Ուզում եմ Արցախում լինել` ազգականներիս կողքին, թեկուզ սոված, անլույս ու ցուրտ

Ուզում եմ Արցախում լինել` ազգականներիս կողքին, թեկուզ սոված, անլույս ու ցուրտ

Ալիսա Գյոզալյանն Արցախի պետական համալսարանի ուսանողուհի է: 2020-ին, երբ ընդունվեց համալսարան, կարծում էր՝ մոտ է ուսուցչուհի դառնալու իր վառվռուն երազանքին, բայց սկսվեց պատերազմն ու տակնուվրա արեց ամեն ինչ: Մեծ Թաղերի իրենց տունը նոր էին վերանորոգել, կահույք ու տեխնիկա գնել, նոր-նոր սկսելու էին արժանապատիվ ապրել, բայց չհասցրին: «Հիմա մեր տուն ադրբեջանցիներն են ելումուտ անում: Ֆեյսբուքում նկարներ ունեմ, որտեղ ցույց են տալիս մեր տունը, մեր սենյակները: Ուզում են ցավեցնել, երբեմն ստացվում է…»,- պատմում է Ալիսան:
Գյուղն ու տունը կորցնելուց հետո Ալիսայի բազմանդամ ընտանիքը տեղափոխվել է Հայաստան:

Մեկ սենյականոց բնակարան են վարձակալել Էջմիածնում: Ալիսան ստիպված է եղել ուսուցման առկա համակարգից տեղափոխվել հեռակա: Մինչեւ Բերձորի միջանցքի փակվելը, Ստեփանակերտ գնալու եւ դասընթացներին ու քննություններին մասնակցելու խնդիր չի ունեցել: «Արդեն 3-րդ կուրս եմ, հաճույքով եմ սովորում, հերիք չէ, որ հեռակայում եմ, հիմա էլ, միջանցքի փակ լինելու պատճառով, պետք է դասերն ու քննությունները բաց թողնեմ: Ճիշտ է՝ դասախոսներն ըմբռնումով են մոտենում, բայց այսպես էլ ես եմ տուժում: Ուզում եմ լիարժեք կրթություն ստանալ, լավ մասնագետ դառնալ, ուզում եմ լսարան մտնել, դասախոսություն լսել, շփվել ընկերներիս հետ: Ուզում եմ Արցախում լինել, ազգականներիս կողքին, թեկուզ սոված, անլույս ու ցուրտ՝ միասին հաղթահարենք այս շրջանը»:

Աղջիկը սպասում է, որ միջանցքը շուտով կբացվի, ու թեեւ քննաշրջանն ավարտվել է, կգնա Ստեփանակերտ՝ քննություն հանձնելու: Իր կարծիքով՝ ռուսները թույլ չեն տա, որ ճանապարհը երկար փակ մնա, որովհետեւ «ժողովուրդն առանց սննդի, առանց դեղորայքի չի կարող երկար դիմանալ: Դրանք մի օր կվերջանան»,- ասում է նա:

Բարեկամները, ընկերները Արցախում են: Չնայած օրեցօր խորացող անորոշությանը՝ տեղափոխվել չեն ցանկանում: «Քեռուս ասում ենք՝ եկեք Հայաստան, այստեղ անհամեմատ հանգիստ է, կտրականապես մերժում է: Ասում է՝ սա էլ կանցնի, սե՞նց բաների միջով ենք անցել: Սննդի հարցում դեռ չեն նեղվում. տատիկս, պապիկս պահածոներով, այլ մթերքով գյուղից օգնում են, բայց դա էլ, չէ՞, կարող է վերջանալ: Հույս ունեմ՝ գոնե մինչեւ վերջանալը ճանապարհը կբացվի»:

Եթե Բերձորի միջանցքը չփակվեր, Ալիսայի ընտանիքը կիմանար, թե Արցախի որ հասցեում են տուն ստանալու: Երկար են սպասել բնակարանների բաշխման խաղարկությանը, ու երբ իրենց հերթը հասել է, ճանապարհը փակվել է: Աղջիկն Արցախ վերադառնալու հույսը չի կորցնում: Ասում է՝ Հայաստանում էլ է լավ, բայց ինձ Արցախն է ձգում: «Մենք Հայաստան եկանք վերադարձի պայմանով: Ինչի՞ պիտի դուրս գանք մեր երկրից: Թող Ալիեւը հույս չունենա, որ հումանիտար ճգնաժամ ստեղծելով՝ հայաթափ կանի երկիրը: Ո՛չ դուրս կգանք, ո՛չ էլ կհամաձայնենք իր տիրապետության տակ լինել: Ես մի բան չեմ հասկանում՝ ինչո՞ւ Հայաստանի եւ Արցախի ղեկավարները մատը մատին չեն տալիս՝ խնդիրը լուծելու համար: Ինչո՞ւ են թույլ տալիս, որ Ալիեւը թելադրի խաղի կանոնները: Ինձ վախեցնում է միայն մերոնց վտանգավոր չեզոքությունը: Կարծում եմ՝ Արցախը պետք է շուտափույթ ճանաչվի ինքնավար հանրապետություն, որ ալիեւների լեզուն կարճանա»: