Ծառուկյանի հայտարարությունն ու Փաշինյանի վախերը

Ծառուկյանի հայտարարությունն ու Փաշինյանի վախերը

ԲՀԿ քաղխորհրդի նիստին կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հայտարարությունն ալեկոծեց Փաշինյանին ու նրա կողքին մնացած մարդկանց՝ ընտանիքի անդամներ, աներձագ, իմքայլական պատգամավորներ: Իսկ ի՞նչ ասաց Ծառուկյանը, որ վերջիններս այդպես իրար խառնվեցին. ասաց այն, ինչը մտածում է ՀՀ յուրաքանչյուր սթափ մտածող քաղաքացի: Ասաց. «Այսօր մենք երկիր ենք կորցնում… ամեն օր, ամեն ժամ ի վնաս է աշխատում մեր ժողովրդին»։ Հիշեցնենք, որ 2018 թ․ իրադարձություններից հետո Ծառուկյանը կանգնեց Փաշինյանի կողքին, պատրաստ էր սատար կանգնել նրան, օգտակար լինել կառավարությանը թե՛ իր կադրերով, թե՛ կապերով: Բայց քաղաքական նարցիսիզմով տառապող Փաշինյանը չընդունեց այդ առաջարկը եւ, ինչպես շատերին, Ծառուկյանին նույնպես հեռու պահեց երկրի կառավարման համակարգից: Անգամ ԱԺ-ում ԲՀԿ-ականների կողմից հնչող խելամիտ առաջարկներն արժանանում էին իմքայլականների քննադատություններին: Իսկ թե երկիրն ինչ վիճակի է հասցրել Նիկոլն իր կադրերով ու «փորձառությամբ», տեսնում ենք բոլորս, տեսնում է նաեւ ինքը՝ Նիկոլը, եւ խոստովանում, որ մենք անցնում ենք դժոխքի միջով: 

«Այսօրվանից ես պատրաստ եմ ցանկացած առողջ քաղաքական ուժի, անհատի, ՀԿ ղեկավարի, այն անձանց հետ, որոնք մտահոգ են մեր երկրի ապագայի համար, հանդիպել, քննարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղղությունները։ Կապ չունի՝ կլինեն Արցախից, Սփյուռքից, Հայաստանից, այն մարդիկ, որոնք մտահոգ են այս երկրի ապագայի համար։ Մի բան էլ ասեմ՝ այն քաղաքական ուժը, անհատը, անձը, ՀԿ ղեկավարը, որն ընդունելի չէ ժողովրդի կողմից, մեր կողմից նույնպես ընդունելի չէ»,- ասաց Ծառուկյանը։ Այս հայտարարությունից Փաշինյանն արդեն վտանգներ զգաց: Նա լավ գիտի, թե երկրում ինչպիսի դժգոհության ալիք է հասունացել:
Ինչպեսեւ սպասվում էր, Ծառուկյանի հայտարարությանը հաջորդեցին իշխանության կողմից հնչած սպառնալիքները: Քանի որ այս իշխանության միակ «աշխատանքային գործիքը» քաղաքական շանտաժ-սպառնալիքն է, դրանք չուշացան: Գիշերն անքուն լուսացրին իմքայլական նորաթուխ ու անհայտ պատգամավորները, վարչապետի մամուլի խոսնակը եւ նրա գլխավոր պահապան աներձագն ու․․․ խոսեցին։ Աներձագը՝ խմբակային բռնաբարության մասին, խոսնակ Մանե Գեւորգյանը ֆեյսբուքյան էջում գրառում կատարեց. «Կարծում եմ՝ պարոն Ծառուկյանը պարզապես մտահոգված է մի շարք քրեական գործերի ընթացքով, որոնք վերաբերում են փողերի լվացմանը, ընտրակաշառք բաժանելուն, հարկերից խուսափելուն, կոռուպցիային: Եթե պարոն Ծառուկյանը կարծում է, որ իր քաղաքական հայտարարությունները կշեղեն քննության բնականոն ընթացքը, սխալ հաշվարկ է, որովհետեւ Հայաստանում բոլորը հավասար են օրենքի առաջ, նաեւ՝ ապօրինի ձեռք բերված գույքը բռնագանձելու մասին օրենքի առաջ, որով մտահոգվելու առիթ նույնպես պարոն Ծառուկյանը կարող է ունենալ»: 

Այն, որ իշխանական թեւը խուճապահար է, հաստատեց նաեւ վարչապետը, ով հաջորդ օրը «լայվ» մտավ՝ կրկին հագավ համաճարակաբան-բժշկի խալաթն ու սկսեց խոսել բժշկական ու համաճարակային թեմաներից: Նախ «ավետեց», որ այս տարի մահվան թվերն ավելի քիչ են, քան նախորդ տարի: Այսինքն, երկրում իրավիճակն ամենեւին էլ վատ չէ՝ ինչպես ներկայացնում է Ծառուկյանը: Իսկ, ընդհանուր առմամբ, թե ինչն էր առավոտ վաղ դեռեւս «վարակակիր» Փաշինյանին նստեցրել համակարգչի առջեւ, այդպես էլ անհասկանալի մնաց: Բայց նա խոսեց, խոսեց ու էլի խոսեց… Հոգեբաններն ասում են՝ եթե մարդը սթրեսի, վախի մեջ է, ապա պետք է շատ խոսի, խոսի իր վախերից եւ այլն: Փաշինյանը, նկատելիորեն, խոսելու կարիք ուներ՝ ուզում էր կապը պահել իրեն իշխանության բերած ժողովրդի հետ, նրան հիշեցնել, որ սիրում է, հպարտանում է նրանով, որ հպարտ քաղաքացին այս վճռական պահին չգնա Ծառուկյանի հետեւից, մինչեւ ինքը տեսնի, թե ինչ քրեական գործով է Ծառուկյանին առնում «փակի» տակ: Հաջորդ օրը հայտնի դարձավ, որ Փաշինյանն ուժեղացնում է կառավարական առանձնատան անվտանգությունը. սա նույնպես վախի նախանշան է: Այնուհետեւ փոփոխություններ կատարեց ուժային կառույցներում. դրանք «վտանգազերծեց» յուրայիններով: Սա նշանակում է, որ լուրջ ծրագրեր ունի դրանց հետ կապված…

Այն, որ Փաշինյանը կօգտագործի քաղաքական շանտաժի բոլոր թույլատրելի ու անթույլատրելի միջոցները, կասկած չկա: Իսկ այն, ինչ երեկ կատարվեց, դա անգերազանցելի էր. Փաշինյանի լրատվամիջոցում հրապարակվեց մի դատավճիռ, որը վերաբերում էր Գագիկ Ծառուկյանի անցյալին. Ծառուկյանը 23 տարեկանում՝ 1979թ․, դատապարտվել է 7 տարի ազատազրկման՝ խմբակային բռնաբարության մեղադրանքով։ Թե ինչ է տեղի ունեցել երիտասարդ Ծառուկյանի, նրա ընկերների եւ ռուս աղջիկների միջեւ, դժվար է իմանալ, սակայն նորանկախ Հայաստանի վճռաբեկ դատարանը 1995-97 թթ․ արդարացրել է նրան: Դատավորն էլ եղել է ՀՔԾ ներկայիս պետ Սասուն Խաչատրյանի հայրը՝ Մհեր Խաչատրյանը: Սա հարցի մի կողմն է: Մի կարեւոր հանգամանք եւս. այդ տարիներին, ոչ միայն Հայաստանում, այլեւ ԽՍՀՄ տարածքում չգրված օրենքներ ուներ «գողական» աշխարհը: Ըստ այդ օրենքների, բռնաբարող մարդը կալանավայրում ոչնչացվում էր թե՛ բարոյապես, թե՛ երբեմն՝ ֆիզիկապես: Նրան հանգիստ չէին տալիս նաեւ դուրս գալուց հետո, նա չէր կարող կայանալ ոչ մի ոլորտում, առավել եւս՝ սպորտում: Իսկ բիզնես զարգացնելու մասին խոսք լինել չէր կարող: Բռնաբարողի հետ ոչ ոք ընկերություն չէր անում: Բայց, ինչպես տեսնում ենք, Ծառուկյանը կայացել է թե՛ սպորտում, թե՛ գործարար դաշտում: Նա ունի ընկերական մեծ շրջապատ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում: Այդ ինչպե՞ս հանդուրժվեց նրա բռնաբարությունը «գողական» աշխարհի կողմից: Այստեղ հակասություն կա… 

Այնուամենայնիվ, եթե անգամ երիտասարդ տարիքում մարդն ինչ-որ սխալ է թույլ տվել, դրա համար կրել է իր պատիժը, իսկ հետո դատարանը նրան արդարացրել է, ի՞նչ կարիք կա մամուլով հրապարակել 41 տարի առաջ հրապարակված դատական դռնփակ նիստի նյութերը, ներկայացնել մանրամասներ՝ նկարագրելով «բռնաբարություն» երեւույթը… Փաշինյանի երեխաներն իրենց լրատվամիջոցը չե՞ն կարդում…Չէ՞ որ, երբ իշխանական նախարարի դատվածության մասին էինք գրել, իշխանությունն աղմուկ-աղաղակ բարձրացրեց, թե դա մարդու անձնական կյանքն է։ Սա էլ է մարդու անձնական կյանքը՝ 41 տարվա վաղեմության: 

Իսկ թե Ծառուկյանի հայտարարությունից հետո երկիրը մինչեւ ուր կտանի վախից անքուն մնացած Փաշինյանը, դեռեւս պարզ չէ: