Երեւանի քաղաքապետարանի բուժվարչության պետը ինքնախոստովանական հաղորդում է տվել

Երեւանի քաղաքապետարանի բուժվարչության պետը ինքնախոստովանական հաղորդում է տվել

Օրերս գրել էինք, որ շուրջ 4 ամիս է Քանաքեռ-Զեյթուն ծննդատան աշխատակիցները՝ տնօրենից սկսած աշխատավարձ չեն ստացել, ինչը հանգեցրել է բողոքի մեծ ալիքի։ Բանն այն է, որ ծննդատունը հավատարմագրային կառավարման է հանձնվել մի ընկերության, որը ներդրողներ չունի, ներդրողների համար դարձել է անհուսալի՝ Երեւանի քաղաքապետարանի բուժվարչության պատճառով: Քաղաքապետարանն էլ միակողմանի խզել է ծննդատանը «տիրություն» անող ընկերության հետ պայմանագիրը։ Մեր ձեռքի տակ էր հայտնվել մի ձայնագրություն, որտեղ Երևանի քաղաքապետարանի բուժվարչության պետ Դավիթ Կարապետյանը զրուցում է ծննդատան աշխատակիցների հետ եւ բառացի ասում․ «Մի գնացեք գործի»։ Աշխատողներին գործադուլի դրդող Կարապետյանը մեզ հետ զրույցում անդրադարձել էր ձայնագրության՝ նշելով, որ ոչ մի սկանդալ չկա իր գործողություններում։ 

Մեր հոդվածից օրեր անց Քանաքեռ-Զեյթուն  ծննդատնից շնորհակալություն են հայտնել «Հրապարակ»-ին լուսաբանման համար, կից անդրադարձել թեմային։ «Շատ հետաքրքիր է, որ մեր կողմից տրամադրած ձայնագրության հրապարակումից հետո Դավիթ Կարապետյանը ձեր լրատվականի միջոցով փաստացի տվեց ինքնախոստովանական հաղորդում՝ հաստատելով ձայնագրության բովանդակությունը և մեր կողմից ներկայացված բոլոր տեղեկությունները, բայց սկսեց դրանք յուրովի մեկնաբանել ՝ փորձելով տպավորություն ստեղծել, թե ապօրինի ոչինչ չի արել։ Զարմանալի է նաև իրավապահների լռությունը։ Զուգահեռներ ենք տանում Արմեն Չարչյանի ձայնագրության հետ և զարմանում։ Մի՞թե Դավիթ Կարապետյանը կամ իրավասու մարմինները չեն գիտակցում, որ ծննդատունը անհետաձգելի բուժօգնություն իրականացնող հիմնարկ է, որտեղ գործադուլ անելը արգելված է, և պաշտոնատար անձինք ոչ թե պետք է հորդորեն չգնալ աշխատանքի կամ բարենպաստ պայմաններ ստեղծեն գործադուլի համար, այլ մարդկանց տեղեկացնեն գործադուլի անօրինական լինելու մասին։

Միթե պարզ չէ, որ որևէ դեպքում պաշտոնյան չի կարող հրահանգել բժշկական հաստատություններին պացիենտներին ուղեգրել կամ չուղեգրել այսինչ հիմնարկ։ Իսկ որևէ մեկը հարցրե՞ց ՝ երբվանից է պարոն Կարապետյանը նման հրահանգավորում արել։ Գուցե այդ հրահանգների արդյունքում է, որ հիվանդանոցը չի կարողանում վճարել աշխատավարձերը։ Գուցե հենց պարոն Կարապետյանի այլ գործողություններն են այս վիճակին հասցրել։ Կարապետյանը ձեր եթերում հաստատեց․ ինքն է հենց նամակ ուղարկել, որ պայմանագիրը խզվի։ Տեսնելով, որ օրինական ճանապարհ չունի հիվանդանոցին տիրանալուն, անցել է այս մեթոդներին։ Եթե օրինակ Երևանի քաղաքապետարանի բուժվարչության պետը կարող է համակարգին հրամայել այսինչ հիմնարկ պացիենտ չուղարկել, կարո՞ղ է, օրինակ, Կրթության նախարարը հրահանգել, որ այսինչ դպրոց աշակերտ չուղարկեն կամ տրանսպորտի պատասխանատուն հրահանգի, որ տաքսի սերվիսից չօգտվեն։ Կարո՞ղ են օրինակ քաղաքապետի խորհրդականներն էլ հորդորեն Կարապետյանի վարչության աշխատողներին չգալ աշխատանքի։ Պարզ է, որ այս հարցերը հռետորական են, բայց նման երևույթները աչքաթող անելով, թույլ ենք տալիս ավելի մեծ ապօրինություններ տեղի ունենան մեր երկրում»,-գրել են հիվանդանոցից։