Ձայն փախցնողները

Ձայն փախցնողները

Իհարկե, արտահերթ ընտրությունների դեպքում նախատեսված նախընտրական քարոզչության ժամկետը, որը սահմանում է Ընտրական օրենսգիրքը, շատ կարճ է՝ 12 օրում քաղաքական ուժերն անգամ չեն հասցնի մեկական հանդիպում ունենալ յուրաքանչյուր մարզում, մարդկանց հետ շփվել, իրենց ծրագրերն ու երկրի զարգացման պատկերացումները ներկայացնել։ Իհարկե, այս շփոթի ու քաոսի մեջ ընտրողի համար շատ բարդ է լինելու կողմնորոշվելը եւ առաջադրված 10 կամ 20 կուսակցություններից ընտրել արժանիին։ Քիչ թե շատ կողմնորոշվելու համար հարկավոր է ողջ օրը կարդալ ու լսել, ուսումնասիրել թեկնածուներին, որպեսզի կարողանան տարբերել թացը չորից, լավը՝ վատից։

Պարզ է նաեւ, որ ընտրություններին հարկավոր է սկսել պատրաստվել նախորդ ընտրություններն ավարտվելու հաջորդ օրվանից սկսած, այլ ոչ թե վերջին մեկ-երկու ամսում, որպեսզի մեկ ամսում ծլած սունկ-կուսակցություններից տարբերվես եւ երկար ու հետեւողական աշխատանքով կայանաս, այլ ոչ թե ընտրողից ձայն փախցնելու սկզբունքով գործես՝ խաբելով ու ապակողմնորոշելով նրան։ Իսկ երբ անցնի ժամանակ, եւ խաբված ընտրողի աչքերը բացվեն, նա քո կուսակցության անունն անգամ լսել չցանկանա եւ հաջորդ ընտրություններում իր քվեն տա հենց մեկ ամսում ծլած մի հերթական խաբեբա կուսակցության՝ առաջնորդվելով «անփորձ թանը լավ է, քան փորձած ու քեզ մեկ անգամ խաբած մածունը»։

Այս բոլորը ճիշտ է, բայց մենք վաղուց դադարել ենք բնականոն կյանքով ապրելուց, եւ բնական ու տրամաբանական կանոնները մեզանում վաղուց արդեն չեն աշխատում, այլ աշխատում են իրավիճակային լուծումները, Աստծո կամքն ու ճակատագրի քմահաճույքը։ Եվ հիմա քաղաքական դաշտը ողողած թեկնածու ուժերի հույսն այն է, որ իրավիճակը կլինի իրենց օգտին, Աստված եւ ճակատագիրն էլ իրենց օգնության կգան։