Գնում են եւ գրում, որ հայ բժիշկները կախարդական ձեռքեր ունեն

Գնում են եւ գրում, որ հայ բժիշկները կախարդական ձեռքեր ունեն

Վերջին տարիներին Հայաստանում մեծ զարգացում են ապրում պլաստիկ վիրաբուժությունը, կոսմետոլոգիան, ատամնաբուժությունը, ինչը նշանակում է, որ բժշկական տուրիզմը մեզանում կայանում է, եւ, փաստորեն, մարդիկ Հայաստան են գալիս ոչ միայն հանգստանալու, այլեւ տարբեր բժշկական միջամտություններ կատարելու նպատակով: Աշխարհում պլաստիկ վիրաբուժության ամենատարածված տեսակը ռինոպլաստիկան է՝ քթի վիրահատությունը, ինչի գծով Հայաստանը մրցակիցներ չունի, որովհետեւ հայ աղջիկներն ամենից հաճախ են դիմում այս միջամտությանը, ամեն 10 հայ աղջկանից առնվազն 7-ը կատարել է քթի ռինոպլաստիկա: Այն քթի բնածին կամ ձեռքբերովի թերությունների ուղղումն է՝ պլաստիկ վիրահատության միջոցով: Սակայն վերջին տարիներին նաեւ մեծ պահանջարկ ունեն դեմքի ու մարմնի տարբեր վիրահատական միջամտությունները:

Փոքրիկ ուսումնասիրության արդյունքում եկանք այն եզրահանգման, որ բացի գնի մատչելիությունից, հայաստանյան բժշկության հանդեպ մեծ վստահություն կա պացիենտների մոտ: Քթի պլաստիկ վիրահատությանը համընթաց պոպուլյար է դառնում դեմքի վիրահատությունը` դեմքի օվալը ձգելու, կոպերը բարձրացնելու` (Fox eyes) աղվեսի հայացք ստանալու միջամտությունը: Քիչ չեն նաեւ պացիենտները, որոնք պլաստիկ միջամտությամբ մեծացնում կամ փոքրացնում են կրծքերը, հետույքը, հեռացնում պարանոցի եւ փորի ավելորդ ճարպը: Մեզանում մեծ տարածում է գտել նաեւ ֆիլլերների միջոցով շուրթերի եւ այտոսկրերի մեծացումը, դնչի երկարացումը եւ բուտուլինոթերապիան` բոտոսքը, ինչպես նաեւ դեմքը նիհարեցնող միջոցները: 

Բժիշկ-կոսմետոլոգ Սուսաննա Քոլայանը մեզ հետ զրույցում նշում է, որ վերջին տարիներին արտերկրից այցելուների թիվը Հայաստան կտրուկ աճել է:Հատկապես ամռան ամիսներին մեծ թվով այցելուներ են գալիս` Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ այլն։ «Անգամ Ֆրանսիայից մի օպերային երգիչ էր եկել Հայաստան` միջամտություն կատարելու, հասկանալի պատճառներով չեմ կարող տալ նրա անունը: Պատճառը, որ գալիս են Հայաստան, այն է, որ մեզանում լավ մասնագետները շատ են, իսկ գները` համեմատության մեջ, շատ մատչելի: Գնում են իրենց երկիր եւ գրում, որ հայ բժիշկներն ունեն կախարդական ձեռքեր: Անգամ հայ աստղերից շատերը, որոնք ապրում են ԱՄՆ-ում, երբեմն գալիս են Հայաստան եւ դիմում կոսմետոլոգիական միջամտությունների: Հայաստանի ամենաուժեղ կանանցից Նազիկ Ավդալյանն իր արտաքինը եւս վստահում է ինձ: Հայաստանում կոսմետոլոգիական շուկան անհամեմատ էժան է, նյութերը որակյալ են: Ինձ համար, անկեղծ եմ ասում` ամենակարեւորն արդյունքն է, երբ այցելուն զանգահարում է եւ ասում, որ գոհ է արդյունքից, երիտասարդացել է, դա ամենամեծ բանն է ինձ համար: Գումար աշխատելը չպետք է լինի ինքնանպատակ: Իսկական բժիշկը թեւեր է առնում արդյունքից եւ դրական խոսքերից»,- նշում է բժիշկ-կոսմետոլոգը:

Իսկ հիմնականում ի՞նչ միջամտությունների են դիմում, մեր զրուցակիցն ասում է․ «Հիմնականում երիտասարդացնող միջոցներ` ֆիլլերների եւ բոտոքսի միջոցով: Անգամ ռուս տղամարդիկ դիմում են միջամտություններ կատարելու համար, դե իսկ կանանց մասին խոսելն ավելորդ է: Բժշկական տուրիզմի պիկ շրջանը Հայաստանում ամառն է: Տարեցտարի նրանց թիվը շատանում է: Ցավոք սրտի, այսօր ամեն մի վարսավիրանոցում նման միջամտություններ են անում, սակայն առողջությունը շատ կարեւոր է, եւ չի կարելի գնի համար դիմել նկուղներում նստած ոչ պրոֆեսիոնալ մասնագետների, որոնք չունեն բարձրագույն կրթություն: Ասում են, որ փոխվել են այսօր գեղեցկության ստանդարտները, եւ մարդիկ ձգտում են առավել շատ բնականին մոտ միջամտությունների։ «Այո, այսօր պահանջված է բնականին մոտ լինելը։ Ես կողմնակից եմ բնական և ոչ վուլգար միջամտությունների»,- ասում է կոսմետոլոգը:

Իսկ ինչո՞ւ են հենց Հայաստանն ընտրում` նման էսթետիկ միջամտություններ կատարելու համար։ «Վստահաբար կարող եմ նշել, որ արտերկրում չկան այն մասնագետները, որոնք կան Հայաստանում: Վերջերս Ֆրանսիայից մի աղջիկ էր այցելել ինձ, շուրթերը սարսափելի վատ էին ներարկել, կիլոներով ներարկել էին: Ասում եմ` էս ի՞նչ են արել, ասում է` Ֆրանսիայում գիտեն, թե սա է ձեւը: Դրան էլ գումարած` նյութերն արտերկրում շատ թանկ են: Կարճ ասած` Հայաստանում բժշկությունը ժամանակին համահունչ է ընթանում»,- ասաց կոսմետոլոգ Սուսաննա Քոլայանը:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք նաեւ պլաստիկ վիրաբույժ Հայկ Բախշյանի հետ: Նա նույնպես ասաց, որ իր մոտ գալիս են ԱՄՆ-ից, Գերմանիայից, Ֆրանսիայից. «Տվյալ երկրների համեմատ Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը մատչելի է: Ես հիմնականում աշխատում եմ դեմքի հետ` քիթ, դեմքի եւ աչքերի ձգում: Կարծում եմ` դրանք մեզ մոտ ավելի լավ են վիրահատում»: Իսկ ի՞նչ արժե քթի ռինոպլաստիկան, Հայկ Բախշյանը նշում է, որ իր մոտ վիրահատությունը սկսվում է մեկ միլիոն դրամից: