Դիլիջանում մեկնարկել է Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը

Դիլիջանում մեկնարկել է Վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են օգոստոսի 6-7-ը, ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:

Նիստին մասնակցում են նախագահ Վահագն Խաչատուրյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Տնտեսական հեռանկարների կենտրոն-հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արթուր Ջավադյանը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական և ագրոարդյունաբերական համալիրի հարցերի նախարար Արտակ Քամալյանը, «Հայկական տնտեսագիտական միություն» հասարակական կազմակերպության նախագահ Գուրգեն Ասլանյանը, Եվրոպայի տնտեսական հետազոտությունների կենտրոնի անդամ Զարեհ Ասատրյանը, ԱՄՆ Կորնելիի համալսարանի պրոֆեսոր Լևոն Բարսեղյանը, ՌԴ տնտեսական դպրոցի պրոֆեսոր Ռուբեն Ենիկոլոպովը, Բարսելոնայի տնտեսագիտական դպրոցի պրոֆեսոր Վլադիմիր Ասրիյանը, Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի, ինչպես նաև տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների ներկայացուցիչները, էկոնոմիկայի, ֆինանսների և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարների տեղակալները, Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը, պաշտոնատար այլ անձինք։

Նիստի օրակարգի շրջանակում քննարկման առարկա են ՀՀ տնտեսական քաղաքականությանը՝ ընթացիկ իրավիճակին և կանխատեսվող զարգացումներին վերաբերող հարցեր: Նախատեսված են քննարկումներ ՀՀ կառավարության ծրագրի, մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականության, գյուղատնտեսության մրցունակության բարելավման, պարենային համակարգի զարգացման, և այլ թեմաների շուրջ:

Զեկույցներով են հանդես եկել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և ԿԲ Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնի ղեկավար Արմեն Նուրբեկյանը։

Վարչապետը նշել է, որ Կառավարության առաջնահերթ նպատակը մարդկային կապիտալի զարգացումն է, և այդ նպատակով արմատական բարեփոխումներ են իրականացվում կրթության ոլորտում։ Այս համատեքստում անդրադարձ է եղել Կառավարության՝ տնտեսության արտադրողականության բարձրացմանն ու տնտեսության մեջ գիտելիքի ձևավորմանն ուղղված ծրագրերին։

Վարչապետին կից տնտեսական խորհրդի նիստի աշխատանքները կշարունակվեն օգոստոսի 7-ին։