Օրենքը բուհերի փխրուն ինքնավարությունն ավելի երերուն հիմքերի վրա դրեց

Օրենքը բուհերի փխրուն ինքնավարությունն ավելի երերուն հիմքերի վրա դրեց

Խորհրդարանը երեկ ԱԺ հերթական նիստում 79 կողմ, 36 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց կառավարության հեղինակած «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթը։ 
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի խոսքով, էական փոփոխություն է տեղի ունեցել ռեկտորների ընտրության եւ նշանակման հարցում: Ընտրանքային տարբերակը փոխարինվել է ընտրության սկզբունքով. ներկա տարբերակում ռեկտորը կընտրվի կառավարման խորհրդում եւ կհրամանագրվի 5 տարի ժամկետով: Ըստ նախարարի՝ ամբիոնի վարիչի պաշտոնն այլեւս կհամարվի ակադեմիական, կփոխվի նաեւ ռեկտորի համար սահմանված տարիքային շեմը՝ 65-ից դառնալով 70: Եթե գործող օրենքով խորհուրդներում ուսանողների թիվը 25 տոկոս է, ապա նախագծով այն սահմանվում է մինչեւ 25 տոկոս: Նախագծում նաեւ, գիտական աստիճանից զատ, բուհի ռեկտորին ներկայացվող պահանջ է դրվում 5 տարվա գիտական եւ ակադեմիական գործունեության ստաժի առկայությունը: 

«Լուսավոր Հայաստանից» Աննա Կոստանյանը դեմ է քվեարկել օրինագծին եւ ունի իր հիմնավորումները։ Թե արդյունքում ինչ օրենք ունեցանք, Ա․ Կոստանյանը դժվարանում է ասել, քանի որ դրա ազդեցությունը կտեսնենք կիրարկումից հետո միայն․ «Շատ երկար ժամանակ քննարկվել է այս օրենքը, ներգրավված կողմերը շատ են եղել, եւ այս առումով բավականին ներառական էր, բայց թերությունն այն է, որ այս նախագծի հետ կապված սկզբունքային խնդիրներ կային, որոնց թե՛ մեր խմբակցությունը, թե՛ ես, որպես ոլորտային պատգամավոր, դեմ եմ եղել։ Դա հիմնականում վերաբերում էր կառավարման խորհուրդների, նաեւ ռեկտորների ընտրությանը։ Ու թեպետ վերջում կառավարությունը ռեկտորների ընտրության մասով զիջողական դիրք բռնեց, բայց այն, որ ռեկտորն ընտրվելու է կառավարման խորհրդի կողմից, դեռ չի նշանակում լիարժեք ինքնավարություն բուհի համար, որովհետեւ կառավարման խորհրդի 9 անդամներից 5-ին առաջադրում եւ նշանակում է լիազոր մարմինը, եւ միայն 4-ն են ակադեմիական շրջանակներից առաջադրվում։ Հետեւաբար, կարող ենք եզրակացնել, որ լիազոր մարմինն այստեղ ուղիղ ազդեցություն է ունենալու ռեկտորների վրա։ Այստեղ նաեւ ինքնավարության մասով շատ լուրջ հակասություններ կան ՀՀ սահմանադրության, բուհական ինքնավարության, տարիքային շեմի հետ կապված, ինչքան էլ որ բարձրացվեց այն, որովհետեւ տարիքային շեմը մինչեւ 70-ը սահմանելը տարիքային խտրականության դրսեւորում է, որն արգելված է Սահմանադրությամբ»։ 

Պատգամավորի դիտարկմամբ, ԱԺ-ում անընդհատ շահարկվել է նաեւ հանգամանքը, որ բովանդակային քննարկումներ չեն գնում, բայց «եթե այդ ծավալուն օրենքի մեջ կան մի քանի խնդրահարույց կետեր, բնական է, որ այդ խնդրահարույց կետերին պետք է անընդհատ խփենք, թիրախավորենք այդ կետերը, որովհետեւ դրանք սկզբունքային են, եւ չենք կարող ասել՝ գիտեք, այս օրենքն ինչ-որ առումով ուսանողության վրա կարող է դրական ազդեցություն ունենալ, ուրեմն եկեք ուշադրություն չդարձնենք այդ մի քանի սկզբունքային կետերին»։

«Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենսդրական փաթեթի հետ կապված՝ խմբակցությունն արել է մոտ 20 առաջարկ․ «Իշխանության, պատգամավորների կողմից բարձրաձայնվեց, որ դրանց մի մասն ընդունվել է, բայց դրանք ոչ թե ընդունվել են, այլ 2-րդ ընթերցման ժամանակ ի հայտ եկավ ընթացակարգի խախտում, եւ իշխանությունը դեմ քվեարկեց օրենքին՝ տեղափոխելով առաջինից երկրորդ ընթերցման ընթացակարգ, եւ այդ լրամշակման ժամանակ մեր առաջարկներից որոշները կառավարությունը որդեգրեց, եւ ստացվեց այնպես, որ մեր եւ իրենց առաջարկներից մի քանիսն իրար հետ համընկան։ Այսինքն՝ միանշանակ չի կարելի ասել, որ ընդունել են մեր առաջարկների մի մասը, դրա համար մենք դեմ քվեարկեցինք՝ առաջնորդվելով այդ մի քանի սկզբունքային հարցերով, որոնք բուհական համակարգի առանց այն էլ շատ փխրուն ինքնավարությունն էլ ավելի երերուն հիմքերի վրա են դնելու»։   

Օրինագծի քննարկումներից մեկի ժամանակ նախարար Դումանյանը մի հիմնավորում բերեց, ըստ որի՝ պետությունը, որպես հիմնադիր, իրավունք ունի միջամտելու պետական բուհերի գործունեությանը՝ ակնհայտորեն իշխանությունը նույնացնելով պետության հետ, ինչն Ա․ Կոստանյանը բացասական է գնահատում։ «Փաստացի, լիազոր մարմնից ներկայացուցիչը հանդիսանում է իշխանության դիրքորոշումն արտահայտողը, իշխանությունը հայտարարում է, որ բուհական համակարգի վրա ուղիղ ազդեցություն ունենալով՝ իր ձեռքի գործիքն է դարձնում, որը կարող է շատ տարբեր նպատակներով օգտագործվել, այդ թվում՝ քաղաքական պրոցեսներում։ Մինչդեռ այս իշխանությունները իրենց տարբեր տարիների պայքարի ընթացքում միշտ հայտարարել են, որ պետք է բուհական համակարգն ապաքաղաքականացնել, բայց հիմա ավելի ուղիղ ազդեցությամբ են փորձում կառավարումն իրականացնել, ինչն անընդունելի է»,- ասում է Կոստանյանն ու  նախարարի արած հայտարարությունը համարում անհեթեթ․ «Գուցե նախարարը չի նկատել, որ մենք այլեւս խորհրդային շրջանում չենք ապրում, եւ այն ժամանակ պետությունը 100 տոկոս սեփականատեր էր համարվում, որովհետեւ լիարժեք ֆինանսավորումն էլ էր պետությունն իրականացնում։ Եթե հիմա իշխանությունը հավակնություն ունի նորից դառնալ լիարժեք սեփականատեր, ուրեմն կրկին պետք է անցում կատարի լիարժեք ֆինանսավորման եւ դուրս բերի վճարովի համակարգը»։

Այն, որ օրենքում հստակ ամրագրված չէ պետության ֆինանսավորման չափը, արդյոք նշանակո՞ւմ է, որ պետությունը չի ուզում պատասխանատվություն վերցնել կրթական համակարգի առաջ․ «Այստեղ պատասխանատվության հարց չէ, այլ օրենքի ուժով ամրագրելու պետության պարտավորությունը ֆինանսական հատկացումների մասով, որովհետեւ այս կամայականությունն ապագայում կարող է հանգեցնել նրան, որ հաջորդ պահին, օրինակ, պետությունը որոշի կիսով չափ կրճատել բարձրագույն գիտության կամ կրթության ոլորտի ֆինանսավորումը։ Այս առումով սա խնդրահարույց է եւ անընդունելի, որովհետեւ եթե մենք առաջնորդվում ենք այն մտքով, որ գիտությունը, կրթությունը պետության կայուն զարգացման հիմքն են, եւ պետք է առավել մեծացնենք ուշադրությունը կրթական ոլորտի հանդեպ, ապա գոնե օրենքի ուժով այդ երաշխիքները չեն համապատասխանում հանրահռչակած  իրենց սկզբունքներին»։      

«Լուսավոր Հայաստանը» հետամուտ կլինի համապատասխան գործընթաց սկսելու՝ առնվազն 2-3 դրույթներով օրենքի սահմանադրականությունը վիճարկելու տեսանկյունից․ «Մենք խմբակցության ներսում քննարկումներ կանենք նպատակահարմարության, ինչպես նաեւ իրավական հիմնավորումներն ավելի ճիշտ ձեւակերպելու եւ ըստ այդմ գործընթացը սկսելու համար»։