Գարեգին Երկրորդը հրավիրատո՞մս պիտի ուղարկեր․․․

Գարեգին Երկրորդը հրավիրատո՞մս պիտի ուղարկեր․․․

Հայաստանի օրհասական օրերին հայ ժողովրդին միշտ էլ միավորել է եկեղեցին։ Առանց վարանելու կասեմ՝ եթե մեր եկեղեցին չլիներ, Հայաստանը վաղուց կուլ գնացած կլիներ աշխարհակալ տերությունների քաղաքականությանը։ Դժվար չէ կռահել, թե ինչու Հայաստանի վարչապետը, երբ որոշվում է Հայաստան աշխարհի լինել- չլինելու հարցը, իր թիմի հետ, որը անվանում են իշխանություն, չի մասնակցում Սուրբ Ծննդյան պատարագին։ «Քայլողների միաբանությունը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երրորդ տարին է, ինչ չի մասնակցում Սուրբ պատարագին։

Եկեղեցին ժողովուրդն է։ Ումի՞ց է փախչում՝ ժողովրդի՞ց։ Եթե իր իշխանությունը, ինչպես ինքն է ասում, ժողովրդի լեգիտիմ իշխանություն է, այդ դեպքում ինչու՞ ժողովրդի հետ չէ։ «Եկեղեցին Ժողով է հավատացյալների, որոնք մեկ հավատքով և մեկ մկրտությամբ կապված են Քրիստոսին՝ իբրև իրենց Տիրոջը և Փրկչին, պաշտում են Մեկ ճշմարիտ Աստծուն՝ Ամենասուրբ Երրորդությանը, մեկ հաստատուն հույսով ակնկալում են փրկություն և Աստվածային երանական տեսություն և մեկ անկեղծ սիրով միացած են իրար Սուրբ Հոգով, նույն խորհուրդների հաղորդության մեջ են և կառավարվում են նույն նվիրապետական իշխանությամբ»։ Սա միաբանության շաղախ է, եթե իշխանությունը միաբան չէ ժողովրդի, եկեղեցու հետ, ազգն ու պետությունն էլ կհայտնվի այն վիճակում, ինչի մեջ հայտնվել ենք։ 

Զավեշտի հասնող մի արդարացում կարդացի, որ հրապարակել էր Հրապարակը։ «Իշխանական էլիտան պնդում է, թե որևէ հրավեր չի ստացել ու այդ պատճառով չի մասնակցում»: Նախորդ տարիների պատճառաբանությունները մի կողմ թողնենք, անդրադառնանք այս տարվա զավեշտին։ Իշխանությանը թվում է, թե Գարեգին Երկրորդը իրեն հրավիրատո՞մս պիտի ուղարկեր։ Ինքը անջա՞տ է ժողովրդից։ Ի դեպ ասեմ, որ Հիսուսի, եկեղեցու համար բոլոր անդամներն էլ նույն կարգավիճակն ունեն։ Ու ոչ մեկս հրավեր չենք ստացել Գարեգին Երկրորդից, որ մասնակցենք Հիսուսի ծննդյան տոնին։ Դա մեր Հոր Տունն է, ու մենք առանց հրավերի ենք գնում։