Ինչո՞ւ են նվազել ռուսական ներդրումները

Ինչո՞ւ են նվազել ռուսական ներդրումները

Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանից հետաքրքրվեցինք, թե վերջին մեկ տարվա ընթացքում որքան է կազմել ռուսական կապիտալի ներհոսքը կամ, այսպես ասած, ռուսական ներդրումների ծավալը Հայաստանում։ Պարոն Խաչատրյանը դժվարացավ միանգամից հստակ թիվ ասել, բացեց ձեռքի թղթապանակն ու ինչ-որ վիճակագրական տվյալներ պարունակող թղթերի մեջ փորձեց գտնել Ռուսաստանից եկող ներդրումների թիվը՝ 90.1 մլն դոլար։ Պարզվեց՝ դրանք ոչ թե ուղիղ ներդրումներ են, այլ՝ «կուտակային», որոնք հետո պետք է մեթոդաբանորեն հաշվել՝ գումարել, հանել, բաժանել, բազմապատկել, հետո այդ ամենի դիսկրիմինանտը որոշել, ապա ալգորիթմն ու ինտեգրալը հաշվել։ Վերջում էլ երեւի մի երկու հեղափոխական գործակից արժե ավելացնել, որ բազմապատկենք՝ մի քիչ թիվը բարձր կանգնի, որպեսզի վերջապես հասկանանք, թե այդ ներդրումների «զուտ քաշը» որքան է։ 

Բայց Տիգրան Խաչատրյանը՝ որպես փորձառու տնտեսագետ եւ մեր ներդրումների իրական պատկերին ու միտումներին քաջատեղյակ մարդ, արդեն կռահել էր, թե հարցն ինչու ենք տալիս, ու առաջ անցնելով՝ միանգամից կանխեց մեզ․ «Ասում եք՝ ռուսական ներդրումները նվազո՞ւմ են, թե՞ չէ, կամ իրենք արգելո՞ւմ են, թե՞ չէ»։

Պարոն Խաչատրյանը շատ ճիշտ էր կռահել, քանզի կա՛մ կարդացել էր մեր նախորդ հոդվածը, ըստ որի՝ տեղեկություններ կան, որ ՌԴ իշխանություններն արգելել են տեղի հայ գործարարներին ներդրումներ անել Հայաստանում, կա՛մ ինքն էլ ուներ նման ռեալ ինֆորմացիա։

«Ես էսպիսի բան եմ լսել, որ իրենց մոտ, ընդհանուր առմամբ, բոլոր դուրս գնացող խոշոր գումարների նկատմամբ կա զգայունություն։ Նույնը պատկերացնենք Հայաստանում, եթե մենք էսօր՝ որպես հասարակություն, լսում ենք, որ հայկական կապիտալը գնում է որեւէ երկիր, այդ թվում՝ մեր հարեւան Վրաստան, ինչ-որ մի զգացողություն ենք ունենում, որ եթե էդ ներդրումները կարող էին կատարվել Հայաստանում, ինչո՞ւ են գնում Վրաստան, չէ՞։ Այդ նույն տիպի զգացողություն, իմ պատկերացմամբ, կա նաեւ Ռուսաստանում։ Այսինքն՝ իրենք ունեն տնտեսության մեջ ներդրումների մեծ պահանջ, պակաս, կարիք եւ երբ որ տեսնում են, որ թեկուզ բարեկամ երկրներ որոշակի հոսքեր են լինում, հարց են տալիս, ասում են՝ բա ինչո՞ւ էդ տեսակ բաներ»,- ներդրումների պակասն ավելի շատ բարոյական հարթության մեջ փորձեց բացատրել Տիգրան Խաչատրյանը։   

- Ձեր ասածը տրամաբանական է թվում, բայց, մյուս կողմից, ասում են՝ քաղաքական ենթատեքստ կա այստեղ, այն է՝ Հայաստանի հանդեպ ռուսական իշխանությունների վերաբերմունքով է պայմանավորված, որ ՌԴ-ից ներդրումներ չեն գալիս Հայաստան։

- Քաղաքական, ասում են, չկա։ Ես հասկանում էի, որ հարցը կարող է էդտեղից է գալիս։ Ում հետ ես խոսել եմ եւ ում խոսքին կարող եմ վստահել, ասում են, որ չկա էդպիսի բան։ Առաջին հերթին չկա քաղաքական ենթատեքստ, վստահաբար, եւ եթե կա էդպիսի երեւույթ, ապա կառուցված է այդ տրամաբանության շուրջ։

- Եթե համեմատում ենք նախորդ տարիների հետ, էլի նույն պատկե՞րն է ՌԴ-ից՝ ներդրումների մասով։

- Կարծում եմ՝ միշտ եղել է էդ երեւույթը։ Ես չեմ լավագույն մեկնաբանը, որ կներկայացնի իրավիճակը Ռուսաստանում, բայց իրենց մոտ որոշակի տնտեսական դժվարություններ կան, կամ չկան աճի այն տեմպերը, որոնք որ հասարակությունը սպասում է, որ պետք է լինեն։ Բնականաբար, այդ պայմաններում իրենք չափազանց շահագրգռված են, որ ներդրումներն առաջին հերթին կատարվեն հենց Ռուսաստանում։

- Այդ դեպքում Նիկոլ Փաշինյանն ինչի՞ վրա է հենվում՝ անընդհատ կոչ անելով, որ գան եւ ներդրումներ անեն այստեղ, ինքը տեղյա՞կ չէ այդ ամենից։

- Ես կարծում եմ՝ վարչապետի եւ ցանկացած կառավարության պարտականությունն է․․․ դա, մեծ հաշվով, մրցակցություն է, չէ՞։ Ամբողջ աշխարհում կա կապիտալ, բոլոր ազգային իշխանությունները մրցում են էդ կապիտալը ներգրավելու համար, եւ Հայաստանի կառավարությունը պետք է բացառություն չլինի, անկախ դրսի բոլոր կառավարությունների վարքագծից՝ պիտի ամեն ինչ անի, որ դրսի դժվարությունները հաղթահարելով՝ էդ փողերը գան Հայաստան։

- Օրինակ՝ նույն «Տաշիր գրուպը», «Մոնարխը», մյուս խոշոր ընկերությունները, որոնք գործում են Ռուսաստանում եւ պատկանում են հայ գործարարների, փորձ արե՞լ են այս մեկ տարվա ընթացքում ներդրումներ անել Հայաստանում։

- Նախ տեղյակ եմ, որ կան էդպիսի ներդրումային ծրագրեր, անվան հետ չեմ կապում, նույն՝ «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից եղել են տարբեր նախաձեռնություններ՝ ալյումինե կաբելների արտադրություն, որը նախատեսվում է իրականացնել հենց այդ տարածաշրջանում, տեքստիլ կամ հագուստի արտադրություն․․․

- Չէ, խոսքը վերջին մեկ տարվա մասին է, որ պոստհեղափոխական շրջանում այդ նույն հայ գործարարները ոգեւորվել են ու որոշել նոր ներդրումներ կատարել մեր երկրում, թե՞ հակառակը՝ սառեցրել են, քանզի նման խոսակցություններ կան։

- Չէ, չեն սառեցրել, էդպիսի բան չկա։ Այն բոլոր ծրագրերը, որոնք կարող են մրցունակ լինել հայաստանյան պայմաններում, կարծում եմ, որ քննարկվում են, ընթացքի մեջ են։ Ավելին ասեմ՝ մենք միշտ փորձում ենք լսել, թե իրենց կարծիքով որ խնդիրներն են, որ լավ չեն կարգավորված, եւ եթե կա ծրագիր, որ էս պահին գրավիչ չի թվում, իրագործելի դառնա առաջիկայում։

- Հեղափոխությունը չի՞ ազդել նրանց տրամադրությունների վրա։

- Լավ իմաստով ազդել է։

- Իսկ շոշափելի իմաստո՞վ ինչպես ենք դա զգալու։

- Այդպես։ Այսինքն՝ այն ծրագրերը, որոնք որ մինչեւ այսօր կարող է իրականացվեին, կարող է՝ չէ, մենք քննարկում ենք նաեւ, թե որ պատճառները պետք է հանվեն, որ էդ «կարող է չէ»-ն դառնա «կարող է հա»։

- Ու ի՞նչ արդյունքի եք հասել այդ քննարկումներում։

- Դա ամենօրյա աշխատանք է։

- Մի խոսքով՝ այս պահին ռեալ բան չկա՞ ներդրումների մասով։

- Ես էդպես չասացի, ես ասացի՝ ռեալ է ամեն ինչ, ինչ որ ընթացքի մեջ է։