ՍԱՊԾ մեթոդոլոգիայի վարչության նախկին պետը դիմել է իրավապահներին

ՍԱՊԾ մեթոդոլոգիայի վարչության նախկին պետը դիմել է իրավապահներին

Երեկ հայտնել էինք, որ Քննչական կոմիտեում այս պահին մեկ այլ՝  ներմուծումների մասով գործ է քննվում, որը վերաբերում է ՍԱՊԾ աշխատակիցների կողմից տնտեսավարողների բեռների ռիսկերի միավորները կամայական բարձրացնելուն։

Բեռներից մեկը, որը, իբր՝ բարձր ռիսկային բեռ է, անօրինական հիմքերով ուղարկվել է լաբորատոր փորձաքննության: Քննչական կոմիտեն այս առիթով ընդամենը հայտնեց «Հրապարակի» հարցմանն ի պատասխան, որ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) 1-ին մասով, որով նախաքննությունը կատարվում է ՀՀ քննչական կոմիտեում: Իսկ ՍԱՊԾ պետ Գեւորգ Ավետիսյանը, մեր հարցերին պատասխանելով, նշեց, որ գործը հարուցվել է իր նախկին աշխատակցի՝ մեթոդոլոգիայի բաժնի նախկին պետ, ներկայում «Բեկում» ՀԿ նախագահ Արմեն Վարդանյանի բողոքի հիման վրա: «Մենք նրան նոր հաստիք առաջարկեցինք, նա չհամաձայնվեց, հիմա իրավական վիճարկումներ է անում: Թողնենք քննչական կոմիտեին, իր գործն անի: Անօրինական ոչինչ չի արվել: Վարդանյան Արմենն է դիմել, որ դա անօրինական է, ես չեմ գտնում, որ անօրինական է ու ներկայացրել եմ քննչական կոմիտեին մեր դիրքորոշումը»։

ՍԱՊԾ մեթոդաբանության վարչության նախկին պետ Արմեն Վարդանյանը արձագանքել է մեր հրապարակմանը։ Նա հայտնեց, որ տարատեսակ խախտումների մասին բարձրաձայնել է դեռևս 1 տարի առաջ, երբ դեռ աշխատում էր ՍԱՊԾ-ում, և իրավապահներին տրված իր դիմումը չի կարելի բացատրել նրանով, որ ինքը չի համաձայնվել իրենից ազատվելու համար իրեն առաջարկած հաստիքն ընդունելուց։ Հարցին, թե ի՞նչ գրավոր դիմումի մասին է խոսքը, պատասխանեց․ «Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնում Ավետիսյան Գեորգիի հայտնվելուց հետո ներկայացրել եմ թե նախկինից եկող և շարունակվող, թե տվյալ ժամանակահատվածի խնդիրների մասին։ Գեորգիին ճանաչում եմ ոչ միայն ՍԱՊԾ ենթակայության ՀԱԲԼԾԿ լաբորատորիայում իր աշխատանքի և պաշտոնավարման, այլև բուհական մասնագիտական կրթության ժամանակահատվածում: Ուզում եմ շեշտել, որ չէի կարող պատկերացնել, որ կայացած մարմինը և աշխատակազմը կարող է այդ կերպ դեգրադացվել»։ Արմեն Վարդանյանն ասաց, որ բարձրաձայնել է առերևույթ քրեորեն հետապնդվող բազմաթիվ խախտումների մասին՝լիազորությունների վերազանցում, պաշտոնական դիրքի չարաշահում, հովանավորչություն, և այլն, դիմել է նաև Փաշինյանին։ «Ես դիմել եմ իմ կատարողականի արդյունքների ցածր գնահատականը Ավետիսյանի կողմից չպատճառաբանելու և ծառայողական քննություն իրականացնելու գրավոր պահանջով, որը ևս մնացել է անպատասխան և հայտնի չէ, թե ինչ է արվել»:

Հարցին, թե ի՞նչ կարող է ասել բեռներն ապօրինի փորձաքննությունների ուղարկելու, պաշտոնական չարաշահումների գործի մասին, նա պատասխանեց․ «Հարցաքննվել եմ նախաքննությամբ ՍԱՊԾ սահմանային հսկողության ընթացքում կատարված գործողությունների և դրա արդյունքում  բեռների ռիսկայնության անհիմն կամ անհայտ հիմքերով բարձացման հետևանքով բեռները լաբորատոր փորձաքննության ենթարկելու հաստատված փաստերի և դրա հետևանքով վնաս կրելու համար որոշ տնտեսավարողների հաղորդումների հիման վրա հարուցված գործերով, որի վերաբերյալ տվել եմ բացատրություններ և պարզաբանումներ: Այլ մանրամասների չեմ տիրապետում և քննչական մարմինն է իրավասու տեղեկատվության տրամադրելու հարցում»: