Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի արձագանքը մամուլի հրապարակումներին    

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի արձագանքը մամուլի հրապարակումներին    

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի  ղեկավարությունը, մանկավարժական և սպայական կազմը ուշի-ուշով հետեւում են վերջերս վարժարանի շուրջ ծավալվող շահարկումներին ու հրապարակումներին։ Այսօր կրկին խորին հիասթափությամբ հետեւեցինք ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ պարոն Բաբայանի ճեպազրույցին եւ հերթական անգամ ցավով արձանագրում ենք, որ պարոն Բաբայանն իրավիճակին ու տվյալներին ուղղակի չի տիրապետում։
 
 Անդրադառնանք ճեպազրույցում մատնանշված մի քանի «փաստարկի»
 
1.«Վարժարանն ունի մինչեւ 100 ուսանող» Վարժարանն 2018-19թթ. ուսումնական տարին սկսել է  215 սաներով, իսկ ներկայում մեր մոտ սովորում են 190 սան։ Հաշվի առնելով կառուցի նկատմամբ մեծ հետաքրքրությունը՝ 2019-20թթ. ուսումնական տարում նախատեսում ենք ունենալ 250 սան, այդ թվում, առաջին անգամ նաև աղջիկների։ 
2.«Վարժարանի տարածքում գտվող հյուրանոցն ու քոթեջները փակի տակ են»  Հյուրանոցն ու քոթեջները ժամանակին ծառայել են վարժարանի՝ Երեւանից հրավիրված ուսուցչական և սպայական կազմի համար, իսկ այս տարվանից նախատեսվում է այն օգտագործել  որպես հյուրանոց։ Միայն 2018-ին վարժարանն իրականացրել է 2՝ ԵՄ կողմից ֆինանսավորող սեմինարներ և ֆորումներ: Այս տարի եւս արդեն ունենք մի քանի հաստատված միջոցառում։ Վարժարանը անփոխարինելի հանգրվան է ՊՆ այցելած բարձրաստիճան հյուրերի ու բազմազան ծրագրերի համար։ Հատկանշական է, որ հենց մեր վարժարանում են իրականացվում ԱՊՀ երկրների մասշտաբով երկու խոշորագույն միջոցառումները՝ «Համագործակցության մարտիկ» մրցաշարն ու ռազմական ուսումնական հաստատությունների միջև անցկացվող օտար լեզուների օլիմպիադան, որի մասնակիցները բնակվում են հյուրանոցում։ Քոթեջները նույնպես բնակեցված են։ Դրանցից մեկը ծառայում է որպես բուժկետ, մյուս երեքում տնօրինությունն է ապրում, ում հանգստյան օրերին ժամանակ առ ժամանակ այցելում են ընտանիքի անդամները։ Մյուս քոթեջներում էլ հյուրընկալվում են վարժարան դասախոսություններով այցելող անվանի պետական և ռազմական գործիչներ, մտավորականներ։ 
 
 Պարոն Բաբայանի մոտ  թյուր տպավորություն է ձևավորվել, որ վարժարանը, ինչպես ինքն է նշում,լավագույնս և նպատակային չի կարող իրականացնել նման ծառայություն:Խորհուրդ ենք տալիս պարոն Բաբայանին ուշադիր ծանոթանալ վարժարանի ղեկավարության կենսագրություններին, որոնք կյանքի մեծ ճանապարհ են անցել և տարիներ շարունակ ղեկավարել են տարբեր կառույցներ, ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
 
Զարմանալի է նաեւ,  որ այցի արդյունքում պարոն Բաբայանի մոտ չեն տպավորվել և ֆեյսբուքյան գրառման մեջ տեղ չեն գտել վարժարանի շարահրապարակները, մարզական արգելագոտին, արտաքին և ներքին մարզասրահները, առանց որի անհնար է իրականացնել սաների ռազմամարզական կրթությունը:
 
Ծախսերի մասին։ Եթե սկզբում վարժարանի ղեկավարութունը շեշտը դրել էր ուսումնական գործընթացի ճիշտ կազմակերպման  եւ վարժարանը բնականոն հունի մեջ ներդրման վրա, ապա այժմ այդ ամենի հետ մեկտեղ վարժարանի թիմն աշխատում է լրացուցիչ ֆինանսական միջոցներ ներգրավելու ուղղությամբ՝ փորձելով հնարավորինս մեղմել պետական ֆինանսավորման բեռը վարժարանի պահպանման համար։

Իսկ վերջում հավելենք, որ պարոն Բաբայանի կողմից նշված այսպես կոչված «թափանցիկ» գործելաոճը չի ենթադրում միայն կառավարության և ԱԺ նիստերի ուղիղ հեռարձակումը:Ժողովրդավարությունը և թափանցիկությունը ենթադրում են հասարակության ներգրավումը որոշումների կայացման գործընթացում, հասարակական լսումներ կարևոր հարցերի վերաբերյալ և ոչ թե փոստ ֆակտում տեղեկատվություն կայացված որոշման մասին կամ հավաստիացումներ, որ վաճառքի գործարքը թափանցիկ կլինի:

Միգուցե, եթե պարոն Բաբայանն այցելեր որեւէ աշխատանքային օր, այլ ոչ թե կիրակի,  ու հանդիպեր վարժարանի ղեկավարության եւ սաների հետ, իր կարծիքը վարժարանի, տարածքի նպատակայնության ու նշանակության մասին կփոխվեր, ու ավելի լավ տեղեկացված կլիներ կառույցի վերաբերյալ՝ խուսափելով չճշտված տեղեկություններ հրապարակելուց։ Շատ ցանկալի կլիներ նաեւ, որ հաշվի առնվեր փաստը առ այն, որ վարժարանը ղեկավարվում է հոգաբարձուների խորհրդի կողմից ու որոշում կայացնելիս հոգաբարձուների խորհրդին տեղեկացնել ու կարծիք հարցնելը նույնպես մասնագիտական էթիկայի մեջ կլիներ։
 
 Իսկ համեմատել Հայաստանի լավագույն, իր տեսքով և բովանդակությամբ միջազգային չափորոշիչներին համապատասխանող ռազմամարզական վարժարանը մանկապարտեզի հետ դա առնվազն  հեգնանք է մեր երկրի ռազմական կրթության և դաստիարակության հանդեպ:
 
Հարգանքով՝
 
Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի տնօրինություն