Փաշինյան Նիկոլի երազանքը

Փաշինյան Նիկոլի երազանքը

Ինչպես արդեն հաղորդվել է, Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի վերջին նիստում որոշվել է պահպանել կառավարման խորհրդարանական ձևը: Դրան ի պատասխան ընդամենը արձանագրենք, որ հանձնաժողովը պետք է կատարեր այնպիսի որոշում, ինչպիսին ստացել էր ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կողմից: Հենց այդ տեսակետից էլ մեկ-երկու անգամ անդադարձել եմ այդ հարցին: Վերլուծել եմ, թե կառավարման որ ձևն է համապատասխանում Փաշինյան Նիկոլի երազանքին: Իսկ այդ երազանքը վաղուց է ներկայացվել հայաստանյան հասարակությանը. պաշտոնավարել մինչև 2050 թվականը: Ինչը նշանակում է, որ երազանքի տիրոջը թվում է, թե ինքն ապրելու և ղեկավարելու է երկիրը մինչև իր 75-ամյակը: Կարող էր ավելի մեծ ժամանակահատված ընտրել, քանի որ մարդ արարածի երազելու հնարավորությունը ոչնչով սահմանափակված չէ: Հատկապես, եթե դա տեղի է ունենում վերջինիս կարիերայի բարձրակետին:

Բայց դե կլոր թվականները մարդկանց գրավելու հատկանիշ ունեն՝ ինչպես տվյալ դեպքում՝ 2050 թվական և 75-ամյակ: Այդ հարցում կարող էին այլ գործոններ ևս դեր խաղալ՝ բավարար աշխատունակության կորստի հավանականություն, ժառանգական շարունակականության ապահովման խնդիր և այլն: Մնում է, որ հայաստանյան հասարակության գրագետ, խելացի ու հայրենասեր հատվածը՝ ընդդիմության առաջնորդությամբ, կայացնի սեփական որոշումը և ճշգրտումներ մտցնի 75-ամյա հոբելյանի անցկացման վայրի առումով: 
Այժմ անցնենք հանձնաժողովի որոշման առարկայական քննարկմանը:

Ըստ լրատվամիջոցների, հանձնաժողովական Դանիել Իոաննիսյանը («Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող) ներկայացրել է որոշմանը կողմ քվեարկելու հիմնավորումները. «Խորհրդարանական կառավարման մոդելը ավելի քիչ է հակված ճգնաժամերի ու ավելի է նպաստում դրանց ժողովրդավարական ու խաղաղ լուծմանը (1), ի տարբերություն նախագահականի (ու կիսանախագահականի), խորհրդարանական մոդելում գործադիր ու օրենսդիր ճյուղերը ձևավորվում են նույն ընտրություններով, և գործնականում բացառվում է օրենսդիր ու գործադիր ճյուղերի առճակատումը (2), Հայաստանն ի վիճակի չէ կառավարման մոդել փոխել, քանի որ դա մեծ սթրես կլինի պետական կառավարման համակարգի համար (3)»: Ենթադրում եմ, որ մնացած հանձնաժողովականները կրկնել են այս հիմնավորումները, քանի որ լրատվականները նրանց չեն անդրադարձել: Կամ էլ ընդհանրապես հիմնավորում չեն ներկայացրել: Որոշմանն արձագանքած ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով ԼՀԿ-ն եվրոպական մոդելի պետության ջատագով ուժ է, քանի որ «խորհրդարանական կառավարումը կարող է մեր պարագայում լավ օրինակ լինել ժողովրդավարության իմաստով ներառական կառավարման համակարգ ունենալու իմաստով»: Մեջբերված միտքը մի քիչ խուճուճ ձևակերպում ունի, բայց ընկալելի է:

Այժմ անցնենք հիմնավորումների քննարկմանը: Առաջինի առումով ասեմ, որ դա Դանիելի մերժած նախկիններից հենց Սերժ Սարգսյանի և նրա ղեկավարած կուսակցության հիմնավորումն էր՝ երբ որոշում կայացվեց կիսանախագահականից անցում կատարել խորհրդարանական կառավարմանը: Եվ կարծես թե ցույց տվեց իր հիմնավորվածությունը 2018 թվականի ապրիլ-մայիսին: Սակայն ապրիլյան իրադարձությունների ավելի խորը վերլուծության դեպքում հասկանալի է դառնում, որ անցնցում իշխանափոխությունը պայմանավորված էր ոչ թե կառավարման ձևով, այլ երկրի ղեկավարի անձով: Եվ եթե 2018-ին Հայաստանն ունենար ավելի կոշտ ղեկավար, ապա քայլարածներն իշխանության փոխարեն  «հանգիստ կվայելեին» այլ վայրում՝ շարժման բնույթին շատ ավելի համապատասխան: Բացի դրանից, 2018-ի ապրիլին գործում էր դեռևս կիսանախագահական կառավարման տրամաբանությունը: Այնպես, որ ապրիլյան ճգնաժամի խաղաղ լուծման բանալին առկա չէր այդ մոդելում:

Երկրորդ հիմնավորումը՝ երբ բացառվում է օրենսդիր ու գործադիր ճյուղերի առճակատումը, ևս Սերժինն էր ու հանրապետականինը: Այս հարցում ևս Դանիելն ինքնատիպ չէ: Սակայն առճակատման բացակայությունը Հայաստանի նման երկրներում հանգեցնում է ընդհանրապես ժողովրդավարության ամենակարևոր սկզբունքներից մեկի՝ իշխանության ճյուղերի հակակշիռների ու փոխզսպումների համակարգի վերացմանը: Եվ գործադիրի ղեկավարի ձեռքում ողջ իշխանության կենտրոնացմանը: Ինչը մենք տեսնում ենք այսօր: Դրա հետևանքուվ վերանում է նաև դատական համակարգի անկախությունը, ինչը ևս առկա է այսօր, և երկիրն անցում է կատարում ոչ թե ժողովրդավարությանը, այլ բռնատիրությանը: Այն, ինչ տեսնում ենք մեր երկրում Նիկոլի օրոք: 
Ինչ մնում է երրորդ հիմնավորմանը, ապա խիստ դժվար է այն որպես հիմնավորում որակելը: Քանի որ սթրեսակայունությունը, որքան տեղյակ եմ, համապատասխան գրականության մեջ որպես պետական կառավարման համակարգի հատկանիշ չի դիտարկվում: Այնպես, որ պետական կառավարման համակարգի համար մեծ սթրես կլինի ոչ թե մոդելի փոփոխությունը, այլ գործող մոդելով Փաշինյան Նիկոլի անձնական իշխանության հարատևումը: Վախենամ, որ մի օր էլ կարթնանանք ու կտեսնենք, որ նրա իշխանությունը դեռևս առկա է, սակայ արդեն գոյություն չունի պետությունը: Այնպես, որ այդ ճակատագրից խուսափելու համար անհրաժեշտ է հնարավորինս արագ երկիրն ազատել այդ անձի իշխանությունից: Իսկ հետո անցնել ավելի լուրջ քննարկմանը, թե ինչպիսի մոդել է համապատասխանում այսօրվաց մեր իրականության պայմաններում:

Ինչ մնում է մարուքյանական ներառականությանը և եվրոպական մոդելի պետություն ունենալուն, ապա առաջինը Նիկոլի օրոք գոյություն չունի և չի կարող ունենալ տեսականորեն: Երկրորդն էլ ԵԱՏՄ-ի ՀԱՊԿ-ի պայմաններում ուղղակի անհեթեթ տարբերակ է՝ դրա մասին հենց ես եմ բազմիցս խոսել: Իսկ Նիկոլը, որքան հասկանում եմ, մտադրություն չունի դուրս գալ ռուսական ազդեցության գոտուց՝ բավարարվելով ընդամենը դժգոհություն արտահայտելով: Ասեմ նաև, որ հանձնաժողովում հավաքված երիտասարդները խորհրդարանական կառավարման պայմաններում ցանկանում են Սահմանադրության մեջ ներառել ՀՀ նախագահի՝ համապետական ընտրություն անցկացնելու դրույթը: Միաժամանակ, ինչ-որ անլուրջ մեկ-երկու լիազորություն տալով հետը: Երևի ցանկանում են եվրոպացիններին աչքին թոզ փչել, թե իրենք վերացնում են սուպերվարչապետական համակարգը, որ ձևվել էր Սերժ Սարգսյանի համար՝ չնայած օգտվում է նրան մերժողը: Բայց դա, բնականաբար, իմիտացիայից այն կողմ չի գնալու: