Թուրքիան «պայթեցնու՞մ է» տարածաշրջանը

Թուրքիան «պայթեցնու՞մ է» տարածաշրջանը

Երեկ թուրքական զինված ուժերի տասմեկ հազարանոց զորախումբ է մտել Նախիջան՝ մասնակցելու ադրբեջանական բանակի հետ համատեղ զորավարժությունների, որ կանցնեն նաեւ Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում եւ Եվլախում: Զորավարժություններին ներգրավված են նաեւ ռազմա-օդային ուժեր: Առայժմ հայտնի չէ, թե թուրքական օդուժն ինչպես է անցնելու Ադրբեջան: Ցամաքային ուժերի պարագայում, կարծես, պարզություն կա: Թուրքական զորախումբը Նախիջեւան է անցել Արաքսի վրա «Հույս» անունն ստացած կամրջով եւ, հավանաբար, բուն Ադրբեջան կհասցվի ռազմատրանսպորտային ինքնաթիռներով:

Բաքվից Նախիջեւան եւ հակառակ ուղղությամբ քաղաքացիական թռիչքներ իրականացվում են Իրանի օդային տարածքով: Բայց այս դեպքում խոսքը զինված ուժերի տեղափոխման մասին է: Կա՞ իրանական կողմի համաձայնությունը: Նախկինում Թուրքիան Ադրբեջան ռազմաօդային ուժեր հասցնելու համար օգտագործել է վրացական միջանցքը: Այս անգամ, երեւում է, Վրաստանը նման համաձայնություն չի տվել: Այլապես Թուրքիան ստիպված չէր լինի տասնմեկ հազարանոց զորախումբը նախ համահավաք անցկացնել Նախիջեւան, ապա ցրել Բաքու, Գյանջա, Քյուրդամիր եւ Եվլախ: Թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների մասին տեղեկատվությանը զուգահեռ՝ մամուլը գրում է Թուրքիայի երեք շրջաններում, որ Հայաստանին սահմանակից են, քրդական ուժերի դեմ պատժիչ գործողություններ սկսելու մասին: Այս առթիվ ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը, թերեւս թույլ տալով ավելորդ ոգեւորություն, գրում է, որ Թուրքիայի նպատակը Իգդիր-Նախիջեւանի սահման ռազմավարական նշանակության ճանապարհի «մաքրումն է քուրդ ահաբեկիչներից»:

Սա նշանակում է, որ լայնածավալ սրացման դեպքում քրդական զինված խմբավորումները կարող են վերահսկողության տակ առնել այդ ճանապարհը եւ Թուրքիային զրկել Նախիջեւան զորք եւ ռազմական տեխնիկա մտցնելու հնարավորությունից: Թուրք-ադրբեջանական զորավարժությունների համատեղումը Հայաստանի սահմանին հակաքրդական պատժիչ գործողություններին, անկասկած, ռազմա-քաղաքական ենթատեքստ ունի: Նախիջեւան զորքեր մտցնելուն զուգահեռ Թուրքիայի նախագահը երեկ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահի հետ եւ քննարկել հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակն ու ԼՂ կարգավորման հարցը: Թուրքիան սպառնում է «պայթեցնե՞լ» տարածաշրջանը: ԵԱՀԿ Մինսկի համանախագահները նոր իրավիճակին դեռեւս չեն արձագանքել: Բայց կարձագանքե՞ն: