Նոր դարաշրջանի ուրվապատկերն է գծվում

Աշխարհը, իհարկե, լսել էր նեոլիբերալիզմի եւ նեոկոնսերվատիզմի մասին։ Բայց հիմա կարծես թե թեւակոխում ենք նեոիմպերիալիզմի դարաշրջան՝ գրում է Financial Times-ը։ Հոդվածում նշվում է, որ Դոնալդ Թրամփի՝ անցյալ ամիս տեղի ունեցած երդմնակալության ճառում կար մի հատված, երբ նա հայտարարեց․ հարկ է, որ ԱՄՆ-ն սկսի իրեն վերստին դիտարկել որպես երկիր, որն ավելացնում է իր հարստությունն ու ընդարձակում տարածքը։ Ու ոմանց հույսերն առ այն, որ նման հռետորաբանությունը հռետորաբանություն էլ կմնա` արագ հանգան, քանի որ Միացյալ Նահանգների նախագահը չափից դուրս հաճախ եւ վստահ է խոսում այն տարածքների մասին, որոնք, իր կարծիքով, պետք է պատկանեն Ամերիկային` Գրենլանդիան, Պանամայի ջրանցքը, իսկ Կանադան պետք է դառնա ԱՄՆ 51-րդ նահանգը։ Անցյալ շաբաթ էլ հայտարարել է Գազայի սեկտորի հանդեպ ամերիկյան հավակնությունների մասին։ Տարածքային նման հավակնությունները նույնիսկ նրա կողմնակիցների մոտ են շփոթմունք առաջացրել։ Սակայն Թրամփի այս նվաճողականությունը բացառություն չէ։
Աշխարհի մյուս լիդերներն էլ՝ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը, դիտարկում են իրենց երկրների տարածքային ընդարձակումը որպես ազգային նպատակ։ Ռուսաստանում պաշտոնական շրջանակները հաճախ են արդարացնում ռուս-ուկրաինական հակամարտությունն ազգային անվտանգության հարցերով։ Սակայն Պուտինը հայտարարում է ուղիղ, որ Ուկրաինան ոչ թե ինքնություն ունեցող երկիր է, այլ «ռուսական աշխարհի մի մասը»։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մի անգամ ասել է, որ ուկրաինական պատերազմը սկսելուց առաջ Պուտինը 3 պատմական դեմքերի խորհուրդներին է հետեւել՝ Իվան Ահեղի, Պետրոս Մեծի եւ Եկատերինա 2-րդի։ Նա փորձում է պատմության մեջ մնալ որպես մարդ, որը վերականգնել է Ռուսաստանի վերահսկողությունը կայսրության տարածքների հանդեպ եւ չի բացառել, որ կշարունակի արեւմտյան ուղղությամբ առաջ շարժվել։
Չինաստանի նախագահ Սի Ծինփինն էլ Թայվանն է հայտարարել չինական ազգային ճակատագրի եւ պատմական ժառանգության առանցքային էլեմենտ։ Իր հայտարարություններից մեկում նա ուղղակի ասում է, որ Թայվանը Չինաստանի սրբազան տարածքի մի մասն է, եւ վերամիավորման հարցը չի կարող փոխանցվել մի սերնդից մյուսին։ Եթե նրան հաջողվի Թայվանը վերադարձնել Չինաստանի կազմ, ապա դա կդառնա նրա գլխավոր պատմական ձեռքբերումը, եւ նա կհավասարվի Մաո Ձզեդունին` ՉԺՀ հիմնադիրին։
Ընդ որում, տարածքային նվաճումների հանդեպ Թրամփի հետաքրքրությունը դրսեւորվել է վերջերս։ Նրա թիմը փորձում է Գրենլանդիայի, Պանամայի եւ Գազայի վերաբերյալ նրա հայտարարությունները բերել ողջամտության դաշտ։ Ինչպեսեւ Պուտինի դեպքում, առաջին հարցը, որն այս համատեքստում դառնում է լուրջ փաստարկ, ազգային անվտանգությունն է։ Գրենլանդիան հարուստ է արժեքավոր օգտակար հանածոներով, Պանամայում աճում է Չինաստանի ազդեցությունը։ Իսկ Գազայի կամ Կանադայի հանդեպ հավակնությունները բացատրելն ավելի բարդ է։ Ու եթե Կանադայի կամ Գազայի սեկտորի մասով Թրամփի հավակնությունների իրականացումը քիչ հավանական են, ապա Դանիան ու Պանաման շատ ավելի խոցելի են։ Եթե Միացյալ Նահանգները որոշի ուժ կիրառել, թե՛ Դանիան եւ թե՛ Պանաման, բնականաբար, չեն կարողանա դիմակայել։
Այս ամենի արդյունքում կարող ենք արձանագրել, որ ԱՄՆ-ն, Ռուսաստանն ու Չինաստանը գծում են նոր դարաշրջանի ու նոր աշխարհի ուրվապատկերը, որը կարելի է անվանել նեոիմպերիալիզմի դարաշրջան։ Այն աչքի կընկնի եղած միջազգային համակարգի վերջնական կործանմամբ, որտեղ փոքր երկրները չեն կարողանա ապավինել միջազգային իրավունքի պաշտպանությանը։ ԱՄՆ-ն տիրապետող կդառնա արեւմտյան կիսագնդում, Ռուսաստանը՝ Արեւելյան Եվրոպայում, Չինաստանը՝ Արեւելյան Ասիայում։ Պատմությունը նման նախադեպեր ունեցել է։ Այսպես. 1884-85 թթ․ տեղի ունեցած բեռլինյան կոնֆերանսում մեծ երկրները կիսեցին Աֆրիկան։ Նման գործարքները, սակայն, լինում են քիչ արդյունավետ եւ նվազ կայուն։ Դրանց հետեւանքով է, որ, մեծ հաշվով, տեղի ունեցան երկու աշխարհամարտերը։ Բացի այդ, կայսրապետական գաղափարախոսություններում անհրաժեշտ է ուժեղ լիդերի կերպար, որի շուրջ կձեւավորվի անձի պաշտամունք։ Ինչպես նաեւ՝ ավելի ու ավելի նկատելի են դառնում տարատեսակ ներքին ռեպրեսիաները, ժողովրդավարությունից հրաժարումը։ Պուտինն ու Ծինփինն արդեն այդ ճանապարհով գնացել են, Թրամփը կարծես նոր է ոտք դրել այդ ճանապարհին։
Կարծիքներ