Ստեփանակերտում մրցակցային ընտրություններ են, ով է վարչակազմի թեկնածուն

Ստեփանակերտում մրցակցային ընտրություններ են, ով է վարչակազմի թեկնածուն

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Շուրջ 228 համայնքներում առաջադրվել են 415 համայնքի ղեկավարի եւ 2 հազար 573 ավագանու անդամի թեկնածուներ: Դիտարժան պայքար է սպասվում  մայրաքաղաքում։ Առաջադրված թեկնածուները հինգն են։ Արեգ Ավագյանը, Դավիթ Սարգսյանը, Արմեն Հակոբյանը եւ Գրիգորի Սահակյանն անկուսակցական են, իսկ Արայիկ Ավանեսյանը նորաստեղծ «Ինքնություն եւ միասնություն» կուսակցությունից է։ Գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը չի առաջադրվել։

Մեր տեղեկություններով՝ գործող իշխանությունը չի խրախուսել նրա առաջադրումը, նախ, սպասումները չարդարացնելու պատճառով, ապա՝ ավելորդ շահարկումներից խուսափելու նկատառումներով։ Սակայն այնպես չէ, որ գործող վարչակարգը նախընտրելի թեկնածու չունի, թե՛ քաղաքական, թե՛ հասարակական լայն շրջանակներ աջակցում են Գրիգորի Սահակյանին։ Նա Հայկազովի նախկին հրամանատարն է, 27 տարվա զինվորական, ապրիլյան Մարտական խաչ 1-ին աստիճանի շքանշան է ստացել եւ մեծ ճանաչում ու հարգանք է վայելում։ Ֆավորիտներից մեկն էլ Դավիթ Սարգսյանն է, որն անշարժ գույքի խոշոր գործակալություն ունի՝ «Քոնսալթ ֆինանս գրուպ» ՍՊ ընկերության հիմնադիր տնօրենն է, Արցախի Քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահը։ Քաղաքապետի թեկնածուներից Արեգ Ավագյանն «Արցախգազ» ընկերությունում բարձր պաշտոն է զբաղեցնում։
Օգոստոսի 15-ից քարոզարշավ է ընթանում։ Քաղաքական ուժերի չմասնակցելը, ընդդիմադիր Հայկ Խանումյանի կարծիքով, իր բացատրությունն ունի։

Ակնկալվում էր, որ կփոխվի ՏԻՄ օրենքը, եւ Ստեփանակերտում էլ «քաղաքական» ընտրություններ տեղի կունենան, ինչպես Երեւանում, Վանաձոր եւ Գյումրի քաղաքներում է, համամասնական կարգով կուսակցությունները կմասնակցեին, բայց ապարդյուն։ Այդուհանդերձ, Խանումյանի համոզմամբ՝ Ստեփանակերտում բավականին մրցակցային ընտրություններ են սպասվում, իսկ թե որ թեկնածուին են գործող իշխանություններն աջակցում, պաշտոնապես չի հայտարարվում․  «Իշխանությունը նախընտրած, հստակ թեկնածու չունի: Իշխանության մաս կազմող տարբեր ուժեր եւ անհատներ տարբեր թեկնածուների են աջակցում, նույնիսկ իշխանական կուսակցություններ կան, որոնք պառակտված են տարբեր թեկնածուների միջեւ, այնպես որ՝ այդպիսի հստակ աջակցություն իշխանության ուժերի կողմից չկան։ Բոլորի համար էլ հետաքրքիր է, թե ազատ թողնված ընտրություններն ինչ ելք կունենան»:

Խանումյանը՝ ինքն էլ նախընտրելի թեկնածու ունի, բայց նրա անունը գաղտնի է պահում։ Ի տարբերություն Ստեփանակերտի, պատգամավորն ասում է՝ իրենք անընդհատ ահազանգեր են ստանում Արցախի տարբեր շրջաններից՝ ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ․ «Որոշ շրջանների ղեկավարներ իրենց ցանկալի թեկնածուների համար շինանյութ են բաժանում։ Արցախում գոյություն ունի, այսպես կոչված, շինանյութի տրամադրման ծրագիր, որը հստակեցված չէ՝ ում է տրամադրվում, չափորոշիչներ չկան, եւ դա շրջանային վարչակազմերի իրավասության ներքո է, իսկ այս փուլում վերածվում է սովորական ընտրակաշառքի։ Այդպիսի բազմաթիվ ահազանգեր կան հատկապես Մարտակերտի, Հադրութի շրջանից»:

Քաղաքապետի թեկնածու Գրիգորի Սահակյանը  դժգոհություններ չունի նախընտրական քարոզարշավի ընթացքից։ Նրա թեկնածությանը, ի դեպ, իր աջակցությունն է հայտնել նաեւ Դաշնակցության Արցախի կառույցը։ Սակայն թեկնածուն ասում է՝ անակնկալի է եկել «Սասնա ծռերի» աջակցության մասին հայտարարությունից, բացատրում է՝ եթե դաշնակցականների հետ հանդիպել է եւ իր ծրագիրը ներկայացրել, ապա «ծռերն» ընդհանրապես կապի դուրս չեն եկել իր հետ, ու հայտարարությունը եղել է անսպասելի։ Թեկնածուն նկատել է, որ իր ռեյտինգն օրեցօր աճում է՝ թե՛ իր ներկայացրած ծրագրով պայմանավորված, թե՛ իր անձով․ «Ես անկախ եմ, վստահեցնում եմ՝ լիովին անկախ, որեւէ քաղաքական ուժի, անհատի հետ նախապես պայմանավորվածության մեջ չեմ եղել, բայց սիրով կընդունեմ ցանկացած աջակցություն»։

Ինչո՞ւ է որոշել 27 տարվա զինվորական կյանքից հետո մտնել քաղաքականություն, Սահակյանը պարզաբանեց․ «Մեր ընտանիքում վաղուց որոշել էինք, որ ես պետք է թոշակի անցնեմ, եւ ինքս էլ եկել էի համոզման, որ կարելի է թույլ տալ, ավելի ճիշտ՝ ինձ նման քայլ անելու համար թույլ է տալիս առաջնագծում իրավիճակը, հասարակական կարծիքն իմ կերպարի նկատմամբ։ Ես որոշել եմ իմ ունակությունները մի քիչ ավելի լայն շրջանակով օգտագործել․ ծառայելով բանակում՝ ես չեմ կարողացել իմ կարծիքն ազատորեն, հրապարակային հայտնել, ինչպես նաեւ մայրաքաղաքի զարգացման իմ ծրագիրը, վերջապես, կիրականացնեմ»։

Ի դեպ, Հայաստանի կառավարության որոշմամբ 33 միլիոն 680 հազար դրամ է հատկացվել Դանիել Իոաննիսյանի «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություններին՝ Արցախի ընտրությունների դիտորդական առաքելությունն իրականացնելու համար, ինչն աննախադեպ է։

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունից հետո, հիշեցնենք, Արցախում 2020-ի գարնանը նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ են կայանալու։