Ռուսները հարմարվել են պատերազմին եւ այն համարում են «սովորական բան»

Ռուսները հարմարվել են պատերազմին եւ այն համարում են «սովորական բան»

Սոցիոլոգիական ուսումնասիրությունները ցույց են տալիս (թե՛ արեւմտյան, թե՛ ռուսական), որ ռուսական հասարակությունը, ընդհանուր առմամբ, հարմարվել է ռուս-ուկրաինական պատերազմի հետ՝ որպես իրականության։ Հասարակության մի հատվածը պարզապես «հոսանքի հետ է գնում», մյուս մասը փորձում է պլանավորել իր կյանքը նոր իրականության պայմաններում։ «Լեւադա» կենտրոնի սոցհարցումները ցույց են տվել, որ ռուսների 66 տոկոսն իր վաղվա օրվա հանդեպ ունի վստահություն։ Վստահություն չունի հարցվածների 32 տոկոսը։ Ընդ որում, վաղվա օրվա հետ կապված տագնապներ ունեն հատկապես չքավոր խավերի ներկայացուցիչներն ու թոշակառուները։ Հասարակության 55 տոկոսը Ռուսաստանի ապագայի համար հանգիստ է, 40 տոկոսն ունի որոշակի մտավախություններ։

Մտահոգություններն ու տագնապներն ուժեղանում են հատկապես բարձր ինֆլյացիայի պայմաններում։ Ռուսաստանի ապագայի հանդեպ հանգիստ են երիտասարդները, ապահովված խավերի ներկայացուցիչները, Մոսկվայի բնակիչները։ Բացի այդ, ռուսների 5 տոկոսը կարողանում է իր կյանքը պլանավորել երկարաժամկետ, 11 տոկոսը՝ առաջիկա 5-6 տարվա կտրվածքով։ 34 տոկոսը սեփական կյանքը կարողանում է պլանավորել միայն առաջիկա կես տարվա կտրվածքով։ 43 տոկոսը դժվարանում է պատասխանել, թե իր հետ ինչ կլինի կես տարի հետո։

Հատկապես ռեգիոնների ու ոչ մեծ բնակավայրերի բնակչությունը երկարաժամկետ պլանավորում իրականացնել չի կարող։ Տագնապներն ուժեղանում են մարդկանց պարտքերի մեծ բեռի, ինչպես նաեւ ֆինանսական անվտանգության «բարձիկների» բացակայության պատճառով։ Մարդկանց մոտ ավելի շուտ ակտիվ սպառողական տրամադրություններ են, քան խնայողություններ անելու։ Դա պայմանավորված է ընթացիկ ֆինանսատնտեսական դրությամբ, որում գտնվում է ՌԴ-ն հիմա։ Ռուսների 37 տոկոսը հայտարարում է, որ ապրում է ինչպես առաջ, այսինքն՝ մինչեւ պատերազմը։ 16 տոկոսը կարողացել է օգտվել ընձեռված հնարավորությունից եւ բարելավել կյանքը։ 22 տոկոսն ասում է, որ ստիպված է պարզապես «յոլա գնալ» եւ օգտվել ամենափոքր շանսից նույնիսկ, որպեսզի կարողանա իր եւ հարազատների քիչ թե շատ տանելի կյանքն ապահովել։ 16 տոկոսն է միայն հայտարարում, որ ստիպված է եղել պատերազմի սկսմամբ փոխել իր սովորական կյանքն ու կենցաղը։ 6 տոկոսը որեւէ կերպ չի կարողանում հարմարվել ներկայիս իրողություններին։ Ռուսների մեծ մասի վրա պատերազմն ազդել է նրանով, որ նվազել է բարեկեցության մակարդակը, եւ ստիպված են նորմալ կյանք ունենալու համար ավելի շատ աշխատել։ Ամեն դեպքում, ինչպես նկատում են մասնագետները, հասարակությունը Ռուսաստանում պատերազմը սկսել է դիտարկել որպես սովորական իրականություն, իսկ խաղաղության ցանկությունը թեեւ առկա է մեծամասնության մոտ, սակայն ավելի շատ ֆոն ապահովելու համար է, քան հրամայական առաջնահերթություն։