Երեւանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել․ տնօրենը մանրամասներ է հայտնում

Երեւանի հյուրանոցներից մեկում Թուրքիայի քաղաքացի է ձերբակալվել․ տնօրենը մանրամասներ է հայտնում

Երեւանի «Լոնդոն» հյուրանոցում մարտի 11-ի լուսադեմին Թուրքիայի քաղաքացի Թուրքիայի քաղաքացի 41-ամյա Ալի Ասլանը ալկոհոլի ազդեցության տակ վիրավորել է հյուրանոցի աշխատակցին, դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկաններ եւ ձերբակալել նրան։

Հյուրանոցի տնօրեն Գեւորգ Բարսեղյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում պատմեց, որ այդ անձը հյուրանոցում մնացել է 24 ժամ, եկել է մարտի 10-ի լուսադեմին։ 

«Ալկոհոլի ազդեցության տակ վիրավորել է մեր աշխատակցին։ Խմած է եղել, ոչ ադեկվատ է պահել իրեն։ Մենք անմիջապես ոստիկանություն ենք կանչել, ձերբակալել են նրան, երեք օր պահել են բաժնում։ Երեք օր հետո եկավ, իրերը վերցրեց գնաց։ Հետո պարզեցին, որ երկքաղաքացի է, երկու անձնագիր ունի՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի, ազգությամբ ռուս է։ Վերջում էլ նա մեղայական հայացքով ներողություն է խնդրել ինձնից ու աշխատակազմից։ Կարծում եմ՝ հաջորդ անգամ կամ կշրջանցի Հայաստանը, կամ տասնապատիկ զսպվածություն կցուցաբերի հայերի հետ շփումներում։ Ինձ համար արժանապատվության հարց է, երբ հատկապես Թուրքիայի քաղաքացին վիրավորում է իմ թիմակցին։ Ամեն ինչ ճիշտ եմ արել, արդյունքներից բավարարված եմ»,-ասաց տնօրենը։

«Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Հայհոյանքներ հնչեցնող անձը եղել է երկքաղաքացի»,- ասացին Քննչական կոմիտեից: