Նիկոլի հետին խելքն է լավը

Նիկոլի հետին խելքն է լավը

Ո՛չ հեղափոխական եւ ո՛չ էլ հետհեղափոխական խելացի որոշումներով գոնե մեկ անգամ աչքի չընկած Նիկոլ Փաշինյանն ուղղակի հրաշքներ է գործում հետողորմյաների տեսքով: Այսօր մենք արդեն սպասում ենք, որ ՀՀ կառավարությունը Նիկոլ Փաշինյանի հրահանգով կսկսի զբաղվել ագարակցի տատիկի կանալիզացիայի հարցով, քանզի վարչապետը նախապես մերժել էր թոշակառու տատիկի խնդրանքը եւ բավականին կոշտ տոնով ասել՝ վարչապետն ու մարզպե՞տը պետք է քո կանալիզացիայի խնդիրը լուծեն, առողջ կնիկ ես, համատիրություն բացեք, փող հավաքեք հարեւաններով, կանալիզացիա անցկացրեք: Բա ես Երեւանում ո՞նց եմ լուծել իմ կանալիզացիայի հարցը, չարչարվել ենք, աշխատել ենք, ստեղծել ենք… Բայց, տատի ջան, իսկի չնեղվես, էս էրկու օրը դու կանալիզացիա կունենաս:

Այս օրերին, եթե աչքերդ փակես ու մատդ տանես Հայաստանի քարտեզին, կընկնես ուղիղ Կուրթան: Կուրթանն այսօր Երեւանից ավելի նշանավոր է, քանզի հայտնվել է Նիկոլ Փաշինյանի հետին խելքի բացառիկ դրսեւորումների կիզակետում: Ինչպե՞ս դա տեղի ունեցավ: Նորակառույց ճանապարհը տեսնելու եւ ձեռքի հետ էլ «այո» քարոզելու նպատակով Կուրթանում հայտնված Փաշինյանը բանավեճի մեջ էր մտել կուրթանեցի մի երիտասարդի հետ եւ զայրացած բացատրել, թե ինչու է վերջինիս խիյարը թարս աճում: Այդ բանավեճից մեկ լրիվ օր չանցած՝ իմացանք, որ Փաշինյանի պատգամավոր զարմիկը թռել է Կուրթան՝ երիտասարդի խնդիրը լուծելու: Հուսանք, որ վերջինիս առանձնատան շինաշխատանքները կսկսվեն շուտով:

Փաշինյանի հետ կապված այսպիսի հուզիչ պատմություններ շատ կան: Հիշո՞ւմ եք Երեւանի մաքսատան էն աշխատակցին, որ վարչապետին տեսնելուն պես զգաստ չէր կանգնել: Սադրանքների մասնագետ Փաշինյանն իսկույն պատճառ գտավ նրան կարգի հրավիրելու համար՝ սկսեց դրոշը թափահարել, թե սա ի՞նչ բան է, ինչո՞ւ լվացած, արդուկած չէ եւ այլն: Ամիսներ անց ՖԲ-ում գրեց, որ իր կարգադրությամբ աշխատանքից հեռացված ծառայողը վերականգնվել է աշխատանքում: Իսկ ինչո՞ւ պաշտոնանկ արեց ոստիկանապետ Օսիպյանին, գիտե՞ք… Չէ՞… Սպասեք՝ պատմեմ: Այ մարդ, իսկական ցիրկ: Ուրեմն էս Նիկոլի քավորը, Նիկոլի համար խիստ անակնկալ, Իջեւանի քաղաքապետ դառնալու ցանկություն է հայտնում: Քավորին ո՞նց մերժես, չէ՞: Բայց քանի որ այդ քավորը տեղական ինքնակառավարման գործում հատուկ ընդունակություններ չուներ, պետք էր իջեւանցիներին ցույց տալ, թե ով է իրենց փոխարեն որոշելու նոր քաղաքապետին: Փաշինյանը կանչեց Օսիպյանին եւ խնդրեց ապօրինի անտառահատումների թմայով մի «թեթեւ քաշքշուկ» կազմակերպել Իջեւանում: Ի՞նչ իմանար, սակայն, Փաշինյանը, որ Օսիպյանը հեղափոխության օրերից պահած մուռը իջեւանցիներից էր հանելու:

«Մի թեթեւ քաշքշուկ» հրահրելու փոխարեն, Օսիպյանն իսկական «կոտորած» սարքեց Իջեւանում: Սեփական կանանց ծոցում քնած տղամարդկանց անգամ բռնի դուրս քաշեց ու լցրեց բանտերը: Հայաստանում նախկին իշխանությունների օրոք այնքան ղարաբաղցիներ չէին բանտարկվել, ինչքան իջեւանցիներ բանտարկվեցին այդ օրերին՝ փաստն արձանագրեց Նիկոլի աներձագը, որ նույնիսկ իջեւանցի էլ չէ: Ինչեւէ՝ օրակարգում էր հայտնվել ոչ միայն Նիկոլի քավորի երազանքն իրագործելու խնդիրը, այլեւ անձամբ Նիկոլի՝ Իջեւան ելումուտ ունենալու հարցը: Եվ Փաշինյանը իջեւանցիների խաթրն առնելու ձեւը գտավ՝ Օսիպյանին հանեց գործից: Սա է ողջ պատմությունը: Նշենք նաեւ, որ Օսիպյանի պարագայում էլ Փաշինյանն իր հետին խելքով փորձեց շտկել իրավիճակը՝ նրան նշանակելով վարչապետի գլխավոր խորհրդական, բայց գեներալ Օսիպյանը հեռացավ Հայաստանից:

Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոսել բարձրաստիճան պաշտոնյաների՝ արժանավայել աշխատավարձ ստանալու անհրաժեշտության մասին: Թե որքանով էին այդ մասին բարձրաձայնումները հարիր աղքատությունից աչք չբացող ժողովրդի ականջին, հայտնի է միայն Աստծուն ու մեկ էլ, երեւի, բարձր աշխատավարձերից եւ պարգեւավճարներից շլացած պաշտոնյաներին: Բյուջեի համատարած այդ կողոպուտին մասնակից էին դարձել վարչապետի աշխատակազմից մինչեւ մարզպետարաններ: Փաշինյանն այդ որոշումներն ուզում էր գաղտնի պահել, բայց դատարանը թույլատրել է ուսումնասիրել պարգեւավճարների փաստաթղթերը: Ի՞նչ կպարզվի, դեռ չգիտենք, բայց ակնհայտ է մեկ բան՝ յուրաքանչյուր խախտում այս դեպքում հավասարազոր է գողության, իսկ դա ծանր քրեական հանցագործություն է, այն էլ՝ յուրայինների կատարմամբ: 

Եվ վերջապես՝ հանրաքվեի մասին: Կկասեցվի՞, արդյոք, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն կորոնավիրուսի սպառնալիքի տակ, թե՞ մենք կշարունակենք գլուխներս բարձր քայլել դեպի պայծառ ապագա: «Այո»-ի ճամբարը հակված է գնալ մինչեւ վերջ, «Ոչ»-ի ճամբարում, ընդհակառակը, գերիշխում է խելքով շարժվելու տեսակետը: Ո՞վ կհաղթի՝ կախված է բացառապես կորոնավիրուսի տարածման դինամիկայից, բայց Փաշինյանը, իմ կարծիքով, արդեն իսկ հասկացել է, որ նույնիսկ կորոնավիրուսի բացակայությամբ հնարավոր չէ ապահովել մասնակիցների այնպիսի քանակ, որ հնարավորություն կտա հայտարարել հանրաքվեն կայացած լինելու մասին: Եվ հիմա նա մի պարզ ընտրության առջեւ է կանգնած՝ գնալ մինչեւ վերջ եւ պարտվե՞լ, թե՞ առիթից օգտվել ու դադարեցնել Խաչատուր Աբովյանի ասած՝ «էշի հարսանիք» հիշեցնող այս քարոզարշավը: Լավ ճանաչելով Նիկոլին՝ կարող եմ ասել, որ նա կընտրի երկրորդ տարբերակը եւ, ինչպես կուրթանեցի երիտասարդի պարագայում եղավ, կփորձի պետական իմաստուն այրի կերպարանք ընդունել: Ասվածն ամենեւին էլ չի նշանակում, որ հենց կորոնավիրուսը կկանգնեցնի Փաշինյանին: Բնավ՝ ոչ: Փաշինյանին կկանգնեցնի միայն պարտվելու հեռանկարը, իսկ կորոնավիրուսն ընդամենը պատրվակ է, որից օգտվելով՝ նա կփորձի խուսափել պարտությունից:

Չկա չարիք առանց բարիքի: Քարոզարշավի կասեցումն ու հանրաքվեի հետաձգումը կարող են դրական էֆեկտ ունենալ եւ ժամանակ տալ «Այո»-ի շտաբին՝ սահմանադրական փոփոխությունների մասին որոշակի ասելիք կուտակելու համար: Այլապես՝ հանրությանը Սասուն Միքայելյանի կատարմամբ Հակոբ Հակոբյանի բանաստեղծություններ հրամցնելով՝ երկար չեն կարող ձգել: Պետք է քարոզչական թիմ ձեւավորել: Միայն փորձառու շտաբի պետ ունենալը քիչ է, պետք է ներգրավել այնպիսի մարդկանց, որոնք, առնվազն, տարրական պատկերացում ունեն պրոցեսի մասին եւ չեն ասոցացվում «նախկինների» հետ: Ի՞նչ գործ ունի Փաշինյանի հարթակում Արամ Սարգսյանը, որի մի եղբայրն ընտրակեղծիքի հայրերից է, իսկ մյուսը ՀՀ նախկին վարչապետներից մեկի սիրելին: Խնդրեմ՝ Սասուն Միքայելյան: Ասում է՝ մեկ էլ խփենք Սերժի գլխին, որ տապալվի նա հիմնովին… Ո՞վ, Սասուն, դո՞ւ: Սերժի հետ քո արիշվերիշից ուրիշ բաներ չասեմ, «հընգեր»,  բայց իմացիր, որ ամոթը լավ բան է, ու չի կարելի մի աման լափի համար մոռանալ ամեն ինչ:

Երկարեց, կարծես: Փաշինյանի հետին խելքի մասին էինք, չէ՞, խոսում: Ուրեմն՝ բավականին շատ է դրականն այդ ուղղությամբ: Կարեւոր է, որ միշտ հաղթում է մարդկայինը՝ քաղաքացին բնակարան է ստանում, տատիկը՝ կոյուղի, աշխատանքից ազատված երիտասարդը վերականգնվում է, իջեւանցիները հանդարտվում են: Առայժմ տնտեսական հեղափոխության ճակատից հուսադրող լուրեր չունենք, թեեւ երեկ իմացանք, որ Փաշինյանը հրահանգել է «հանգստանալ» նրանց, ովքեր փորձել են օգտվել հեղափոխությունից եւ մասնակցել սեփականության վերաբաշխման գործընթացներին: Խոսքը վերաբերում է հիմնականում գործող իշխանությանը մոտ կանգնած այն գործարարներին, որոնք փորձել են իրենց կարողությունը մեծացնել նախկին իշխանությունների հաշվին: Սա ի՞նչ է, հաջողությո՞ւն: Իհարկե, մի փոքր ուշացած, բայց պստիկ հաջողություն, որին, կարծում ենք, հաջորդելու են նորերը: