Հայաստանում կա՞ մի բան, որ մերն է․․․

Հայաստանում կա՞ մի բան, որ մերն է․․․

Ոնց որ մի մեծ ակվարիումում լինենք․ Փաշինյանը  խայծը գցում  ու սպասում է , թե որսը ոնց  կմոտենա խայծին։ Մի քանի օր առաջ կառավարության նիստին խայծը գցեց․  «Ուրիշի ոչ նյութական արժեքը յուրացնելը սոլիդ չէ»։ Խոսքը հայկական կոնյակի մասին էր։ Որտեղից որտեղ լսել էր, որ  «Կոնյակ» անվանումը տեղանուն է և այն որպես խմիչք համարվում է Ֆրանսիայի ոչ նյութական արժեքը, իսկ հայերը յուրացրել են այն։ Այսօր ԱԺ-ում բյուջետային քննարկումների ժամանակ  նույնը կրկնեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ մի քայլ առաջ անցնելով։ Նշեց, որ «Կոնյակ» աշխարհագրական նշումի օգտագործման սահուն և արդյունավետ դադարեցման ուղղությամբ անհրաժեշտ գործընթացներ են իրականացվում։ «Հայկական կոնյակի համար որպես նախընտրելի տարբերակ առաջարկվել է օգտագործել «Armenian brandy» անվանումը»,- ասում է Պապոյանը։  Ասում ու անում են։ 

Փաշինյանի իշխանության գալուց հետո, չգիտես ինչպես, ինչու, հայկական ոչ մի բան չունենք։ Արցախը Հայաստան չէ։ Տվեց ու պրծավ։ Սյունիքի ծայրից բռնեց՝ հանձնեց ու թե՝ Հայաստան չէ։ Ջերմուկում ադրբեջանցիները տնավորվեցին,  բա թե՝ թշնամուն շրջապատել, սովամահ ենք անում։ Խռոված զույգի նման Տունը  կիսեց, մի պատ դրեց, թե՝ սա Ադրբեջանինն է․․․ Որ մենակ Ադրբեջանով պրծնենք, լավ է։ Աջ ու ձախից տեսնում են, որ հանձնում է, իրենք էլ են փայ ուզում։ Օրինակը գուցե կոպիտ թվա, բայց պիտի ասեմ։ Փաշինյանը խոզ խանձելուց նկար էր գցել համացանց։ Ասել է թե՝ տավար մորթել էլ կիմանա։ Գյուղում, երբ տավար են մորթում, «բաժին են անում»։ Ամեն մի փայը՝ հինգ կիլոգրամ։ Փայից ավել չեն տալիս, որ բոլորին հասնի։ Հայաստանն այդ վիճակում է հայտնվել․ փայ- փայ է անում, որ ոչ մեկը իրենից չնեղանա։ Բոլորին խոստացել ու բավարարում է։ Մեկ- մեկ չթվարկեմ փայատերերին։ Բանից պարզվում է՝ Հայաստանը ոչ մի բան չի ունեցել։ Որ հողդ, տունդ  ձեռքիցդ առնում, ասում են քոնը չէ, , կոնյակը կամ մնացած բաները ի՞նչ են, որ չասեն՝ ձերը չեն։ Այսպես որ գնաց, վայ թե՝ Հայաստան անունին էլ կարոտ մնանք։ Հարևանների ախորժակը որ տեսնում եմ, սարսափում եմ։ Միայն մորթած կենդանին են փայ- փայ անում։ Մի բան պարզ է։  Փաշինյանի իշխանության գալուց հետո հայկական ոչ մի բան չունենք։ Ինչի վրա ձեռքները դնում, ասում է՝ հայկական չի։ Լավ, Հայաստանում կա՞ մի բան, որ մերն է․․․