Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն

Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն

Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի նկատմամբ կիրականացվի հեռակա դատաքննություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դատարանը բավարարել է դատախազի ներկայացրած հեռակա դատաքննություն իրականանցնելու միջնորդությունը։

Դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ Մինասյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելու համար (փողերի լվացում):

Միքայել Մինասյանը մեղադրվում է ապօրինի հարստացման, հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։ Նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել 2020թ. մարտի 23-ից։

Նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի՝ 2023 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ՝ Մ.Մ.-ի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքն օրինականացնելը (փողերի լվացումը)):
Մեկ տարի առաջ որոշում էր կայացվել քրեական վարույթով մեղադրյալ նախկին դեսպանի նկատմամբ հեռակա վարույթ իրականացնելու մասին:

Մի քանի ամիս առաջ էլ նրա նկատմամբ նոր քրեական հետապնդում հարուցվեց՝ դեռ 2018 թվականին հարուցված քրեական գործի երեք հոդվածներին ավելացնելով ևս 13-ը։

Մասնավորապես՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել էր, որ Մ.Մ.-ն, 2008 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցնելով ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը, իսկ 2013 թվականից մինչև 2018 թվականը՝ հանդիսանալով Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու օրենսդրական արգելքին հակառակ՝ մինչև 2016 թվականը ինչպես անձամբ, այնպես էլ իր մտերիմներ Ա.Պ.-ի և Լ.Ա.-ի միջոցով մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը՝ օրինականացնելով վերոնշյալ ապօրինի գործունեության արդյունքում հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքը: