«Առավոտ»․ «Սա ոչ թե բանաձեւ է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ»

 «Առավոտ»․ «Սա ոչ թե բանաձեւ է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ»

«Առավոտ» թերթը գրում է. «Այսպիսի հայտարարությունները որեւէ նշանակություն չունեն, դեռ հարց է՝ կընդունվե՞ն, թե՝ ոչ»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԵԱՀԿ-ում քննարկման դրված այն բանաձեւը, որում ղարաբաղյան հակամարտության հետ կապված խնդրահարույց ձեւակերպումներ կան, այսպես պատասխանեց Արցախի նախագահ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք՝ հուլիսի 4-8-ը Լյուքսեմբուրգում ընթացող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի տարեկան ամառային 28-րդ նստաշրջանին Քաղաքական եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում քննարկվեց Ալան Փարելի հեղինակած «Անվտանգության ապահովման հարցում կայուն զարգացման ապահովում, խորհրդարանների դերակատարությունը» խորագրով զեկույցը:

Այստեղ կան խնդրահարույց դրույթներ: Մասնավորապես բանաձեւի 10-րդ կետում նշված է. «Մտահոգություն ենք հայտնում կառուցողական երկխոսության հաստատման համար կայուն զարգացման բացակայության հետ կապված ԵԱՀԿ տարածքում հակամարտող կողմերի միջեւ, մասնավորապես՝ Վրաստանում Աբխազիայի, Ցխինվալիի, Հարավային Օսեթիայի շրջաններում, Դոնեցկում, Լոպանսկում, Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում, Անաստոպոլում եւ Լեռնային Ղարաբաղում ու Ադրբեջանի 7 շրջաններում»: 19-րդ դրույթում Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի հետ մեկ հարթությունում կոչ է արվում հարգել նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

Այս խնդրահարույց ձեւակերպումների հետ կապված մտահոգություններ հայտնեցին ինչպես ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները, այնպես էլ ԵԱՀԿ այլ պատվիրակներ: Մասնավորապես այլ երկրների պատվիրակները մտահոգություն հայտնեցին, որ չի կարելի բոլոր այս հակամարտությունները ներկայացնել մեկ պարբերությամբ, քանի որ դրանք առանձին եւ առանձնահատուկ մոտեցման կարիք ունեն: Հարցին՝ Արցախի իշխանությունները հայտարարությամբ հանդե՞ս են գալու, Դավիթ Բաբայանը պատասխանեց. «Նման բանաձեւերը կարող են ունենալ միայն մեկ ազդեցություն, այդ կառույցի վարկանիշը կտրուկ ընկնելու է: Ուրիշ որեւէ ձեւ չկա:

Աոաջին անգամ չէ, երբ այս կառույցում նման բանաձեւեր են քննարկվում: Սա ոչ թե բանաձեւ է, այլ Ադրբեջանի կողմից գնված մի փաստաթուղթ, որը ներկայացնում են, եւ նրանք ստորագրում են: Նման բանաձեւերին պետք չէ լուրջ վերաբերվել, այլ պետք է հասկանալ, որ սա զուտ քաղաքական խնդիր է, որը նպատակ ունի միայն Ադրբեջանի հավակնությունները եւ փողը: Սա աշխատանք է, որն Ադրբեջանը ֆինանսավորում է: Այսպիսի բանաձեւերը ծնվում են Բաքվում, պարզապես տարածվում են ինչ-ինչ մարդկանց կողմից»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում