որ նախկին կարգավորումները էս համարանիշների իրավաչափ շրջանառության համար բավարար պայմաններ չեն ստեղծում։ Հետեւաբար, պետք է գնալ օրենսդրական փոփոխության։ Մարդկանց պետք է տրվի հնարավորություն՝ վերականգնել այն համարները, որոնց օգտագործման իրավունքը ձեռք բերելու համար նրանք գումարներ են վճարել։ Այդ հնարավորությունը պետք է օրենսդրությամբ վերադարձվի»,- ասաց պարոն Քոչարյանը։

- Իսկ ինչո՞ւ չեն անում, ի՞նչն է պատճառը։

- Օպոնենտները սրան հակադրում են այն, որ կարող է այդ իրավունքը չարաշահվի, եւ այդ համարներն իրականում գողացված չլինեն, գնան նորը վերցնեն ու դնեն այլ մեքենաների վրա։ Այո, նման բան էլ կարող է լինել։ Բայց երկու չարիքների մեջ էս պահին պիտի կատարվի ընտրություն։ Պետք է պատասխանատվությունը խստացվի հենց էդ արարքի վրա, երբ կեղծ հաղորդագրության հիման վրա համարանիշները ստանում են ու տալիս են իրենց ընկեր-բարեկամներին։ Զուգահեռ օրենսդրական փոփոխությամբ էլ պետք է համարները վերականգնելու հնարավորություն ընձեռվի։ Եվ դուք կտեսնեք, որ հաշված օրերի ընթացքում էս հանցագործություններն ուղղակի կվերանան։ Սա էն եզակի դեպքերից է, երբ օրենսդրական փոփոխությունը կարող է լիակատար կանխման բերել։ 

- Բայց այսօրվա կարգավորումներով էլ, երբ միայն մեկ պետհամարանիշը կորցնելու դեպքում է ոստիկանությունը վերականգնում այն, էլի հնարավորություն կա մեկ կամ երկու զույգ ավել նույն համարանիշից ունենալ՝ երկու անգամ դիմում գրելով ու նորը ստանալով։

- Դրա համար եմ ասում։ Մի նրբություն կա, թե ոստիկանությունն ինչու չի շտապում նման նախաձեռնությամբ հանդես գալ, որովհետեւ հասկանում է, որ շատ հնարավոր է՝ մեկ այլ բացասական հետեւանք զարգանա՝ ուրիշը վերցնեն դնեն այլ մեքենաների վրա։ Այսինքն, եթե ոստիկանությանը թողնես, էս մտավախությունը, որը ոստիկանության մոտ շատ բնական է, ինքը նախաձեռնություն չի ստանձնի։ Հետեւաբար, այդ նախաձեռնությունը պետք է ստանձնի քաղաքական մարմինը՝ արդարադատության նախարարությունը, կամ պատգամավորները, որոնք ավելի անկաշկանդ իրենց վրա կվերցնեն այդ պատասխանատվությունը՝ ոստիկանությանը նման հնարավորություն ընձեռելով: