Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք. Դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողները դիմում են Նիկոլ Փաշինյանին

Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք. Դաժանաբար սպանված Իոսիֆ Աղաջանովի ծնողները դիմում են Նիկոլ Փաշինյանին

1996-ին Երևանի պետական բժշկական համալսարանի՝ դաժանաբար սպանված ուսանող Իոսիֆ Աղաջանովի հայրը՝ Միխայիլ Աղաջանովը, բաց նամակ է գրել ուղղված Հայաստանի Հանրապետության նախագահ  Արմեն Սարգսյանին և Հանրապետության վարչապետի պաշտոնակատար  Նիկոլ Փաշինյանին.

«Մեծարգո պարոնայք, մենք տեղեկացել ենք, որ արդարադատության նախարարարի գլխավորությամբ գործող ներման հանձնաժողովն օրերս դրական եզրակացություն է տվել մարդասպան Մհեր Ենոքյանի ներման հարցին: Սա աննախադեպ և անթույլատրելի երևույթ է` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ հանձնաժողովը իր վրա կրել է ճնշումներ Մհեր Ենոքյանի կնոջ՝ Զարուհի Մեժլումյանի կողմից (նրանք պաշտոնապես ամուսնացել են 2013թվականին)։

Փաստացի ստեղծվել է իրավիճակ,որ, Զարուհի Մեժլումյանը, լինելով ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի լրատվական ծառայության ղեկավարը, օգտագործում է իր պաշտոնական լծակները` ցանկալի արդյունքին հասնելու համար: Այս տարիների ընթացքում ներկայացնելով կեղծ տեղեկատվություն այն մասին, որ իբր Մհեր Ենոքյանը անմեղ է՝ սույն տիկինն արդարության շղարշի ներքո փաստացի պայքար է ծավալել ընդհամենն իր կողակցին տուն վերադարձնելու համար:

Մենք խնդրում և հորդորում ենք ձեր իրավասության տակ գտնվող այս հարցին տալ արդարացի լուծում: Այդ լուծմանը հանգելու համար ձեզ կօգնի այն տեսանյութը, որը մենք այսօր ուղարկել ենք: Խնդրում ենք դիտել այդ տեսանյութը՝ չնայած նրան, որ այն դաժան եւ մարդկային ներաշխարհը տակնուվրա անող տեսանյութ է: Խնդրում ենք որոշում կայացնել Ձեր խղճի մտոք։
Հարգանքով`
Ծնողներ՝
Միխայիլ Աղաջանով
Նելլի Ահարոնովա
Քույր՝Ելենա Աղաջանովա»:

Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ տեղեկություններ են տարածվում, որ շուտով ազատ կարձակվի ցմահ ազատազրկման ենթարկված Մհեր Ենոքյանը։ Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ արդեն ներման հանձնաժողովը՝ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի գլխավորությամբ, դրական եզրակացություն է տվել Մհեր Ենոքյանին ներում շնորհելու նախագծին, և օրերս նրան ներում կշնորհվի։

Մհեր Ենոքյանը 1996-ին նոյեմբերի 29-ին դատապարտվել է մահապատժի՝ համակուրսեցի Իոսիֆ Աղաջանովին սպանելու համար։ Ըստ դատավճռի՝ հանցագործությունը Ենոքյանը կատարել է ընկերոջ՝ գյուղատնտեսական ինստիտուտի ուսանող Արամ Հարությունյանի հետ, որի տանը դաժանաբար սպանել են Իոսիֆ Աղաջանովին: Այնուհետեւ մահապատիժը փոխվել է ցմահ ազատազրկման։