Գազաբալոնների մասին օրենքի գծով տուգանվել է 2 հարյուրից ավելի գազալցակայան

Գազաբալոնների մասին օրենքի գծով տուգանվել է 2 հարյուրից ավելի գազալցակայան

Օգոստոսի 1-ից ուժի մեջ է մտել, այսպես կոչված, գազի բալոնների մասին օրենքը։ Ըստ դրա՝ տրանսպորտային միջոցների վրա տեղադրված գազաբալոնները չեն լիցքավորվի, եթե դրանք չունենան լիցենզիա։ Հետո պարզվեց, որ լիցենզավորող կազմակերպությունները քիչ են, իսկ մեքենաները` շատ, եւ մինչեւ օգոստոսի 1-ը հնարավոր չէ բոլորի լիցենզավորումն իրականացնել, ուստի ժամկետը մեկ ամսով երկարացրին: Հետո բողոքների մեծ տարափ գնաց, եւ միջանկյալ մի հայտարարություն էլ արվեց, թե նոր տեղադրված բալոններին դա չի վերաբերում, նրանք իքս ժամկետում համարվում են լիցենզավորված, խոսքը հին բալոնների մասին է: Մենք փորձեցինք հասկանալ` ի վերջո, այս օրենքը գործո՞ւմ է, թե՞ այն համալրել է գրված-ընդունված եւ չգործող բազում օրենքների շարքը:

Պետությունը` ի դեմս տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության, նախ դիմող կազմակերպություններին լիցենզավորեց՝ այդպիսով իրավունք տալով, որ նրանք էլ իրենց հերթին լիցենզավորեն ավտոմեքենաների եւ այլ տրանսպորտային միջոցների տերերին պատկանող գազի բալոնները։ 

Ըստ ՏԿԵ խոսնակի՝ լիցենզավորող կազմակերպությունները 65-ն են, բալոնների լիցենզավորման համար վճարում է տրանսպորտային միջոցի տերը, եւ այդ վճարը տատանվում է 9-13 հազար դրամի սահմաններում, կախված այն բանից, թե որ կազմակերպությունն է լիցենզավորողը։ 

Նոյեմբերի 7-ին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը դժգոհել էր, որ գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր, եւ որ գազալցման կայանները պատշաճ կերպով համապատասխան ստուգումներ չեն իրականացնում: Ինչպես հետեւում է նախարարության պաշտոնյաների բացատրությունից՝ գազալցակայաններն իրականում օրենքի պահանջը չէին կատարում, մեքենան գազով լիցքավորելուց առաջ շտեմարանում բալոնի վկայագրման հավաստիությունը չէին ստուգում: Ավտոմեքենաների վարորդներն էլ իրենց հերթին են դժգոհ գործընթացից։ Ըստ նրանց՝ բալոնների ստուգումն անիմաստ պրոցեդուրա է, իրենցից ժամանակ խլող։ «Տեսեք, բալոնը լիցքավորելուց առաջ փորձաքննություն են իրականացնում։ Վերցնում են բալոնն ու բարձր ճնշում են տալիս, տեսնում են` պայթո՞ւմ է, թե՞ ոչ։ Սա անիմաստ է, որովհետեւ իրականում ամեն մի բալոնի վրա գրված է վերջինիս պիտանիության ժամկետը։ Այդպիսի փորձաքննություն անելը նշանակում է՝ չհավատալ արտադրողի այդ նշումներին։ Հետո՝ ոչ բոլոր տեղերում են նայում վկայագիրը։ Երեւանում նույնիսկ կալոնկաները մեկումեջ են ստուգում վկայագրերը, մարզերում էլ ավելի քիչ են ստուգում։ Իրականում  սա ուղղակի փող ուտելու, ամեն ավտոյի տիրոջից մի 10-15 հազար պոկելու տարբերակ է»,- ասում է մեր զրուցակիցը՝ երեւանցի Արմեն Դ․-ն։ 

Վերահսկող, տուգանող, լիցենզավորված կազմակերպություններին եւ բենզագազալցակայաններին ստուգողը Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինն է։ Տեսչականի հանրային կապերի բաժնի պետ Ելենա Զոհրաբյանն ասում է, որ պատահականության սկզբունքով պարբերաբար վկայագրման կայաններում եւ գազալցակայաններում ստուգումներ իրականացրել են։ Հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 7-ը մայրաքաղաքում ու մարզերում 221 գազալցակայանում, ըստ նրա, դիտարկվել է 1678 տրանսպորտային միջոց, 275 իրավախախտման դեպք է արձանագրվել գազալցակայանների նկատմամբ, որոնք առանց համապատասխան վկայագրի, առանց տվյալների շտեմարանի հետ նույնականացման իրականացրել են լցավորում։ Յուրաքանչյուր գազալցակայան տուգանվել է 200 հազարական դրամով։ 

ՔՏՀԱ տեսչական մարմնի հանրային կապերի բաժնի պետին հարցրինք, թե ինչ իմաստ կա փորձաքննության ենթարկելու բալոնը, որի վրա նշված է պիտանիության ժամկետը։ Ավելի հեշտ չէ՞ այդ ժամկետին նայել ու նոր լիցքավորել։ «Կարող է խնդիր եղած լինել, որ շատ ճնշում տված լինեն գազաբալոնին, ու ժամկետի մեջ պատերը մաշված լինեն, եւ փորձաքննության ընթացքում այն պայթի։ Այդպիսի շատ դեպքեր ենք ունեցել, երբ նոր բալոնը ժամկետի մեջ է եղել ու պայթել է։ Մինչեւ 300 ատմոսֆեր ճնշում են տալիս, ու եթե ամեն ինչ նորմալ է, ուրեմն, պատերի հետ խնդիր չկա»,- ասաց Զոհրաբյանը։