Չի կարող Հայաստանի ղեկավարն ասել, որ ադրբեջանական համայնքը հավասար է Արցախի Հանրապետությանը

Չի կարող Հայաստանի ղեկավարն ասել, որ ադրբեջանական համայնքը հավասար է Արցախի Հանրապետությանը

Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի խոստումն իրականություն դառնալու փոխարեն իշխող թիմից հիմա էլ հայտարարություններ են հնչում Ղարաբաղի ադրբեջանական համայնքի՝ բանակցային սեղան վերադառնալու մասին։ Մի քանի օր է՝ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հայտարարությունը, թե վարչապետ Փաշինյանը դեմ չէ, որ արցախյան բանակցություններում Ալիեւի հետ ներկա լինեն նաեւ Արցախի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները, մեծ աժիոտաժ է առաջացրել քաղաքական շրջանակներում։

Իգիթյանի կարծիքով՝ հիմա բանակցային գործընթացում կարեւոր է այն սկզբունքային մոտեցումը, որ Արցախը պետք է լինի բանակցային սեղանի կողմ: Նա հիշեցրել է, որ նախկինում ԵԱՀԿ-ն կողմնորոշվել էր, որ բանակցություններին պետք է մասնակցեն երեք կողմերը՝ Հայաստանը, Ադրբեջանը եւ Արցախը: Հայկական կողմն էլ միշտ խոչընդոտում էր «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» անվան տակ հանդես եկող մարդկանց ներկայությունը։ Սակայն հիմա Հայաստանի դիրքորոշումն այլ է։

Նախկին իշխանություններն ահազանգում են՝ իրենք տարիներ շարունակ պայքարել են, որ այդ համայնքը հետ չվերադարձվի, մինչդեռ ներկայիս իշխանությունը բացահայտ հայտարարում է իր համաձայնության մասին։ Արցախի նախագահի խոսնակ, աշխատակազմի ղեկավար Դավիթ Բաբայանը, սակայն, հորդորում է խուճապի չմատնվել եւ նախ պարզել, թե ինչ կարգավիճակով մասնակցությանն է կողմ պաշտոնական Երեւանը։ «Ադրբեջանական կողմը նախկինում իրենց պատվիրակության կազմում միշտ էլ ներառում էր այդ, այսպես կոչված, համայնքի ներկայացուցիչներին։ Խնդիրն այն է, որ չի կարելի նրանց դիտարկել առանձին կողմ, հատկապես, որ Արցախի «ադրբեջանական համայնք» հասկացությունը ֆիկտիվ հասկացություն է,- ասաց Բաբայանը՝ բացատրելով։- Դա հասարակական կազմակերպություն է, որոնց ներկայացուցիչները կտրված են իրենց լուռ փախստականներից, միլիարդատերեր են, միլիոնատերեր, լավ կյանք են ապրում։ Հիմա, եթե Ադրբեջանն ուզում է, որպեսզի իր հետ նաեւ այդ համայնքի ներկայացուցիչները նստեն բանակցային սեղանի շուրջ, այսինքն՝ իրենց պաշտոնական պատվիրակության կազմում ընդգրկեն այդ կազմակերպությունից մարդկանց, դա իր գործն է, բայց որպես լիիրավ կողմ, առավել եւս՝ Արցախի հետ հավասար, այն չի կարող լինել եւ անընդունելի է»։

Պաշտոնական Ստեփանակերտը պարզաբանում չի պահանջել Երեւանից՝ վարչապետի անունից պատգամավորի հայտարարության վերաբերյալ՝ արդյոք այդ համայնքը լինելու է բանակցայի՞ն կողմ, թե՞ ադրբեջանական պատվիրակության կազմում։ Փոխարենը Դավիթ Բաբայանը վստահ է, որ նրանք լինելու են պատվիրակության անդամներ․ «Մենք իմաստ չենք գտնում՝ պարզաբանում ստանալ, որովհետեւ պարզ է, թե ինչ նկատի ունեն։ Որովհետեւ չի կարող Հայաստանի ղեկավարն ասել, որ ադրբեջանական համայնք կոչեցյալը հավասար է Արցախի Հանրապետությանը»։
Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների ազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Մանվել Սարգսյանի կարծիքով՝ ՀՀ իշխանություններն այս հարցի վերաբերյալ պետք է հստակ դիրքորոշում հայտնեն, որպեսզի հասկանալի լինի՝ այդ համայնքը կո՞ղմ է լինելու, թե՞ պարզապես Ադրբեջանի պատվիրակության անդամ։ «Որովհետեւ Իգիթյանի խոսքից հասկացվում է, որ այդ համայնքից մարդիկ կարող են գալ-նստել Ադրբեջանի պատվիրակության կազմում։ Իսկ նման բան եղել է,- ասաց Սարգսյանը՝ հիշեցնելով։- Մինսկի խումբն իր գործունեությունն այդպես սկսեց, երբ 1992 թվականին ուներ այդ մանդատը, սակայն արդեն իսկ հետպատերազմական բանակցություններում՝ սկսած 1994 թվականի մայիսի 12-ից, երբ ստորագրվեց, որ այդ բանակցությունները եռակողմ են դառնում, ԵԱՀԿ-ն հստակ ձեւակերպեց, թե կողմերն ովքեր են, նրանք էլ չմասնակցեցին»։

Քաղաքագետը հիշեցրեց, որ մինչ այդ 1994 թվականին ինքը՝ որպես Ղարաբաղի պատվիրակության ղեկավար, մասնակցել է բանակցություններին, որին Ադրբեջանի կազմում ներկա է գտնվել նաեւ «ադրբեջանական համայնքի» ղեկավարը․ «Ինքն իր համար նստած էր, եւ որեւէ կերպ մեծ բան չէր փոխվում։ Միջազգային տարբեր ֆորումներին էլ էին ներկայանում, մեկը՝ թե ես Շուշիի քաղաքապետն եմ, մյուսը՝ սա եմ»։

Սարգսյանի համոզմամբ՝ ադրբեջանական կողմն այս թեզն առաջ է քաշում այն խոսակցությունների համատեքստում, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա։ Այդուհանդերձ, նրա խոսքով, թե՛ Արցախի, թե՛ ադրբեջանական համայնքի վերադարձը բանակցային սեղանի շուրջ անհեռատես է թվում՝ հաշվի առնելով Բրատիսլավայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդած հաղորդագրությունները, որով փաստացի վերջինս հայտարարել է, թե բանակցություններով առաջարկված տարբերակները, այդ թվում՝ Մադրիդյան սկզբունքները, անընդունելի են իրենց համար: Նա խոսել է տարածքային ամբողջականության սկզբունքի, հայկական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղի շրջանից դուրս բերելու, ադրբեջանական բնակչության՝ այնտեղ վերադառնալու մասին՝ անվտանգության անհրաժեշտ միջոցների պահպանմամբ։ «Ադրբեջանն ընդհանրապես հրաժարվում է խաղի եղած կանոններից, եւ որ Ադրբեջանի սահմանադրությամբ է որոշվելու, փուլային տարբերակով, էլ ինչի՞ մասին է խոսքը»,- ասում է Մանվել Սարգսյանը։