Հերմինե Նաղդալյանի ընտանիքն ապօրինի՞ է օգտագործում հանքը

Հերմինե Նաղդալյանի ընտանիքն ապօրինի՞ է օգտագործում հանքը

Շաքի համայնքի տարածքում գտնվող մի քանի հեկտար հողը կռվախնձոր է դարձել ազգականների ու ԱԺ նախկին պատգամավոր Հերմինե Նաղդալյանի ընտանիքի միջեւ։ 

Նաղդալյանի ամուսինը՝ Դավիթ Բեգլարյանը, 90-ականներին 1146 հեկտար հող է գնել Շաքիի բնակիչներ՝ հայր եւ որդի Գալստյաններից, որի վրա ներկայում ընտանիքին պատկանող «Սիսիան-ՇԻԿ» ՓԲԸ-ն հանքարդյունաբերությամբ է զբաղված։  Վաճառվել է նաեւ Սլավիկ Գալստյանի հողակտորը։ Գալստյանը, ինչպես ինքն է վստահեցնում, տեղյակ չի եղել, որ հայրն ու եղբայրը վաճառել են իր հողը, ու այս մասին իմացել է միայն տարիներ հետո։ «Մենք դուրս եկանք գյուղից, գնացինք Ռուսաստան, հետ եկանք ու պատահաբար իմացանք, որ մեր հողում քարհանք է աշխատում, որ եղբայրս իր հողը ծախել է Հերմինե Նաղդալյանին եւ նրա ամուսնուն»,- ասում է նա։ 
«Դիմել եմ կադաստր ու ստացել եմ փաստաթուղթ, կադաստրի վկայական, անցյալ տարվա հունիսի 6-ի ամսաթվով, որտեղ գրված է, որ այդ 1146 հեկտարն իմն է,- պատմում է Սլավիկ Գալստյանը, որը, վկայականը ձեռքին, եկել էր թերթի խմբագրություն։- Գնացինք, տեսանք հանքի տնօրենին՝ Լաուրային։ Նա ասեց՝ ի՞նչ ես ուզում հողիդ համար։ Ասեցի՝ մի միլիոն, ասեց՝  ծիտիկներն էլ հե՞տն ես ծախում։ Հա, ասեցի, արեւն էլ հետն եմ ասում։ Ասեց՝ Բեգլարյան Դավիթը ստեղ չի, կգա, նոր կհասկանանք»։ 

Նա մտադիր չէ հանձնվել։ «Ի՞նչ է Ձեր ուզածը» հարցին պատասխանում է․ «Այս հողն իմ անունով է, ու Դավիթ Բեգլարյանն ապօրինի է օգտագործում։ Թող չափեն, իմ հողի վրա աշխատած գումարները, ինչքան որ շահագործել են էս տարիներին, դրա գումարները մեզ հետ տան»։ 
Շաքիի հանքի նախկին տնօրեն, ներկայում ձեռնարկության հաշվապահ Լաուրա Ալեքսանյանը պնդում է, որ կադաստրի թերությունն է եղել այն, որ հանքի քարտեզը չի փոխվել։ «Իրենց կադաստրի վկայականի մեջ փոփոխություն չի արվել, բայց նոտարով հաստատված վաճառքի պայմանագրով, ամեն ինչով երեւում է, որ այդ հողը մեզ է պատկանում։ Կադաստրի վկայականի մեջ իրենց հողը պետք է պակասեր, քարտեզը պետք է փոխվեր, բայց չի փոխվել»։ 

«Սիսիան-ՇԻԿ» ՓԲԸ նախկին տնօրեն Արմեն Անդրեասյանը վստահեցնում է, որ ինքն է իրականացրել գործարքը։ «Առքուվաճառքի պայմանագիրը կա, կադաստրի վկայական, բացի դա, ձեռքով գրված թուղթ կա, որը մինչեւ հիմա պահպանվում է, որ մենք դրա դիմաց իրենց ինչքան փող ենք տվել, հայր ու տղա ստորագրել են այն»,- ասաց տնօրենը։ Նրան մի քանի հարց տվեցինք։  

- Կոնկրետ ո՞վ է ստորագրել այդ թուղթը, Սլավիկ Գալստյա՞նը։

- Նրա հողն ընկնում էր հանքի հողերի հետեւը, մեզ այն պետք չէր, մենք չենք առել։ Հիմա կադաստրը մեզ տվել է այն ժամանակվա վկայականը, ու այդ հողը վկայականում ներառված է ու սեփականության իրավունքով փոխանցված է մեզ։ Սլավիկի հողն այն ժամանակ հետեւի մասում էր ընկնում։ Ինքը վկայականը կորցրել է, գնացել է կադաստր, իրեն ինչ-որ վկայական են տվել։ Մենք այդքանի համար փող ենք վճարել, թող մեր փողը հետ տան։

- Ի՞նչ գումար եք տվել։

- Չեմ հիշում։ Իրենք էլ ստորագրել են, որ պարտք ու պահանջ չունեն։

- Բայց Սլավիկ Գալստյանն ասում է, որ իր ազգականներն են գործարքն արել, իսկ ինքը կապ չունի։

- Այդ նույն հողի համար մենք էլ ունենք վկայական։ 

Հաշվապահ Լաուրա Ալեքսանյանն էլ ասաց, որ ինքն անձամբ է հարցում արել կադաստր։ «Գործարքը կատարվել է, բայց կադաստրի թերությունն  է եղել, որ քարտեզում փոփոխություն չի կատարվել»։ Սլավիկ Գալստյանի ազգանունը կա՞ առքուվաճառքի պայմանագրում։ «Ես անձամբ չեմ տեսել, բայց կադաստրը հարցում կատարեց, պատասխանեցին, որ այդ փաստաթղթերը կան։ Մենք խնդիր չունենք, թող գնան դատարան»,- ասաց հաշվապահը։