Մյուս ընդդիմադիր քաղաքապետերին էլ պիտի ասե՞ք՝ գործարքի մեջ եք ՔՊ-ի հետ․ «ՀԱՍԿ»-ի ղեկավար
Վանաձորում քաղաքական նոր զարգացումներ են սպասվում։ «ՀԱՍԿ» կուսակցության քաղաքապետի թեկնածու Արկադի Փելեշյանի՝ Ակայի գլխին սեւ ամպեր են կուտակվել։ Չնայած նրան քաղաքապետի ԺՊ նշանակել է Նիկոլ Փաշինյանը, բայց ավագանու ՔՊ-ական անդամները դժգոհ են եւ ուզում են Ակային հեռացնել պաշտոնից։ Իրավիճակն ավելի է սրվել Մամիկոն Ասլանյանի ազատության մեջ գտնվելուց հետո։ Երեկ Վանաձորի ավագանու անդամները դատարանից ծանուցում են ստացել՝ առ այն, որ «ՀԱՍԿ»-ը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան՝ պատճառաբանելով, թե որպես երրորդ կողմ պատշաճ ծանուցված չի եղել «Լուսավոր Հայաստան կուսակցությունն ընդդեմ Վանաձորի ավագանու» դատական նիստերի մասին։ Դատարանը վարույթ է ընդունել բողոքը, նիստի օր է նշանակել 2025 թ․հունիսի 26-ին։ Այսինքն, Վանաձորի քաղաքապետի ԺՊ-ն փորձում է կանխել իր պաշտոնաթողությունը եւ երկարացնել պաշտոնավարումը։ Այս առիթով զրուցել են «ՀԱՍԿ»-ի ղեկավար Մովսես Շահվերդյանի հետ։
-Պարոն Շահվերդյան, ինչու՞ որոշեցիք վերաքննիչ բողոք ներկայացնել մի դատական գործի վերաբերյալ, որն առնչություն չունի Ձեր կուսակցության շահերի հետ, կարծիք կա, որ իշխանությունների հետ հերթական անգամ գործարքի եք գնացել՝ փորձելով կանխել Փաշինյանի կողմից քաղաքապետ նշանակված Փելեշյանի պաշտոնաթողությունն ու նոր քաղաքապետի ընտրությունը։
-Տասնյակից ավելի դատական նիստեր են եղել, մենք չենք իմացել, սակայն հանդիսացել ենք երրորդ կողմ, մեզ բանի տեղ չեն դրել։
-Լավ, դատարանի կայացրած վճռի մեջ ի՞նչը Ձեզ չի բավարարել, այլ կերպ ասած ի՞նչ շահ ունեք, որ բողոքարկել եք, այն դեպքում երբ Էդմոն Մարուքյանը մինչեւ վերջին ատյան գնացել է։
-Դուք երեւի դատական վճռին ծանոթ չեք, դրա համար եք այսպիսի հարցեր տալիս։ Առհասարակ էդ գործընթացն ինձ համար անհասկանալի էր։ 2,5 տարի տեւեց դատական պրոցեսները, ես այդպես էլ որեւէ դատի ներկա չեմ եղել, որ հարցնեմ, թե էդ ի՞նչ վճիռ ու որոշումներ են կայացվել։ Բայց ամեն որոշման մեջ մեր կուսակցությունը նշվել է, որպես երրրորդ կողմ։ Այդ պատճառով էլ մենք բողոքարկել են, որ հասկանան, թե այդ ինչպես է, որ մեր կուսակցությունը երրորդ կողմ է, ու մենք ոչ մի նիստի ներկա չենք եղել։
-Այս 2,5 տարվա ընթացքում մի անգամ չեք դիմել դատարան, որ հասկանաք, թե ինչու եք երրորդ կողմ ու չեք ծանուցվում։ Փաստորեն համբերատար սպասել եք, որ Էդմոն Մարուքյանը բոլոր ատյաններով անցնի, հետո ձեր կուսակցությունը նոր բողոքարկի, այլ կերպ ասած՝ ժամանակ եք ձգել՝ քաղաքական նկատառումներից ելնելով։
-Հասկանում եք, դատարանը մեզ պիտի գոնե մի անգամ ծանուցեր, որ մենք իմանայինք, մասնակցեինք։ Մեզ ընդամենը որոշումներ են ուղարկել։ Ես մեր իրավաբանների հետ խորհրդակցեցի, հասկացանք, որ դատարան կարող էի դիմել միայն այն դեպքում, որ գործընթացն ավարտվեր։ Դատարանը կարող էր մեզ մերժել, բայց չի մերժել։ Սա դատական մասով։ Իսկ քաղաքական առումով ասեմ, որ Վանաձորի ավագանիում խճճված վիճակ է։ Ես չեմ հասկանում, թե երբ պիտի լինի ավագանու նիստը, քաղաքապետ պիտի ընտրվի, թե ոչ։ Մենք չգիտենք, թե ում դիմենք, բոլոր դեպքերում դիմել ենք դատարան։
-Դուք ուզու՞մ եք, որ քաղաքապետի նոր ընտրություն լինի։
-Դե մենք չենք դա որոշողը, բայց չգիտենք էլ, թե որոշողը ոնց է որոշելու։
-Բայց օրենքը թու՞յլ է տալիս, որ քաղաքապետը 2,5 տարի կառավարի քաղաքը ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով։
-Այո, բայց հիմա մենք չգիտենք՝ ավագանին պիտի քաղաքապետ ընտրի, թե նոր ընտրություններ լինի։
-Չնայած, որ Նիկոլ Փաշինյանն է Ձեր թիմակցին նշանակել քաղաքապետի ժ/պ, սակայն մենք տեղեկություն ունենք, որ ՔՊ-ական ավագանու անդամները դժգոհ են նրանից, եւ օր առաջ ուզում են ազատվել, ի՞նչ է կատարվում։
-Այդ հարցը Դուք մի կարծեք, թե մենակ Ձեզ է հետաքրքրում, ինձ էլ է հետաքրքրում իմիջիայլոց։ Ես որպես կուսակցության նախագահ բնակվում եմ Երեւանում եւ անմիջական մասնակցություն չունեմ, ներքին խոհանոցից տեղյակ չեմ։ Թե ոնց այս իրավիճակը կհանգուցալուծվի, չգիտեմ։ Հիշում եք, որ կանչեցին Փելեշյանին, առաջարկեցին քաղաքապետի պաշտոնը, մենք էլ ընդունել ենք։ Մեկ է, մենք մասնակցել ենք քաղաքապետի ընտրություններին, որ հաղթենք ու մեր թեկնածուն դառնա քաղաքապետ։ Չենք հաղթել, բայց եթե առաջարկ է եղել, մենք դեմ չենք եղել, մեր ծրագրերն իրականացնելու հնարավորություն ենք ստացել։
-Ձեր կուսակցությունն ի վերջո իշխանական դիրքերի՞ց եք հանդես գալիս, թե՞ ընդդիմադիր։
-Մենք ոնց կարող ենք իշխանական դիրքերից հանդես գալ։ Դուք երեւի ինձ չեք ճանաչում։
-Ի՞նչ կապ ունի անձնապես ճանաչում եմ, թե ոչ, երբ Նիկոլ Փաշինյանը Ձեր թիմակցին քաղաքապետ է նշանակեց, արդյո՞ք ընդունելով Փաշինյանի առաջարկը, ձեր թիմակիցը իշխանությունների հետ գործարքի մեջ չի մտել, փաստացի մտել է։
-Հետաքրքիր հարցադրումներ եք անում։ Տեսեք, ՏԻՄ ընտրություններին մասնակցում են իշխանամետ եւ ընդդիմադիր կուսակցություններ։ Որոշ համայնքներում ընդդիմադիրները հասնում են հաջողության, անգամ համայնքապետեր են ունենում։ Մյուս ընդդիմադիր համայնքապետերին պիտի ասեք՝ համագործակցու՞մ եք իշխանությունների հետ։
-Ոչ, քանի որ մյուս համայնքապետերն ընտրվել են ՏԻՄ ընտրությունների արդյունքում, ժողովուրդն է նրանց ընտրել, իսկ Ձեր թիմակից Արկադի Փելեշյանին նշանակել է Նիկոլ Փաշինյանը։
-Իհարկե, մենք ավելի շատ կուզեինք, որ ավագանին ընտրեր Փելեշյանին քաղաքապետ, բայց այս դեպքում հիմա այդպես է ստացվել։ Ամեն դեպքում մեր նպատակը վանաձորցիների համար լավ գործեր անելն է, ոչ թե իշխանություններին դուր գալը։
Կարծիքներ