Փաստաբանների պալատը հանդես է եկել կոչով

Փաստաբանների պալատը հանդես է եկել կոչով

Հետպատերազմյան խնդիրներով պայմանավորված՝ փաստաբանները, այդ թվում՝ հանրային պաշտպանները, շարունակում են իրավաբանական օգնություն տրամադրել  ռազմական գործողությունների հետևանքով տուժած քաղաքացիներին՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց դատարան դիմելու միջոցով անհայտ բացակայող ճանաչելու հարցում, պետության կողմից սահմանված երաշխիքներից և արտոնություններից օգտվելու հնարավորությունն ապահովելու նպատակով: 

Ցավոք, գործնականում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ դատարանները մերժել են քաղաքացիների միջնորդությունները պետական տուրքի վճարման արտոնություն կիրառելու վերաբերյալ:

Դատարանները մերժել են նաև հանրային պաշտպանների ներկայացրած միջնորդությունները, այն դեպքում, երբ հանրային պաշտպանները, օրենքի համաձայն, անվճար իրավաբանական օգնություն են ցուցաբերում անվճարունակ և պետության հոգածության ներքո գտնվող խմբերի անձանց:

ՀՀ փաստաբանների պալատը կոչ է անում դատարաններին նշված գործերով պետական տուրքի արտոնություն կիրառելու միջնորդությունները քննելիս հաշվի առնել ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ընտանիքներում առաջացած հնարավոր նյութական խնդիրները, ինչպես նաև նրանց նկատմամբ պետության բարոյական և իրավական պարտականությունների առաջնահերթությունները:

Միաժամանակ, ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, ի թիվս այլ առաջարկների, ՀՀ Փաստաբանների պալատն օրենսդրական նախագծի տեսքով առաջարկ է ներկայացրել Կառավարությանը՝ նշված գործերով ներկայացվող դիմումների համար պետական տուրքից ազատելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու վերաբերյալ: 

Նշվածին զուգահեռ, կոչ ենք անում Կառավարությանը, մինչ օրենքում լրացում կատարելու միջոցով հարցի կարգավորումը, «Պետական տուրքի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի համաձայն` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով արտոնություն սահմանել ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիական անձանց անհայտ բացակայող ճանաչելու պահանջներով: