Գյուղի «նահանջող դրոշը» ու ՔՊ-ական միակ տղամարդու պահանջը 

Գյուղի «նահանջող դրոշը» ու ՔՊ-ական միակ տղամարդու պահանջը 

Մամուլում շրջանառվում է այն թեման, որ Ներքին Խնձորեսկում բոլոր տղամարդիկ դատվում են։ Գյուղում ապրում է 36 ընտանիք ու այդ 36-ից 34 ընտանիքի տղամարդիկ այսօր ամբաստանյալի կարգավիճակ ունեն։ Սեփական համագյուղացիներին դատի է տվել Ներքին Խնձորեսկի նախկին գյուղապետ Մարտուն Արզանյանը։ Հարկ է նշել, որ նա «Սերժ մերժողներից է» Ներքին Խնձորեսկի միակ ՔՊ-ականը, ու մեծ հույսեր է կապում այս իշխանության հետ։ Նախկին գյուղապետը, տարիների ընթացքում հասցնում է կեղծ, ապօրինի աճուրդներով, որոնցից գյուղացիները տեղյակ չեն եղել, իր մերձավորների անուններով սեփականաշնորհել գյուղի ամբողջ 474 հեկտար վարելահողը։ Համառ պայքարից հետո գյուղացիներին հաջողվում է 200 հեկտարը պոկել Մարտուն Արզանյանի ձեռքից, իսկ կեղծ աճուրդներով յուրացված 274 հեկտարը, ըստ գյուղացիների, շարունակում է մնալ Մարտունի կլանի տիրապետության տակ։ Այսօր Գորիսի դատարանում քննվելու է գործը։ Գյուղացիները մեղադրվում են ինքնիրավչության եւ բռնություն գործադրելու մեջ։
Ծիծաղելի թվացող այս փաստը ողբերգություն է։ Ողբերգություն ոչ թե այն բանի, որ մարդը օգտագործելով պետական լծակները զավթել է հեկտարներով հողը, այլ անվտանգության առումով։

Նշենք, որ դեռևս 2021 թվականից է գրվում, խոսվում, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղում հայկական դիրքերը «նահանջել են»՝ ադրբեջանական կողմին թողնելով շուրջ 15 հեկտար հողատարածք։ Գյուղի բնակիչների խոսքով՝ որևէ մեկն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ հողերն իրենցն են։ Շատերդ երևի մոռացել եք, որ դեռ 2021 թվականի փետրվարին մամուլն աղմկում էր, որ Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի մոտակայքում ադրբեջանցիների զինվորականները վրաններ էին  տեղադրել ու սպասում էին, որ հայկական կողմն ազատի տեղանքը։ Ադրբեջանական կողմը երեք ժամ էր տվել, որպեսզի հայկական հենակետը հանվի ու հետ տարվի։ Նաև գրում էին, որ գյուղի պայմանագրային զինծառայողները վերջին օրերին որոշ դիրքեր հանձնում են ադրբեջանական կողմին։ «Դրոշը վերցրած պիտի առաջ գնայինք, բայց նահանջում ենք դրոշով», - զայրացած անընդհատ դրոշն են տեղափոխում։ - «Ջիպիէսով ցույց ա տալի տարածքը իրանցն ա, պըտի ազատենք․․․»։

Մինչև այս պատերազմը Ներքին Խնձորեսկը ադրբեջանական սահմանից 130 կիլոմետրի վրա էր։ Լաչինն ու Կուբաթլուն հանձնելուց հետո գյուղը բառացիորեն ադրբեջանցիների բռի մեջ է։ Հենակետը անընդհատ հետ տեղափոխող պայմանագրայինններն ասում էին՝ այն, ինչ վերջին օրերին են զիջում, հայկական հողեր են, Ներքին Խնձորեսկի ցորենի արտերն ու արոտավայրերն են։ Խնձորեսկում շատերն են զրկվել եկամտի աղբյուրից․ անասուններին արոտավայր չեն կարող տանել, արտերը ադրբեջանական կողմի աչքի առաջ են։ 

Թուրքի բռում հայտնված Ներքին Խնձորեսկի համար գյուղապետի զավթած հողատարածքներն այսօր գյուղացու համար ոչ միայն ապրուստի միջոց են, այլ անվտանգության։ Եթե գյուղացին է տեր կանգնում հողին, իր հողը պաշտպանելու է, տեր է կանգնելու իր հողին, բայց եթե դատարանն այդ հողատարածքները գյուղապետի սեփականությունը համարեց, այդ հողն էլ «ընծայվելու է ադրբեջանցուն»։ Հիշեցման կարգով ասեմ, որ Ներքին Խնձորեցկում ապրում է  36 տուն, դպրոցն ու մանկապարտեզը փակման եզրին են։ Այս պարագայում պատկերացրեք, նախկին գյուղապետի զավթած հողերը ի՜նչ ընծա կարող է լինել Ադրբեջանի համար։ Սկզբից հողն է զավթել, հիմա ողջ գյուղի տղամարդկանց օրենքի ուժով է ուզում դատել տա։ 

․․․Այն դեպքում, երբ մի փոքր ճամպրուկի մեջ երկու հաց գնես, թշնամին դիրքից տեսնում է։