Անցումային արդարադատությունը գործողության մեջ կամ` ցուցարարի վեթինգ հայկական ձևով

Անցումային արդարադատությունը գործողության մեջ կամ` ցուցարարի վեթինգ հայկական ձևով

Մանավանդ հիմա, երբ ՀՀ ՍԴ-ն արդեն համալրվել է Վահե Գրիգորյանի նման ուժեղ դատավորով, կուզենայի հենց ՍԴ-ին հաղորդում տալ մի արտառոց դեպքի մասին, որ տեղի է ունեցել ՀՀ մայրաքաղաք Երևանում, ավելի ստույգ` ՀՀ կառավարության տան մոտ, ոչ ավել, ոչ պակաս` Հանրապետության հրապարակում: Պարոնայք, ՍԴ-ականներ, խախտվել է ՀՀ Սահմանադրությունը, ավելին` ոտնահարվել է:

Հնարավոր է, ինձ ասեն՝ դիմիր ոստիկանություն, ԱԱԾ, առաջին ատյանի դատարան… Չէ, եղբայր, նրանց «ֆռիկներին» ես քաջ ծանոթ եմ, չեք համոզի: Ճիշտը միանգամից ՍԴ դիմելն ու ՍԴ հաղորդում ներկայացնելն է: Ի վերջո ոստիկանի ուսադիր չի պոկվել, որ ոստիկանություն դիմեմ, այլ սահմանադրական օրենք է խախտվել, այն օրենքը, որով ամրագրված է, որ մեր երկրի տերը և մեծագույն արժեքը ՀՀ քաղաքացին է: Եվ ուրեմն, հարգելի ՍԴ և Դուք, պարոն Վահե Գրիգորյան, լավ լսեք: Հա, ի դեպ, մենք սահմանադրության երաշխավորներ էլ ունենք` մեկին նախագահ են ասում, մյուսին` վարչապետ: Նրանք էլ թող լսեն, եթե ականջ ունեն:

Եվ այսպես, ՀՀ որևէ օրենքով արգելված չէ բեռնափոխադրող կամ մարդատար կենդանիներ պահելն ու դրանցով երթևեկելը: ՀՀ քաղաքացին, որ օրերս իր ունեցած էշով եկել էր Երևան, որևէ կերպ չէր մեղանչել Սահմանադրության դեմ: Հետևաբար, ինչո՞ւ ոստիկաններն այդ քաղաքացուն խցկեցին իրենց մեքենան և տարան: Հավելեմ նաև, որ քաղաքացին առերևույթ չեր ցանկանում իր կամքով նստել ոստիկանական մեքենան, և նրան բերման ենթարկելու գործողությունը տեղի էր ունենում հետաքրքրասիրությունից ավանակի շուրջը հավաքված երեխաների և նրանց ծնողների աչքի առաջ:

Ի՞նչ էր արել այդ քաղաքացին: Նա ընդամենը եկել էր Երևան: Այո, էշով էր եկել, բայց մի՞թե չի կարելի էշով կամ ձիով Երևան գալ: Պարզվում է, որ Սահմանադրությունը դա չի արգելում, իսկ երևանցիների տրամադրությունն էլ միանգամից բարձրանում է էշ ասելիս կամ տեսնելիս: Եվ ուրեմն, ինչո՞ւ ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը կարգադրեց բերման ենթարկել էշով Երևան ժամանած քաղաքացուն:

Դատելով ոստիկանների կիսահոդաբաշխ բացատրություններից` քաղաքացին, իբր, խախտել էր կենդանիների պահման կարգը: Շատ կներեք, բայց այդ օրինապահ քաղաքացին իր էշը ամուր կապել էր ծառից, իսկ էշն էլ, երկար ճանպարհից հոգնած, հանգիստ արածում էր ծառի տակ և իր նպաստը բերում Երևանի իշխանությունների անգործությանը` հնձելով երկարած խոտն ու պարարտացնելով հողը: Խնդրի գեղագիտական կողմն էլ այն էր, որ ասֆալտից բացի ոչինչ չտեսած երեխաները խռնվել էին էշի մոտ և ուրախությունից թռչկոտում էին: Եվ այստեղ օրենքից չհասկացողիս մեջ հարց է առաջանում` հարգելի ոստիկաններ, Երևանում 1-2 ժամով, ընդհուպ` մեկ օրով էշ պահելու կարգը ո՞րն է, կբացատրե՞ք:

Որպեսզի հասկանանք, թե ինչու ՀՀ իրավապահ մարմինները եկան և Հանրապետության հրապարակի նման հարթ տեղում ոտնակոխ արեցին ՀՀ Սահմանադրությունը, լավ կլիներ իմանալ, թե ո՞վ ահազանգեց ոստիկանություն և պատմեց, որ մի քաղաքացի էշով եկել է Երևան: Ոստիկանությունում, անշուշտ, կծիծաղեին այդպիսի ահազանգից, բայց, ամենայն հավանականությամբ` ամեն ինչ տեղի է ունեցել այլ կերպ: Չի բացառվում, որ կառավարության տան նոր աշխատակիցներից մեկն իր աշխատասենյակից նկատել է կենդանուն և բացականչել.

-Վայ, էշ…

Նրա այդ բացականչությունը լսել են բաժնի մյուս աշխատակիցները և լուրը տարել բաժնի պետին, որն էլ իր հերթին զեկուցել է վարչապետի խոսնակին, թե այսպես ու այսես մի մարդ էշով եկել, կանգնել է կառավարության շենքի մոտ: Խոսնակը, որ երբեք միագիծ չի մտածում, տեղեկանալով եղելությանը, վերցրել է հեռախոսն ու զը՞նգ` դուզ վարչապետին.

-Ալո, ո՞վ է:

-Վոլոդյան, պարոն վարչապետ:

-Վա՛յ, Լադիմիր, Լադիմիրովիչ ջան, էս ի՞նչ խաբար է, ինչո՞ւ եք հիշել մեզ:

-Պարոն վարչապետ, ես եմ, Վովան, Ձեր խոսնակը:

-Հա՛ա՛ա՛… Ձայնդ չճանաչեցի, երևի ազնիվ աշխատանքով հարստանալու ես: Դե ասա, ինչո՞ւ ես զանգել:

Խոսնակն ամեն ինչ պատմում է, իսկ երբ վերջացնում է, վարչապետը սկսում է նեղանալ.

-Հա, ի՞նչ անենք, մեր հպարտ քաղաքացին է, «Բենթլի» չունի` էշով է եկել, ի՞նչ կա դրա մեջ, էշ չե՞ք տեսել:

-Քաղաքացի չէ, պարոն վարչապետ, ցուցարար է, բողոքի ակցիա է անում, և էշն էլ պատահաբար չի ընտրված:

-Ակցիա՞, ո՞ւմ դեմ, ի՞մ…

-Ո՞նց ասեմ, պարոն վարչապետ, մեր կառավարության շենքի մոտ, սովորաբար, Պուտինից ու Թրամփից չեն բողոքում:

Թե ինչ տեղի ունեցավ այս խոսակցությունից հետո, մենք արդեն գիտենք: Ոստիկանները եկան, նախ կպան ավանակին, իսկ հետո սահուն անցում կատարեցին դեպի քաղաքացին, ձեռնաշղթաներ հագցրեցին նրան ու տարան: Հավանաբար, սա է անցումային արդարադատությունը` երբ ուզում են խաղաղ ցուցարարին հեռացնել կառավարության տան մոտից, նախ մի զավեշտալի պատճառ են գտնում, հետո անցում կատարում իրենց բուն «արդարադատությանը»:
Եվ հաղորդումս ավարտեմ երկու հետգրությամբ:

Հ.Գ. 1 Չմոռանամ ասել, որ ՀՀ քաղաքացին կառավարության տուն էր եկել գույնզգույն փուչիկներով և պաստառով: Նա հասցրեց դեպքի վայրում հայտնված լրագրողին տեղեկացնել, որ եկել է բողոքելու իր տունը խաբեությամբ խլած պաշտոնյաների դեմ: Փաստորեն, ՀՀ ոստիկանությունը, ասֆալտին փռելով և պատերին տալով բերման է ենթարկել խաղաղ ցուցարարին:

Հ.Գ. 2 Հարգելի ՀՀ քաղաքացի, եթե մինչ օրս ՀՀ իշխանությունները չեն վերադարձրել ձեր փոխադրամիջոցը, նշանակում է` Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն այն ձևակերպել է որպես «Կամազ» և, ի հեճուկս «Սանիթեքի», հաշվառել քաղաքապետարանի ավտոպարկում: Մանրամասների համար կարող եք զանգահարել Հայկ Մարությանին, իսկ որպեսզի շատ չմանրանաք` ուղիղ վարչապետին, նախագահին, ՄԻՊ-ին կամ ՍԴ: