Ճիշտ կլինի նախապաշտպանությունը հետաձգել. քննարկվում է նաև հեռավար անցկացման տարբերակը. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

Ճիշտ կլինի նախապաշտպանությունը հետաձգել. քննարկվում է նաև հեռավար անցկացման տարբերակը. ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան

Մենք հայտնել էինք, որ Երևանի պետական համալսարանի ավարտական կուրսերում սովորող մի շարք ուսանողներ մտահոգված են, չգիտեն՝ ի վերջո ինչ է լինելու իրենց ավարտական աշխատանքների և դրանց նախորդող նախապաշտպանության ժամանակացույցի հետ։ Ուսանողները շարունակում են պնդել, որ գրադարանները փակ են, չեն կարողանում օգտվել դրանցից, հետևապես, ըստ ուսանողների, պետք է ավարտական աշխատանքին նախորդող նախապաշտպանությունը  հետաձգել։

ԵՊՀ միջազգային հարաբերությունների ավարտական 4-րդ կուրսի ուսանողներն էլ  ավարտական աշխատանքների նախապաշտպանության հետաձգման հորդորով  բաց նամակով դիմել էին ԵՊՀ ղեկավարությանն ու ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, ինչից հետո համենայն դեպս այս ֆակուլտետում հարցը կարծես թե լուծում է ստացել։ Վերոնշյալ ֆակուլտետի ուսանողներից մեկը մեզ ասաց, որ մի փոքր ավել աշխատելու հնարավորություն են տվել, հետաձգել են։

Փորձեցինք հասկանալ՝ ԵՊՀ այլ ֆակուլտետներում ինչ իրավիճակ է։

«Հրապարակի» հետ զրույցում ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նշեց, որ իրենց ֆակուլտետում ևս մի շարք ուսանողների կողմից թեմայի վերաբերյալ դժգոհություններ են եղել։

«Այո, ավարտական կուրսից մեզ մոտ դժգոհողներ կային։ Թեպետ մենք իրենց գրականություն տրամադրել ենք աշխատանքին պատրաստվելու համար, բայց հասկանում ենք, որ մի շարք հարցեր կան, օրինական՝ չեն կարողանում գրադարան այցելել։ Ես ռեկտորի պաշտոնակատարի հետ էլ եմ զրուցել այս թեմայով, նա ասաց, որ այդքան հետաձգել էլ չի լինի, որովհետև ուսանողներ կան, որոնք բանակի հարց ունեն, պետք է ծառայության մեկնեն։ Կարծում եմ՝ դժգոհողները հիմնականում լավ սովորողներն են, որոնք, իհարկե, լրացուցիչ գրականության կարիք ունեն, իսկ գրադարանները, ինչպես ասեցի, փակ են»,-նշեց Մինասյանը։

Պատմության դեկանի խոսքով՝ ինքը կողմ է , որ նախապաշտպանությունը գոնե մի քանի շաբաթով հետաձգվի։

«Անկեղծության համար պիտի նշեմ, որ այո, իհարկե լավ կլինի, եթե հետաձգվեն։ Այն առումով եմ ասում, որ այս դեպքում հաստատ արդեն կկարողանան պատրաստ լինել։ Մեզ մոտ ավարտական աշխատանքի օրը դրված է մայիսի կեսերին, իսկ նախապաշտպանությունը պետք է լինի դրանից երկու շաբաթ առաջ։ Ես հիմա էլ ուսանողների ղեկավարներին ասել եմ, որ որտեղից ուզում են թող այդ նյութերը երեխեքին ուղարկեն, որ պատրաստվեն։ Ինչևէ,  կարծում եմ, որ ճիշտը մի 15-20 օր, երկու շաբաթ հետաձգելն է, անպայման դա օգուտ կտա»,-ասաց Մինասյանը։

Մենք տեղեկություն ունեինք նաև, որ ֆակուլտետներում այս պահին քննարկվում է նախապաշտպանությունը ևս հեռավար, օնլայն անցկացնելու տարբերակը։

Մինասյանը նշեց, որ այո, կա նման բան, միայն թե ամեն ինչ կապված է նրանից, թե արտակարգ դրությունը, մարդկանց տեղաշարի սահմանափակման որոշումները կերկարացվեն,թե ոչ։

«Ֆակուլտետում էլ, ընդհանուր պրոռեկտորների հետ էլ քննարկել ենք այս հարցը, որ եթե այս վիճակը երկար շարունակվի, ապա պետք է հեռավար անցկացնենք։ Հիմա դե էդ երեխեքը պիտի ավարտեն, թե ոչ։ Մեզ մոտ այլ կուրսերում հեռավար դասեր ընթանում են, պիտի ասեմ, որ դրանք բավական լավ հիմքերի վրա են դրված մեզ մոտ»,- նշեց Էդիկ Մինասյանը։

Մենք նաև կապվեցինք,ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանի հետ, որը սկզբում նշեց, թե ինքը ոչնչից տեղյակ չէ, ապա հակասելով ինքն իրեն ասաց, որ թեմայի շուրջ խոսել է համալսարանի լրատվականի հետ զրույցում։ 

Օրերս զրուցել էինք նաև ԿԳՄՍ նախարարության հասարակայնութան հետ կապերի վարչության պետ Օֆելյա Կամավոսյանի հետ, որը նշել, որ այս հարցում դեռևս հստակություններ չկան, թե նախարարությունում, թե բարձրագույն ուսումնական հաստատություններում այս հարցով քննարկումներ են ընթանում, որի մասին մամուլը կտեղեկանա։