Հազարան բլբուլն ու դատախազները

Հազարան բլբուլն ու դատախազները

Դատախազի օրվա կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազության շենքում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանը դատախազներին ասել էր, որ նրանք պետք է օրինակ վերցնեն Հազարան բլբուլը հեքիաթի հերոսից, որն, անցնելով բազմաթիվ փորձությունների միջով, հասնում է իր նպատակին: Հերոսի նպատակն էլ հո գիտենք` նա հազարան հավքին պետք է բերեր իր թագավոր հոր երկիրը, որ հավքը երգեր ու երկիրը ծաղկեր, շենանար, լքված եկեղեցու տաճարները կրկին շունչ ստանային: 

Դատախազները` Արթուր Դավթյանից բացի, ընկել էին մտածմունքի մեջ, թե էս ի՞նչ է ուզում ասած լինի Նիկոլը, և իրենցից որ մեկն ինչ դեր ունի այդ հեքիաթում: Մի հարցում սակայն, դատախազները միակարծիք էին` թագավորը` դա Նիկոլն է, իսկ փորձությունների միջով անցնող հերոսը` Արթուր Դավթյանը: Բայց թե իրենք ով էին` ոչ մի կերպ չէին կարողանում հասկանալ:

Երբ Նիկոլը հեռանում է, դատախազները մտնում են Արթուր Դավթյանի մոտ, որ պարզեն այդ հանելուկը: Արթուր Դավթյանը խոստովանում է, որ վաղուց է կարդացել է այդ հեքիաթը և մանրամասներին չի տիրապետում: Բա ի՞նչ անե՞նք, վարչապետն է ասել, բա չիմանա՞նք ինչ է ասել... 

-Փաստորեն եկավ, հեքիաթ կարդալու պարտականություն դրեց մեր վզին ու գնաց,- խոսեց մի տարեց դատախազ, որ Արթուր Դավթյանից էլ առաջ էր կարդացել Հազարան բլբուլը:

Համեմատաբար ջահելները իրար են նայում: Արթուր Դավթյանը հայացքով հասկացնում է նրանց` ճար չունենք, պիտի կարդանք:

-Վաղը բոլորիդ հարցնելու եմ,- խիստ տոնով ասում է Արթուր Դավթյանը:

-Շատ ներողություն, պարոն Դավթյան, իսկ վստա՞հ եք, որ մեր էն աղջիկ գլխավոր դատախազը կարդացել է:

-Չգիտեմ, ես այդպիսի մանրամասների չեմ տիրապետում: Չի բացառվում, որ հենց նա է Հազարան բլբուլի հեքիաթը Նիկոլի միտը գցել: Թե չէ Նիկո՞լը որտեղից պետք է հիշեր: Տղերք, ժամանակները փոխվում են, ես հեռանում եմ, հանգիստ կյանքը վերջացավ: Ձեզ դեռ կարող են ստիպել Հենզելն ու Գրետելն էլ կարդալ,- խոսակցությունն այս տխուր նոտայի վրա էլ ավարտում է Արթուր Դավթյանն ու դատախազներին ևս մեկ անգամ շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ` ուղարկում տներով:
Մեղքս ինչ թաքցնեմ, ես էլ, որ փոքր ժամանակ շատ եմ սիրել Խնկո Ապոր գրի առած այդ հեքիաթը, որոշեցի նորից կարդալ ու վերհիշել մանրամասնությամբ: Նիկոլը սիրում է համեմատվել երևելի մարդկանց ու աստվածների հետ, նույնիսկ` սրբերի: Մտածում էի` գուցե այս անգամ էլ նա փորձել է հեքիաթի հերոսներից մեկին նմանվել: Եվ այն պահից, երբ թագավորի որդիների ճանապարհները բաժանվում են, մեծը ծառայության է անցնում անցնում ուրիշ թագավորի մոտ, իսկ միջնեկը քար է դառնում հսկա արաբի սև ճիպոտի հարվածից, ես հասկացա, որ Նիկոլը հաստատ որոշել է հանդես գալ թագավորի կրտսեր որդու դերում` այսինքն հեքիաթի գլխավոր հերոսի: Աղավնին, դառնահամ աղբյուրը, օձալեղու համով պտուղներ ունեցող խնձորենին, գայլն ու ոչխարը, հազարան բլբուլի տիրուհու պալատի բաց և փակ դռներն այն փորձություններն էին, որ պետք հաղթահարեր Նիկոլը... ըըըը... հեքիաթի հերոսը` մինչև հավքը գողանալը: Մի հետաքրքիր համընկնում էլ կար: Հեքիաթում թագավորի փոքր տղան անընդհատ շարժվում է դեպի արևելք: Ուշադրություն դարձրեք, որ հեքիաթը հայկական է, իսկ հայերից արևելք այսօր ապրում են ադրբեջանցիները: Հետևաբար Նիկոլը շարժվում էր դեպի արևելք, որ գողանա հազարան բլբուլն ու բերի Հայաստան:
Վերադարձին եղբայրները կրկին հանդիպում են ու ջրհորի մոտ տեղի է ունենում ամենավատ բանը: Ավագ եղբայրները Նիկոլին գցում են ջրհորը, որ հազարան բլբուլը իրենք բերեն Հայաստան ու թագավորի մոտ գլուխ գովեն: Դավաճանությունը, սակայն շատ արագ պարզվում է: Նիկոլը աղավնու փետուրի օգնությամբ շատ արագ դուրս է գալիս ջրհորից ու խրած հասնում պալատ: Ավելի վաղ պալատ էր հասել նաև հազարան հավքի տիրուհին և հարձուփորձ էր անում եղբայրներին, թե նրանք ի՞նչ են տեսել իր երկրում: Տեղ հասած Նիկոլն է միայն ճիշտ պատասխանում նրա հարցերին և հավքն այդտեղ սկսում է երգեեեեել:

Թե ինչպես հետո կասկածամիտ դատախազները մեկնաբանեցին Հազարան բլբուլի հեքիաթը, ես չիմացա: Ինձ չէին հրավիրել քննարկմանը: Ուստի կարող եմ միայն ենթադրել, որ Նիկոլը նրանց դրել է դժվարին կացության առաջ: Այդ հեքիաթում բավականին մութ պահեր կան, որոնք կարելի է տարբեր կերպ մեկնաբանել: Օրինակ` հավքի գողությունը, որ կատարում է գլխավոր հերոսը:Էն խեղճ տիրուհին քնած` սա մտնում է պալատ, անցնում այգի և այնտեղից թռցնում հազարան հավքը` ոսկի վանդակով: Սա լրիվ հոդված է, չէ՞: Իսկ մի՞թե հոդված չէ մի պատահական աղավնու փետուրի օգնությամբ ջրհորից, այն է` բանտից փախչելու փաստը: Մի խոսքով` հեքիաթ մի ասա, մի կրիմինալ պատմություն ասա:

Ավելի ուշ ես գլխավոր դատախազության կայքից իմացա, որ Արթուր Դավթյանն իր ամփոփիչ խոսքում դատախազներին հասկացրել է, որ նոր գլխավր դատախազի գալով նրանք հայտնվելու են թագավորի ավագ որդիների դերում: Թագավորը նրանց պատժում է ստախոսության համար, թեև նրանք կարողացել էին ճանապարհին բռնել և բանտարկել հավքի գողին` բռնագրավելով գողոնը: