Թանգարանների այցելիությունն աճել է ավելի քան 31 տոկոսով

Թանգարանների այցելիությունն աճել է ավելի քան 31 տոկոսով

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր թանգարանների այցելությունների թվին՝ մասնավորապես նշելով, որ եթե 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարաններն ունեցել են 463 հազար 908 այցելու, ապա այս տարվա առաջին կիսամյակում՝ 607 հազար 797։ «Այսպիսով, 2019 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի թանգարանների այցելիությունն աճել է շուրջ 31 տոկոսով»,- նկատել է վարչապետը:

Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը նկատում է՝ թեպետ իրենք թանգարան են 10 տոկոսով, մնացած մասով գործում են առավելապես որպես գիտական, արխիվային հիմնարկ, այդուհանդերձ, 31 տոկոսից ավելի արդյունք են գրանցել․ «Մեր աշխուժությունը բերեց նրան, որ շատ-շատ են մարդիկ գալիս, եւ նախորդ տարիների հետ համեմատ 50 տոկոս եւ ավելի աճ ունենք»։
Այցելությունների այդ աճն արձանագրվել է թե՛ կրթական ծրագրերի, թե՛ ներդրված աբոնեմենտային համակարգի արդյունքում։ «Ամեն ինչն էլ իր դերը խաղացել է, հետո՝ բոլոր հեռուստաընկերությունների հետ համագործակցում ենք, մի շարք հաղորդումներ նկարահանվում են մեր թանգարանում։

Մեր կրթական ծրագրերն էլ են նպաստում դրան, նաեւ տուրիզմի գործոնը կա, որովհետեւ բոլոր տուրիստական ընկերություններին կարողացել ենք բացատրել, որ այս թանգարանում ցանկացած երկրի ժողովուրդ իրեն հետաքրքրող ամեն ինչ կարող է տեսնել»,- ասում է Կարո Վարդանյանն ու հավելում, որ ԳԱԹ-ի հիմնական այցելուների կատեգորիան այցելում է թանգարան՝ ուսումնասիրություններ կատարելու համար, բայց վերջին տարիներին քիչ չեն նաեւ այն մարդիկ, ովքեր գալիս են ցուցադրությունները դիտելու։ Այցելուների ճնշող մեծամասնությունը հիմնականում հանրակրթական դպրոցներն են ու արվեստի բուհերի ուսանողները։   

Վարդանյանը հիշում է՝ 2011-ին, երբ ստանձնել է թանգարանի տնօրինությունը, ԳԱԹ-ի արտաբյուջեն 1 մլն է եղել, հիմա հասցրել են 12 մլն-ի։ «Հաշվի առեք նաեւ այն, որ 6 շենք ենք պահում, թանգարանն ունի 6 մասնաճյուղ, որից 4-ը մարզերում են։ Շենք պահելը կարող եք երեւակայել, թե ինչ ծախսերի հետ է կապված։ Հետո՝ պետությունը լիարժեք չի հոգում հոսանքի, ջրի եւ այլ կոմունալ ծախսերը, մնացյալը մենք հոգում ենք արտաբյուջեի հաշվին։ Իսկ փոքրիկ պարգեւատրումների միջոցով փորձում ենք խրախուսել այն մասնագետներին, ովքեր այցելուներ են ներգրավում թանգարան, բայց դրանք սիմվոլիկ գումարներ են»,- ասում է տնօրենն ու հավելում, որ արտաբյուջեի մի մասն էլ ուղղվում է աշխատավարձերին, ֆոնդերի պահպանմանը։

Այս տարի առաջին կիսամյակում ԳԱԹ-ն ունեցել է մոտ 2 հազար 2 հարյուր այցելու՝ վճարովի հիմունքներով, որը նախորդ տարվա հազար այցելուի դիմաց կրկնակի անգամ ավելի է։ Ինչ վերաբերում է անվճար այցելություններին, ապա դրանք շատ են, միայն «Թանգարանային գիշեր» միջոցառման ընթացքում մեկ օրում այցելել է 5-6 հազար այցելու․ «Իսկ ընդհանրապես, հիմնական մեր այցելուն գալիս է մեր թանգարանի արխիվներն ուսումնասիրելու, որն իրականացնում ենք անվճար հիմունքներով»։

Հ․ Թումանյանի թանգարանի տնօրեն Անի Եղիազարյանի դիտարկմամբ՝ այս տարվա առաջին կիսամյակի այցելությունները նախորդ տարվա համեմատ մոտ 40 տոկոսով աճել են․ «Այսինքն՝ եթե նախորդ տարի այս շրջանում մենք ունեինք մոտ 26 հազար եւ ավելի այցելու, ապա այս տարի նույն ժամանակահատվածում 40 հազար եւ ավելի այցելու ենք ունեցել»։ Բնական է, որ այս տարվա այցելությունների հոսքի մի մասը պայմանավորված է Թումանյանի 150 ամյակով․ «Այցելությունների մասով հստակ չեմ կարող ասել՝ աբոնեմենտային ծրագիրն է՞լ է խթանել այդ աճին, թե՞ պայմանավորված է տարվա յուրահատկությամբ»։ Ինչ վերաբերում է կրթական ծրագրերին, ապա դրանք պարբերաբար թարմացվում են, լինում են նաեւ առանձնահատուկ ցուցադրություններ։

«Թանգարանի արտաբյուջեն, իհարկե, ուղղվում է թանգարանի կարիքներին եւ թանգարանում իրականացվող նախաձեռնություններին, միջոցառումներին, նաեւ հրատարակչական աշխատանքներին, որ շատ մեծ ծավալով իրականացնում է Թումանյանի թանգարանը։ Հետո՝ հիմա ընդհանուր համակարգն այնպիսին է, որ թե՛ պետական բյուջեն, թե՛ թանգարանի արտաբյուջեն միավորվում եւ դառնում է մեկ ընդհանուր բյուջե՝ ի նպաստ թանգարանի գործունեության»։

Այցելուների գերակշիռ մեծամասնությունը տեղացիներն են, բայց համեմատության մեջ Անի Եղիազարյանն ընդգծում է, որ այս տարի զբոսաշրջիկները բավականին ակտիվ են եղել, եւ հուլիս-օգոստոս ամիսներին նրանց քանակը բավականին շատ է եղել․ «Խոսքը միայն օտար զբոսաշրջիկների մասին չէ, այլ նաեւ սփյուռքահայերի մասին, որ այս տարի ամռան ամիսներին աննախադեպ շատ են եղել»։