Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք

 Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք

«էսօր ռուսական լոուքոստեր, բայց իրականում ոչ էդքան լոուքոստ աշխատող «Պոբեդա» ավիաընկերությունը ազդարարել է ձմեռային սեզոնից իր թռիչքների դադարեցման մասին:

Պատճառաբանումը, իբր ավիավառելիքի թերլիցքավորումը, համոզված եմ, հիմնավորված չի:

Կարող եմ եզրակացնել մինիմում երեք տարբերակ`

1. Ավիացիոն շուկայում գաղտնիքները երկար չեն մնում որպես գաղտնիք: Եվ ինչ որ ճանապարհով նրանց հասած RyanAir-ի սուբսիդավորման պահանջներից հետևություն են արել, որ իրենք էլ կարող են պահանջել:

2. Որոշել են իրենք էլ օգտվեն Դեպի Երևան թռիչքներ կատարելու առաջարկներից: Ու «պատահաբար» էդ ցանկությունը համընկավ «Արմենիա» ավիաընկերության դեպի Մոսկվա թռիչքները սկսելու հե՞տ:

3. Ի՞նչ իմաստ ունի ձմեռվա ցածր սեզոնին էժան գներով տոմս վաճառել, երբ գարնան խոպանի սեզոնին նորից կարող են բացվել ու անել իրենց ալաֆը: Իրենց թվում է, որ իրենց փոխարինող չկա:

Կան էլի բազմաթիվ հիմնավորումներ: Բայց դրանց մասին քիչ ուշ:

Նավթի թերլիցքավորումը չի կարող պատճառ հանդիսանալ: 
Նախ` բացի նրանցից ոչ ոք դրա մասին տեղեկություն չի հաղորդել: Ւսկ իրենք բազմաթիվ շնորհակալագրեր են շռայլել «Շիրակ» օդանավակայանին սպասարկման որակի վերաբերյալ: 
Հետո` նրանք Գյումրիյում լիցքավորել են ընդամենը մոտ 3 տոննա նավթ: Էդ ինչքա՞ն պիտի իրենց խաբեին ստանդարտներին համապատասխանող սարքավորումները, որ էդքան զգալի լիներ ազդեցությունը:

Այ սա է օտար ընկերությունների վրա հույս դրած ապրելը: 
Էս իրավիճակը զգայուն ազդակ է մեր ընկերությունների մուտքը սեփական շուկա ապահովելու և նրանց պոբեդաների հետ մրցակցության անօրինական մեթոդներից պաշտպանելու համար:

Մնացածը, համոզված եմ, բացատրելու կարիք չկա:

Հայաստանը պետք դառնա ավիացիոն փոխադրումներ կատարող ինքնաբավ երկիր: Եվ ոչ 5 կամ 10 տարի հետո:

Մեր շուկայի կարգավորման միակ գրավականը հայկական ավիաընկերություններն են»,-գրել է ՀՀ վարչապետի խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Հիշեցնենք,որ «Պոբեդա» լոուքոսթերը հայտարարել է, թե  ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները,քանի որ  Գյումրիում   վառելանյութի թերլիցքավորում է արվում: