«Հայությունն է մեղավոր»

«Հայությունն է մեղավոր, որ ցեղասպանվել է». սա թուրքահպատակ նարատիվ է՝ ՀՀ գործող իշխանության կողմից այսօր ընդունված: Ինչը մեղադրում է մեր ժողովրդի ազնիվ զավակներին, ովքեր իրենց կյանքն էին զոհում հանուն ժողովրդի: Ասվում է, որ եթե Թուրքիայի հայությունը մնար հպատակ՝ կոտորածներ չէին լինի: Բայց 1915 թվականից շուրջ երեք տասնամյակ առաջ հայ մեծանուն արձակագիր Րաֆֆին (1835-1888) բացահայտել էր կոտորածների իրական պատճառը՝ թեև հիմնական սպանդը հետո էր տեղի ունենալու: Օսմաններն, ըստ նրա, դուրս էին շպրտվում Եվրոպայից, և թուրքական ազգային պետություն ձևավորվելու միակ տարածքը մնում էր Փոքր Ասիան և այդ թվում՝ Անատոլիան: Ինչը նշանակում է, որ այդ տարածքների բնակիչները վաղ թե ուշ կա՛մ պետք է թրքացվեին և կա՛մ բնաջնջվեին: Կարծում եմ, որ այսօր դա գիտակցելու համար մեծ խելք և ծավալուն գիտելիքներ անհրաժեշտ չեն: Ուրիշ հարց, որ երբեմնի «դուխով» Նիկոլի ու նրա ենթականների մոտ առկա չէ դրա ընկալումը:
Գանք մեր օրերը: ԱԺ ՔՊ-ական երեսփոխան, պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Խաչատրյան Արմենի կարծիքով, Տեղ խոշորացված համայնքի մի շարք գյուղերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցները «ոչ թե գյուղերի ուղղությամբ, այլ հիմնականում անկանոն են, սակայն միջադեպեր ունենք… Կրակոցներն անհասցե են, ուղղված են երկինք, երևի»: Անիմաստ այդ պնդումից հետո զարմանալիորեն, բայց ստիպված (լրագրողի ճշտող հարցից հետո) տալիս է խելքը գլխին պատասխան: Այն է՝ «նպատակ ունեն ահաբեկել հայ բնակչությանը, լարվածության մեջ պահել, Հայաստանում օրակարգ ձևավորել»: Դրան ընդամենը կավելացնեի, որ, այսպես կոչված, անհասցե կրակոցներով թշնամին փորձում է ստիպել տեղի մարդկանց, որպեսզի վերջիններս թողնեն տունն ու տեղը ու արտագաղթեն: Ինչը, բնականաբար, Հայաստանը հայաթափելու ծրագրի մաս է: Իսկ Հայաստանի գործող իշխանությունն էլ փորձում է նման թշնամու հարևանությամբ մուրալով խաղաղություն հաստատել:
Իմաստուն մարդիկ ասում են, որ պատմությունն ունի, նախ, զարգացման պարույրաձև տեսք: Երկրորդ, այն կրկնվելու հատկանիշ ունի, բայց ավելի «բարձր» կամ մեկ այլ շրջապտույտում: Ինչը նշանակում է, որ եթե երկարաձգվի խաղաղություն մուրացող իշխանության գոյությունը, ապա դրանով հարվածի տակ կդրվի հայոց պետականության ճակատագիրը: Ճիշտ այնպես, ինչպես 100 տարի առաջ վերջակետ դրվեց Արևմտյան Հայաստանի, իսկ մեկուկես տարի առաջ՝ Արցախի գոյությանը: Իհարկե, կարելի է հույս ունենալ, որ դեռևս փոփոխվող աշխարհում կարող է այնպիսի իրադրություն ստեղծվել, որ արցախցիները վերադառնան իրենց բնակավայրերը: Ոչ որպես ադրբեջանահպատակներ, այլ ինչպես դա առկա էր նախքան Նիկոլի վարչապետությունը: Բայց դա, կրկնվեմ, չի կարող պատահել, եթե երկրի ղեկավարի պաշտոնում մնա երբեմնի խիստ «դուխով» անձը: Ինչ մնում է Արևմտյան Հայաստանին, ապա մեր հայրենիքի այդ մասի առումով նման հույս ունենալը կնշանակեր հրաշքի սպասում:
Ինչևէ, եթե մենք չկարողանանք ազատագրվել ժողովրդավարության «բաստիոնի և կամ փարոսի» իշխանությունից, ապա աշխարհով մեկ սփռված հայության հետագա սերունդները, ովքեր դեռևս պահպանած կլինեն իրենց ազգային դիմագիծը՝ լեզուն, հավատը, հայ լինելու զգացողությունը, լիիրավ իրավունք են ունենալու ասել, որ 21-րդ դարում պետականության կորստի պատճառը պետք է փնտրել հենց իրենց ապուպապերի անկյալության մեջ, ու դա կլինի ճշմարտություն: Ու որպեսզի դա տեղի չունենա ու մեր ժամանակակիցները չարժանանան անեծքների՝ անհրաժեշտ է բոլոր հնարավոր ու անհնար միջոցներով հրաժարական պարտադրել պարտության ու թուրքահպատակության խորհրդանիշ անձին:
Կարծիքներ