Ինչո՞ւ եւ ո՞ւմ պարտվեց Ազատագրական շարժումը
Բնության մեջ, առհասարակ, ամեն ինչ շարժվում է: Այս մասին կարդացել եմ թոռնիկիս 7-րդ դասարանի ֆիզիկայի դասագրքում: Շարժվում է անգամ սեղանի նկատմամբ հարաբերական դադարի վիճակում գտնվող բաժակը, եթե այն դիտում ենք ոչ թե սեղանի «աչքերով», այլ Լուսնից կամ Մարսից: Մի խոսքով՝ շարժումն անդադար պրոցես է, որի վրա էլ, հավանաբար, հիմնված է ամեն ինչ՝ այդ թվում եւ կյանքը:
Շարժումները լինում են մեծ, հզոր եւ փոքր, անգամ՝ աննշան: Տերեւի շարժվելն էլ շարժում է, Հայոց համազգային շարժումն էլ: Եթե ֆիզիկայի դասագրքին նայենք, թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ դեպքում ֆիզիկայի նույն օրենքներն են գործում, սակայն, երբ խոսքը մարդու կամ կենդանու շարժման հետագծի մասին է, պահանջվում են նաեւ այլ ուժեր, օրինակ՝ ինտելեկտի ուժը, բնազդը, ցավի զգացողությունը, ապագայի պատկերացումը եւ այլն: Երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը տեսավ, որ ՀՀՇ-ն շարժելու համար այլեւս ոչինչ չի մնացել, ստեղծեց բոլորովին այլ բան՝ Հայ ազգային կոնգրեսը, որպեսզի նորովի շարժվեն: Անվանափոխություն տեղի ունեցավ նաեւ երջանկահիշատակ ՕԵԿ-ի հետ, որին, սակայն, դա էլ չօգնեց:
Դե, իսկ ամենաթարմ դեպքն էլ, բոլորդ եք հիշում, երբ Նիկոլը, տեսնելով, որ «Ելք» չկա, խմբակցության անունը դրեց «Քաղպայմանագիր»: Փոխեց, որովհետեւ հասկանում էր, որ շարժումը ենթադրում է որեւէ ելք, իսկ իր պարագայում այդ ելքը չկար, պետք էր այնպիսի շարժում մեջտեղ բերել, որի դեպքում կարեւորը շարժումն էր՝ թեկուզ աննպատակ, թեկուզ տնաքանդ, թեկուզ… չթվարկեմ, միայն թե ինքը հարաբերական դադարի մեջ գտնվի վարչապետի աթոռի նկատմամբ: Հայտարարում էր, որ հաղթում ենք, բայց բանից պարզվեց, որ գնում ենք դեպի կապիտուլյացիա: Սրանք միանգամայն տարբեր բնույթի շարժումներ են, որոնք հրահրում է նույն մարդը, որ, մի կողմից, միասնության մասին է խոսում, մյուս կողմից՝ հանրությանը տեսակների է բաժանել, մինչեւ վերջին վիճակագրական քաղաքացին: Ոչխար պահեք՝ սա է Նիկոլ Փաշինյանի տնտեսական գիտելիքների շեմը, մինչդեռ նա հասարակ տնտեսվարող չէ, այլ՝ վարչապետ:
Ինչի՞ համար էր այս ընդարձակ առաջաբանը: Որպեսզի սկսնակ շարժում անողներն էս գլխից իմանան, որ իրենք, եթե ոչինչ էլ չանեն, միեւնույն է, գտնվում են շարժման մեջ, եթե դա դիտենք Լուսնից կամ Մարսից: Իսկ եթե ինտելեկտը կամ շարժման ուղղություն փոխող մյուս ազդակներն են նրանց դրդում ինչ-որ շարժում անելու, ապա պետք է ընդամենը ուսումնասիրեն նախընթաց շարժումների պատմությունը եւ հասկանան, որ նոր շարժում հռչակելը դեռ փաստ չէ, որ ինչ-որ բան կշարժվի հարաբերական դադարի վիճակից:
Այսու կուզենայի երկու խոսք ասել ամենաթարմ շարժման՝ «Ազատագրականի» մասին, որ համակարգող խմբի անդամներն անվանեցին ապաքաղաքական շարժում: Արթնացիր, հայ մարդ, մենք հայրենիք ենք կորցնում, արի հրապարակ՝ արդյո՞ք սա ապաքաղաքական կոչ է: Ես չէի ասի: Իսկ եթե շատ եք պնդում, ապա իմացեք, որ ես տանը զարթուցիչ ունեմ, որն ինձ ամեն օր արթնացնում է առավոտյան 06:15-ին, հեռախոսս էլ ինձ հուշում է, թե ում հետ հանդիպում ունեմ, ուր եմ գնալու եւ կամ՝ որ դեղն եմ խմելու: Ինչ վերաբերում է հայրենիք կորցնելուն, ապա այսօր ո՞վ չգիտի, որ ելքը Նիկոլին հեռացնելն է: Կարո՞ղ է Ազատագրական շարժման համակարգող խմբից մեկնումեկը Նիկոլին հեռացնելու ապաքաղաքական ճանապարհ հուշել ինձ: Շատ շնորհակալ կլինեմ: Ինչո՞ւ չթողեցիք մի ապաքաղաքական ելույթ ունենամ ձեր «հանրահավաքին»: Երեք օր իրար վրա եկա հրապարակ, ու հերթս այդպես էլ չհասավ: Ով ասես՝ չճամարտակեց ձեր հարթակից, ողբ չասաց «կորսվող» հայրենիքի ու հայրենիքը ազատագրելու անհրաժեշտության մասին: Մի պարզ հարց տամ՝ ումի՞ց: Նիկոլի՞ց էր պետք ազատագրել հայրենիքը: Նիկոլը քաղաքական ճանապարհով (վերապահումներս չհաշված) ընտրված վարչապետ է, իր «թմով», ուսապարկերով եւ մնացած պրիբամբասներով: Նիկոլը Պուտինի հետ է տալիս-առնում, դե ազատագրեք ինձ նրանից, այն էլ՝ ապաքաղաքական ճանապարհով: Կստացվի՞: Ես խիստ կասկածում եմ: Եվ, ուրեմն, Նիկոլից ազատագրվելու համար ժողովրդին ոչ թե կազմակերպված ձեւով ապաքաղաքականացնել է պետք, այլ քաղաքականապես կազմակերպել:
Օրերս Ազատագրական շարժման համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանն իր հարցազրույցում շատ տգեղ ձեւով առաջ էր մղել այն միտքը, որը, իմ կարծիքով, սպառիչ եւ վերջնական գնահատական ստացավ ԱԺ-ում՝ սահմանազատման եւ սահմանագծման թեմայով «Հայաստան» խմբակցության կազմակերպած լսումների ժամանակ: Իշխան Սաղաթելյանը, եթե հիշում եք, Ազատագրական շարժման ներկայացուցիչներին առաջարկել էր կողմնորոշվել՝ ի՞նչ են ուզում շարժման համակարգողները, առհասարակ. «Պարոն Հոխիկյան, դուք կարիք չունեք մեզ համոզելու, համախմբելու կոչ անելու: Մենք արդեն համախմբված ենք: Պարզապես դուք մի հատ կողմնորոշվեք՝ ի՞նչ եք ուզում, ինչպե՞ս եք ուզում, մենք պատրաստ ենք: Կուսակցականներին հրավիրում եք՝ ասում եք՝ ապակուսակցական է, երբեմն ասում եք՝ ապաքաղաքական է: Մենք, բոլորիս անունից ասում եմ, ձեր պայքարի, ընդհանրապես, այս չարիքի կառավարության դեմ պայքարող ցանկացած առողջ ուժի կողքին ենք: Եթե կոնկրետ առաջարկներ ունեք՝ առաջարկեք: Մենք պատրաստ ենք այսօր հենց մեր ֆրակցիայով գալ, մասնակցել: Դուք պատրա՞ստ եք դրան: Եվ՝ կգանք: Այսինքն, կարիք չկա տպավորություն ստեղծելու, թե մենք կուսակցական խաղեր ենք տալիս ու չենք մասնակցում ինչ-որ շարժման կամ այս իշխանությունների դեմ պայքարին»:
Հոխիկյանն արձագանքել էր. «Յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ խորհրդարանական, թե արտախորհրդարանական, եթե պատրաստ է, առանց իր առաջին դեմքերին հատուկ ներկայացնելու, փիառելու՝ գա եւ մտնի այս շարժման մեջ, որպես ազգային շարժում…»: Հոխիկյանի վերջին բառերին՝ «ազգային շարժում», Իշխան Սաղաթելյանը հակադարձել էր. «Այսինքն, դուք մեր շարքերին եք ուզում, բայց ոչ ղեկավարներին: Ո՞նց հասկանանք: Կա՛մ միասին գալիս ենք, կանգնում ենք եւ պայքարում ենք՝ նախկին, հին, նոր չկա, կա՛մ հասկացեք՝ ի՞նչ եք ուզում: Այսինքն, շարքերը թող գան, մեզ օգնեն, բայց ղեկավարները չգան, որովհետեւ նրանք նախկի՞ն են»:
Սովորաբար այսպիսի կամ սրանից ավելի վատ վերջաբան են ունենում չհաշվարկված, չկշռադատված, երբեմն նույնիսկ ինքնաբուխ շարժումները, երբ դրանց ղեկավարներին թվում է, որ «ապաքաղաքական» շարժումների վրա վատ են ազդում քաղաքական ուժերը: Մինչդեռ քաղաքագիտությունից հայտնի է, որ ապաքաղաքական շարժումները շարունակություն են ունենում՝ վերածվելով քաղաքական շարժումի ու պայքարի: Դու չես կարող անվերջ ապաքաղաքական պահանջներ դնել ու հաջողել: Նույն Հոխիկյանին կառաջարկեի մի ապաքաղաքական շարժում էլ օլիգարխների դեմ սկսել, որոնցից ինքը շատ է բողոքում: Կարգախոսն էլ հուշեմ. «Արթնացիր, հայ մարդ, օլիգարխները մեզ ուտում են»: Վստահ եմ՝ չի համաձայնի, բայց ահա Հոխիկյանը դեմ չէ օլիգարխներին օգտագործելով, նրանց մասին բաներ պատմելով՝ խոսք բացել իշխանափոխության եւ Հայաստանի ազատագրության մասին: Այսինքն, խոսել երկու հստակ քաղաքական պահանջի մասին, որ հնարավոր չէ իրագործել առանց քաղաքական պայքարի:
Ավարտեմ Էջմիածնով: Ապաքաղաքական ազատագրական շարժման համակարգող խմբի անդամները շատ ճիշտ որոշում կայացրին՝ գնալ Էջմիածին եւ հայրենասիրական բարձր նոտայի վրա ավարտել շարժումը: Րաֆֆի Հովհաննիսյանին հիշեցի, որ Վլադիմիր Գասպարյանի թեւն ընկած՝ քայլեց Ծիծեռնակաբերդ եւ հաշտվեց Սերժ Սարգսյանի հաղթանակի հետ: Սրբավայրերը բարերար ազդեցություն են ունենում նման դեպքերում: Բայց մի հարց մնում է՝ ո՞ւմ պարտվեց Ազատագրական շարժումը: Միայն թե չասեք՝ Նիկոլին ու ՀՀ իշխանություններին: Շարժումը պարտվեց ինքն իրեն՝ իր հայտարարություններին, իր վարքագծին, իր ղեկավարներին, իր իսկ հռչակած հեռանկարին, որն անիրագործելի էր առանց քաղաքական հստակ պահանջների: Ոչինչ, պատահում է: Այն մի քանի օրերը, որոնց ընթացքում հազարավոր մարդիկ, տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ եկան հրապարակ, իրենց մի կաթիլ ներդրումն ունեցան այս իշխանությունների դեմ պայքարում: Առնվազն նրանց պաշտպանող կամ արդարացնող որեւէ խոսք չհնչեց Ազատագրական շարժման հավաքներում, մի բան, որ արդեն լավ է:
Կարծիքներ